ԵՊՀ աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրացնել

30/10/2019 13:50
ԵՊՀ աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրացնել

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը, նպատակ ունենալով բարելավել ԵՊՀ բոլոր աշխատողների սոցիալական վիճակը և հաշվի առնելով, որ մինչև տարեվերջ սպասվում է ԵՊՀ եկամուտների և ծախսերի 2020 թ. նախահաշվի (բյուջեի) քննարկումն ու հաստատումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից, առաջարկել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին և հոգաբարձուների խորհրդի անդամներին 2020թ. հունվարի 1-ից բարձրացնել ԵՊՀ բոլոր աշխատողների հիմնական աշխատավարձը:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը առաջարկ է ԵՊՀ 2020թ. բյուջեում շուրջ 1(մեկ) միլիարդ ՀՀ դրամով ավելացնել ԵՊՀ կոլեկտիվի անդամների  (պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ժամավճարային հիմունքներով դասավանդողներ,  վարչական անձնակազմ, ուսումնաօժանդակ անձնակազմ, սպասարկող և այլ անձնակազմ) հիմնական աշխատավարձին ուղղված միջոցները, ինչն իրենից ենթադրում է շուրջ 20 տոկոս հիմնական աշխատավարձի բարձրացում:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը մատնանշել է աշխատավարձին ուղղված միջոցների ավելացման հնարավոր ուղիները, այն է  վարձավճարները (ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2019թ. սկսվել և հաջորդ տարիներին ևս դիտարկվում է շրջանավարտների՝ հետևաբար դիմորդների թվաքանակի էական աճ), ՀՀ պետական բյուջեից ստացվող լրացուցիչ ֆինանսավորման և այլ եկամուտների ավելացումը, ինչպես նաև ԵՊՀ բյուջեի որոշ հոդվածների (ապրանքանյութական պաշարների ձեռքբերման ծախսեր, հիմնանորոգման և շինարարության ծախսեր, գործուղման ծախսեր, ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման ծախսեր և այլն) կրճատումները:
Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում տարբեր ոլորտների աշխատողների աշխատավարձերի բարձրացման ֆոնին ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը խիստ կարևոր է Հայաստանի Մայր բուհի պրոֆեսորադասախոսական և այլ տարակարգերի աշխատողների աշխատավարձերի անհապաղ բարձրացումը, հատկապես, երբ ԵՊՀ կոլեկտիվի անդուլ աշխատանքի շնորհիվ տարիների ընթացքում կուտակվել են ռեզերվային (պահուստային) ֆինանսական միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռում այս հարցում գործել առավել համարձակ և չխաթարելով ԵՊՀ ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացումն ու ԵՊՀ բնականոն աշխատանքը՝ շուրջ 20 տոկոսով ավելացնել ԵՊՀ բոլոր աշխատողների հիմնական աշխատավարձը:
 

 ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Ա.Ավետիսյան