Նիկոլինը՝ շուրթերիս, իսկ Սերժինը՝ կրծքիս տակ

23/10/2019 13:30
Նիկոլինը՝ շուրթերիս, իսկ Սերժինը՝ կրծքիս տակ

«Հեղափոխական» քցվածները
2018թ-ի ապրիլյան «հեղափոխության» օրերին, մարզային ենթակառուցվածնքների ղեկավարներից, թերեւս, ամենաակտիվներից էր Ստեփանավան քաղաքի թիվ 2 դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանը: Կին, ով վերջին տասնամյակում գլադիատորական մարտերի մեջ էր Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանի հետ: Երկու կանանց միջեւ պայքարն ընթանում ՀՀԿ-ի ակտիվը երեւալու եւ լինելու համար:
Արդարացի լինելու համար փաստենք, որ ի տարբերություն Լիլյա Հարությունյանի, Սեդա Թունյանը պայքարելու կարիք էլ չուներ, քանի որ արդեն երկար տարիներ լինելով ՀՀԿ կանանց մարզային խորհրդի նախագահ, որպես գաղափարական կուսակից, ինչպես նաեւ բարեկամական կապերի շնորհիվ, բազմիցս է աչք ծակել կուսակցության հանդեպ իր նվիրվածությամբ:
Այսքանից հետո որքան զարմանալի էր ստեփանավանցիների համար, երբ փողոց դուրս եկած տեսան Լիլյային, որդու՝ Հարությունի հետ ձեռք բռնած, «Մերժի՛ր Սերժին» գոռալով: 

Ականատեսները պատմում են, որ դպրոցի «հեղափոխական» տնօրենը նույնիսկ անկեղծացել է, թե՝ «հեսա սրանց ռադ անենք տեսեք ինչ ենք անելու»... սա է՛լ ավելի էր զարմացրել ստեփանավանցիներին, քանի որ նույն Հանրապետականներն էին, որ ամեն կերպ կոծկում էին ընկեր Լիլյայի չարաշահումներն ու օրինախախտումները:

Դպրոցի ողջ կոլեկտիվի ու ծնողների հիշողությունների մեջ դեռ թարմ է աղմուկը, թե ինչպես էր Լիլյա Հարությունյանը տարրական դասարանների ծնողներից աստղաբախշական չափի հասնող գումարներ պահանջել, ինչի մասին բարձրաձայնել էր Անահիտ Բախշյանը: 

Չէ՞ որ այդ նույն Հանրապետականներն էին, որ խրախուսում էին, որ Լիլյա Հարությունյանը բիզնես միջավայր դարձնի դպրոցը՝ պետության եւ ծնողների գրպանը մտնելով:

Տարիներ շարունակ, այս նույն տնօրենն էր, որ նախակրթարանի անվան տակ, բացել էր խմբակներ ու 4-6 տարեկաներին՝ զրկելով նախադպրոցական իրական կրթություն ստանալու հնարավորությունից, «մոդայիկ» ծնողների ուղեղները լվանալով տանում էր իր դպրոց՝ զրկելով երեխաներին քնի, խաղի ու ճիշտ սնվելու հնարավորությունից:

«Սուրեն Պապիկյանը Ստեփանավանի տղայա, տղայիս էլ մոտ ընկերը, ես գնալու եմ մարզպետարանի կրթության վարչության պետ»,- մի նեղ շրջապատում ասել էր Լիլյա Հարությունյանը, դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն... ինչպես պարզվում է, անգամ դպրոցի տնօրենի պաշտոնն իրեն չկամեցան ՔՊ-ականները ում համար ընկեր Լիլյան ասֆալտ էր մաշում...

