«Ալավերդու ամենալուսավոր կետը հիվանդանոցն է, այն էլ փորձում են մրոտել»

22/10/2019 14:13
«Ալավերդու ամենալուսավոր կետը հիվանդանոցն է, այն էլ փորձում են մրոտել»

Հոկտեմբերի 8-ին,  կայացավ Ալավերդի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել Ալավերդիի ԲԿ գործող տնօրեն՝ Ստեփան Մոսինյանը, Ստեփանավանի ԲԿ վիրաբուժական բաժնի վարիչ, ինչպես նաեւ Վանաձորի ԲԿ վիրաբույժ՝ Գեւորգ Ազարյանը, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի քիթ, կոկորդ, ականջաբան Անուշ Իսպիրյանը եւ Ալավերդի ԲԿ ՓԲԸ-ի փոխտնօրեն  Հովիկ Ավետիսյանը։

Մրցույթի նախօրեին ու դրան հաջորդած մի քանի օրը, սոցցանցերում ակտիվ քննարկվում էր Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության հարցը։

Նույն խնդիրի շուրջ  բուռն քննարկումներ են տեղի ունենում նաեւ քաղաքի բնակչության շրջանում։ Ինչպես քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի ազգաբնակչությունը վրդովված են բուժհաստատության գործող տնօրենի՝ Ստեփան Մոսինյանի մասին հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներից, անձնական բնույթի վիրավորանքներից եւ այլն:

Ըստ տեղացիների, Բժշկական Կենտրոնի տնօրենի մրցույթի արդյունքների շուրջ պտտվող խոսակցությունները ստեղծում են մարդիկ, ովքեր չեն ողջունում օրենքը չշրջանցող տնօրենին։


-Մեր ժողովուրդը չի սիրում օրենքով աշխատող մարդուն, դրա համար են որոշ մարդիկ դեմ արտահայտվում։ Բժիշկ Մոսինյանը օրենքի մարդ է, ինչքան հիշում ենք միշտ հիվանդանոցում ստուգումներ ու վերահսկողություններ են իրականացնում՝ նախկինում էլ, հիմա էլ,- ներկայացնում են բուժհիմնարկի աշխատակիցները, իսկ նրանց միտքը շարունակում են արդեն պատահական անցորդները:


-Շատ էլ լավ տնօրեն ունենք, ինչի՞ համար են խառնում իրար քաղաքի միակ կարգին աշխատող կառույցը։ Խի՞ են ուզում տնօրեն փոխեն, որ  քանդված ու պարտքերի մեջ թաղված հիմնարկությունը ոտքի հանեց դրա համա՞ր, թե՞ ուզում են վարկաբեկեն Ստեփան Մոսինյանի բարի համբավը։ Գեւորգ Ազարյանը ո՞վ ա, նա նույնիսկ իրավունք չունի էս փողոցներով քայլի, Ս․ Մոսինյանը ոչ իմ քեռին ա, ոչ ազգականը, ոչ էլ հարազատը, բայց եկեք ճիշտը խոսանք, էդ մարդը էնքան բան ա արել էս հիվանդանոցի համար, որ այսօր մենք բարոյական իրավունք չունենք թույլ տալու, որ ամեն պատահական մարդ գա ասի ես եմ լինելու տնօրեն։ Ես տնօրենի չեմ ճանաչում անձնապես, բայց մի քանի անգամ պատահել է բժշկական հարցերով դիմել ենք, բուժվել են ու շատ շնորհակալ եմ իր աշխատանքից ու հիանալի վերաբերմունքից,- իր կարծիքն է հայտնում Հայկ անունով քաղաքացին։

