Էկեք մեր գյուղը միացրեք՝ հոգսերից ազատվենք...

04/11/2019 17:21
Էկեք մեր գյուղը միացրեք՝ հոգսերից ազատվենք...

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչները անհամբեր սպասում են համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի իրականացմանը։ Ըստ տեղացիների, իրենց համայնքը տեղական իշխանությունների կողմից մատնված է անտարբերության, մոտ երեք տարի գործող համայնքապետ Գրիշա Կարապետյանը, իր ղեկավարման տարիներին գյուղը ավելի անմխիթար վիճակում է հասցրել, Ծաղկաշենի բնակիչներից շատերը արդեն լքել են գյուղը։
-Էդ խոշորացումը, որ շուտ լինի գոնե կպրծնենք էս անօգնական վիճակից։ Երեք տարի է մեր գյուղի փողոցներում ոչ մի բարեկարգում կամ փոսալցում չի եղել։ Ավագանիներից մեկը հովիվ է, մեկը մեխանիզատոր, ամեն մեկն իր դարդ ու ցավով, ինչ թուղթ դեմ տան առանց կարդալ ստորագրում են։ Գյուղապետ ընտրեցինք, որ գործ անի, ոչ թե իր բարեկամներին, ընկերներին ու կուսակցական ընկերներին դարձնի գյուղի ասողներ։ Թող մի հատ գան ստուգումներ անեն, տեսնեն էս գյուղի մարդիկ ինչ ձեւով են ապրում, հեղափոխություն արեցինք, բա էդ ստուգումները մեր Ծաղկաշենին չէր վերաբերվո՞ւմ։ Մարզպետարանից, նախարարությունից ոչ մեկը չի եկել գյուղ ժողովրդի վիճակը հարցնի։

Երեք օրը մեկ ենք խմելու ջուր ունենք ստանում, ամսական էլ 1000 դրամ են հավաքում, բայց ջուրը կաթիլներով են  օգտագործում։ Գյուղը զիբիլի մեջ կորած է, աղբը մնում է նեխում, հողերը ծախել են իրենք իրար մեջ արել, գյուղի ֆերմերները գյուղապետի ընկեր ու բարեկամներն են նպաստառու դարձել,  գյուղապետարանը  պետության հաշվին  ապրողներն են ղեկավարում։ Գյուղում իբրեւ լուսավորություն են քաշել, օրը 30 վայրկյան վառվի թե չվառվի։ Գյուղապետարանի աշխատողներից կան նպաստ ստացողներ, 120 խոշոր եղջրավոր անասուններ ունեցող մարդիկ, ինչ է թե գյուղապետի ազգական բարեկամներ են իրենց անասունները ուրիշների վրա գրանցած նպաստ են ստանում, ո՞վ է հետեւողն ու ստուգողը։ Եթե խոշորանան գյուղերը գոնե հույս ունենք, որ լավ ղեկավար կունենանք, Գրիշա Կարապետյանի նման անպատասխանատուից կպրծնենք։ Կռված մարդու անուն է հանել, մինչեւ Շամշադին է հասել, ձեռը կրակն ենք ընկել, թե կռվել է հանուն հայրենիքի։ Բարգավաճի ժամանակ ասինք կբարգավաճի մեր երկիրը, բարգավաճից ընտրենք, բայց խաբվեցինք,- իրենց հոգսերով են կիսվում ծաղկաշենցիները։
Հ․Գ. Հիշեցնենք, որ Գրիշա Կարապետյանը Ծաղկաշեն համայնքի ղեկավար է ընտրվել 2016թ-ի հոկտեմբերի 2-ին, ԲՀԿ անդամ է։