Հիմա ավելի կոնկրետ բուն խնդրի մասին:

HZHAM.am-ին են դիմել Ստեփանավանի թիվ երկու դպրոցի ուսուցիչներն ու ծնողական խորհրդի անդամները՝ ակնկալելով, որ իրենց խնդիրը կբարձրաձայնվի, եւ վերջապես իրենց առօրյան կխաղաղվի:

Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ լրացել է դպրոցի տնօրենի լիազորությունների ժամկետը, եւ արդեն չորրորդ անգամ է, Լոռու մարզպետարանը մրցույթ է հայտարարում տնօրենի թափուր պաշտոնի համար, սակայն չորսի դեպքում էլ մրցույթը տապալվում է՝մարզպետի 2 և նախարարի 1 ներկայացուցիչների ներկայությունը դպրոցի խորհրդի  նիստից բացակայելու պատճառով: Նշենք, որ 4 դեպքում էլ առաջադրված է եղել Լիլյա Հարությունանը, միայն մեկ դեպքում են եղել երկու մասնակից, այն էլ Սպիտակից տնօրենի թեկնածուն չի մասնակցել: Այժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված դպրոցի փոխտնօրենը, սակայն նա անգամ չի կարողանում տնօրենի սեղանին մոտենալ, քանի որ Լիլյա Հարությունյանը ոչ մի րոպե չի բացակայում դպրոցից ու առանձին խմբերով ու անհատական, իր մոտ է կանչում ուսուցիչներին, եւ ծնողներին ու պահանջում սոցիալական ցանցերում մեկնաբանություններ թողնել, դիմումներ գրել նախարարների ու վարչապետի անունով՝ պահանջելով իրեն վերընտրել դպրոցի տնօրենի պաշտոնում:

-Հազար գործի տեր ենք, կանչում-բերում է դպրոց, թե՝ «քո էջը մտել նայել եմ, ինչի՞ իմ թեմայով բան չես գրում, ինձնից հետո ով էլ գա քո էրեխուն չի փոխադրելու հաջորդ դասարան»,- պատմում է ծնողներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում,-Ամբողջ քաղաքին հոգնեցրել է, երեխաները գալիս տանը պատմում են, որ դասաժամերին, ուսուցիչները, հավանաբար հենց իրա հրահանգով այդ թեմայով են խոսում, ու անգամ երեխաներին են խրատում, Ֆեյսբուքով ստատուսներ գրել, ընկեր Հարությունյանի մասին, ախր էդպես էլ չի կարելի էլի,- անհանգստանում է ծնողը:

Ուսուցիչներից մեկն էլ հայտնեց, որ տնօրենը յուրային ուսուցիչներին, հանձնարարել է Ֆեյսբուքում հետեւել, թե որ ուսուցիչն ում հետ է շփվում:

-Ասել է հիմնականում ուշադիր եղեք լայքերին ու հրապարակումներին, եթե իր հասցեին հրապարակում լինի, բացասական հրապարակման դեպքում դիսլայքել ու բողոքել տվյալ էջից, ինչպես նայել իրեն գովերգող մեկնաբանություններ գրել, իսկ քննադատական հոդվածի դեպքում հողին հավասարեցնել հրապարակողին:

Մամուլին դիմելով ի՞նչ եք ակնկալում հարցին, նրանք, գրեթե միաբերան պատասխանեցին.

-Դե էս հարցին լուծում տան, մեկին նշանակեն դպրոցի տնօրեն, մենք հանգիստ ապրենք, արդեն մի տարի կլինի, հոգիներս հանեց այս կինը:

Հ.Գ.-1 Ի դեպ, Լիլյա Հարությունյանը փոշմանել է, որ երբեւէ մասնակցել է ցույցերին, անգամ այս թեմայով անկեղծացել է. «Ոտքս կոտրվեր՝ չմասնակցեի, անաղուհաց քրդի շուն դուրս եկան...»:

Հ.Գ.-2 Փորձելով մեկնաբանություն ստանալ տնօրենից, զանգահարեցինք դպրոց, գործավարը հորդորեց սպասել, մինչեւ կկանչի տնօրենին, վայրկյաններ անց ինչ-որ քչփչոցից հետո հեռախոսն անջատվեց եւ այլեւս չպատասխանեց մեր զանգերին:

Աննա Գրիգորյան