Ալավերդիում մարդիկ պատմում էին, որ բժշկական կենտրոնը իրենց քաղաքի միակ լուսավոր կետն է, այստեղ մարդը բուժաշխատողների կողմից գնահատվում է եւ արժանանում ջերմ հոգատարության եւ վերաբերմունքի։ 
-Շատ լավ մասնագետներ են, շատ լավ տնօրինություն է ու շատ լավ վերաբերմունքով, մաքուր պահպանվող տարածքով, ինչ կարողանում են անում են, բժիշկն ի՞նչ անի, որ հիվանդը մահանում է, դա իր ճակատագիրն է, էդ, ո՞ր մի բժիշկն է հավերժական կյանք տալիս իր հիվանդին։ Ամոթը լավ բան է, եկել աշխատող մարդուն չսեւացնենք։ Ալավերդիի հիվանդանոցի տարածքը այնքան լավ են սարքել, որ մենք՝ քաղաքացիներս երեկոյան ժամերին գնում ենք էդ մաքուր տարածքում զբոսնում, իրար հետ զրուցում, կարծես քաղաքային այգի լինի, էլ ի՞նչ անի էդ մարդը։ Իր ողջ աշխատանքային տարիներին ապացուցել է, որ նվիրված է իր բժիշկ կոչումին ու մարդկանց օգնելու գաղափարին։ Ու ինչքան շատ աշխատի դա կլինի մեր քաղաքի հիվանդանոցի համար մեկ ձեռքբերումը, անկեղծ ենք ասում։ Իսկ Գեւորգ Ազարյանը, որ քննադատում է տնօրենի աշխատանքները, թող գնա իր կիսակառույց տունը սարքի, որ հիմքը գցել է տարիներով ու վերջին չի հասնում։ Անուշ Իսպիրյանն էլ բացի մարդկանց բուժելուց չի զբաղվել ձեռնարկատիրական ու կազմարկերպչական որեւէ աշխատանքներով, մենք բոլորի մասին էլ լավ տեղեկություններ ունենք, գիտենք, ով ինչ աշխատանքների է ընդունակ,-ասում են քաղաքի կենտրոնումմեր զրուցակիցները։ 

Նշենք, որ հայտարարված մրցույթում հաղթող չի եղել, ԲԿ տնօրեն է վերընտրվել գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը։
 
Ընթերցողի նորություն ասած չենք լինի, որ Ալավերդի ԲԿ-ն վերջին տասնամյակում արագ, դինամիկ զարգացող մարզային բժշկական կենտրոններից մեկն է հանրապետության տարածքում։ Այն հագեցված է ժամանակակից բուժսարքավորումներով եւ ապահովվում է ազագաբնակչության բարձրակարգ բուժսպասարկումը։
-Ընկերության հետագա զարգացումը կապում ենք գործող տնօրենի հետ, քանի որ այս բոլոր ձեռքբերումները վերագրում ենք Ստեփան Մոսինյանի աշխատանքային ոճին: Գործող տնօրենը բացի լավ բժիշկ ու մասնագետ լինելուց նաեւ կարողանում է ճիշտ տնտեսել հիմնարկի ֆինանսական միջոցները, եւ մենք կարծում ենք, որ մեր՝ 250 հոգանոց կոլեկտիվի տնօրենը պետք է Ստեփան Մոսինյանը լինի։ Իսկ Գեւրոգ Ազարյանի դեպքում վստահ չենք, որ կկարողանա նույն կերպ աշխատել, ինքն անձամբ բազմաթիվ խնդիրների մեջ է թաղված՝ անկազմակերպ լինելու պատճառով,-անհանգստանում էին բուժաշխատողները:

Ի դեպ, Ալավերդիի սահմանակից գյուղական համայնքերում, մարդիկ շնորհակալ էին նաեւ շտապօգնության կանչերից, ինչպես իրենք էին փաստում՝ բարձրադիր գյուղեր գնալու համար, բուժհիմնարկի տնօրինությունը այդ հարցն էլ է հոգացել, եւ ձեռք է բերել ամենագնաց շտապօգնության մեքենա՝ կանչերին հնարավորինս արագ արձագանքելու համար։ 

-Ա դե հանգիստ ապրում ենք էլի, թողեք ամեն մարդ իրա գործին մնա: Հազիվ մի կառույցը բնականոն աշխատումա, բռնում ղեկավարին փոխում են, սա էլ ամեն բան խառնում ա, թե՝ ես նորը սարքիլ տեմ... Էնա հիվանդանոցը կարգին աշխատող հիմնարկա, տնօրենն էլ հանգիստ ու խղճով մարդ՝ քյասբին հասնող, էլ ի՞նչ տեր անիլ, թողեք մարդն աշխատի էլի,- ասեց ծաթերցի մի տղամարդ՝ պնդելով, որ ամիսներ առաջ վիրահատվել է Ալավերդի ԲԿ-ում, ու զարմացած է սպասարկման ու մասնագիտական բարձր որակից,- Էնա Երեւանա էլի, սենյակներն էլ՝ լյուքս...


Ամալյա Սահակյան