Անհայրենիք դասալիքները հասան այն բանին, որ Նեմեցին երանի են տալիս

29/10/2019 11:39
Անհայրենիք դասալիքները հասան այն բանին, որ Նեմեցին երանի են տալիս

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը դժգոհություն է հայտնել հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակից և փոփոխությոնների կոչ է արել:
«Եթե լեգիոները մեր ֆուտբոլիստներից 2-3 անգամ բարձր մակարդակի է, թող բերեն: Բայց եթե մի փոքր է տարբերությունը, ինչո՞ւ են բերում: Երիտասարդ ֆուտբոլիստներից Էրիկ Վարդանյանն ու Պետրոս Ավետիսյանն են, ուրիշ մարդ չկա: Ո՞վ է մեզ փոխարինելու հավաքականում: 2-3 հոգի են: Ասում են, եթե լեգիոներների սահմանափակում լինի, կփակեն թիմը: Փողերը պետք է ճիշտ օգտագործել: Եթե ուզում ենք լավ լինի, պետք է մի բան փոխվի: Եթե բոլորս սուս մնանք, ոչինչ չի փոխվի:
Չինաստանում այդքան մեծ փողեր են ծախսում, բայց նաև օրենք են մշակել, որ պետք է մինչև 21 տարեկան երեք ֆուտբոլիստներ պարտադիր խաղան: Ինչո՞ւ մենք չենք կարող այդպես անել: Ուզում ենք, որ մեր առաջնությունը զարգանա, որ հավաքականն ուժեղանա:
Եթե «Արարատ-Արմենիան» մտներ Եվրոպա լիգայի խմբային փուլ, առաջինը ես կուրախանայի, բայց այդ նվաճումից ի՞նչ առավելություն հայկական ֆուտբոլին: Նրանք ընդամենը երկու հայ ունեն: Լեգիոներ են բերում ու նրանց էլ դուրս վաճառում: Դժվար է ասել, որ հայ ֆուտբոլիստներով նրանք նման հաջողության կհասնեին, բայց դա միանգամից հասնելու արդյունք չէ: Հետզհետե պետք է լինի:
Ես 10 տարի է Հայաստանում եմ: Ամբողջ աշխարհն առաջ է գնում, մենք հետ ենք գնում: Երկու տարի հետո մեր ներկայիս սերնդի համար վերջին շանսն է խոշոր մրցաշար հասնել, որովհետև դրանից հետո արդեն 35 տարեկան կլինենք: Մեզ փոխարինող չեմ տեսնում: Այս ամենը մեր ֆուտբոլի համար եմ ասում: Ես հեշտությամբ կարող եմ իմ մարզչական թուղթը վերցնել, գնալ «Այաքսում» երեխաներին մարզել, բայց ուզում եմ մեր ֆուտբոլի համար լավ լինի:
«Փյունիկը» հիմա բարդ իրավիճակում է: Միասին ենք հայտնվել այս իրավիճակում, միասին էլ պետք է դուրս գանք: Չեմ ուզում ասել մրցավարներ են մեղավոր, որովհետև, եթե նրանց վերևից չեն ասում սխալ են, նրանք դա որտեղի՞ց իմանան: Ռուբեն Հայրապետյանի ժամանակ նման բան չէր կարող լինել: Չեմ ուզում ասել, թե այն ժամանակ ամեն ինչ լավ էր, բայց կարգապահություն կար, հիմա խայտառակություն է: Ամեն շաբաթ խաղադաշտում կռիվ է: Մենք Իսպանիա չենք, որ 2000 ֆուտբոլիստ ունենանք: Ինչ ունենք, դա պետք է պաշտպանենք: Ուրիշ երկրներում նման բան չեմ տեսել: Ճիշտ քայլեր է պետք ձեռնարկել: Լեգիոներների սահմանափակումն անհրաժեշտ է, բայց հետզհետե պետք է արվի:
Այն փողերը, որոնք ակումբների տերերը ծախսում են տեղում արդյունք հասնելու համար. եթե ներդնեին մարզադպրոցի վրա, 10 տարի հետո լուրջ արդյունքների կհասնեն: Իսկ մեր երկրում թիմ են պահում, բայց ֆուտբոլի հետ կապ չունեն: Միանգամից արդյունք են ուզում: Մեր ազգը տաղանդավոր է, տեխնիկա ունենք, խելացի է, արագ է, պետք է լավ դպրոցներում լինեն ու տակտիկա սովորեն:
Այնպես չէ, որ այս ամենը «Փյունիկին» չի վերաբերվում: Նա նույնպես իր սաներին քիչ է տեղ տալիս: Բայց հայկական ֆուտբոլում շատերը հենց «Փյունիկի» դպրոցից են: Այո, ճիշտ եք ասում, որ Սևակ Ասլանյանին սխալ է չվստահելը, որովհետև դարպասապահը պետք է խաղային պրակտիկա ունենա զարգանալու համար: Եթե երիտասարդ լավ դարպասապահ ունենք, ինչո՞ւ դրսից ուրիշին բերենք:
Եթե ես ակումբի ղեկավար լինեի, հաստատ, այսքան լեգիոներ չէի բերի: Այո, երբ քո գումարն ես ներդնում, ուզում ես քո ակումբը հաջողության հասնի, բայց հիմա նույնիսկ փոխարինման մտնողն է լեգիոներ»: