Ովքեր են «փուռը տալիս» հեղափոխության գաղափարները

19/10/2019 10:38
Ովքեր են «փուռը տալիս» հեղափոխության գաղափարները
Օրերս իր մտքի հերթական գոհարով աչքի է ընկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով լրագրողի դիտարկմանը, թե ներկայիս իշխանությունները նախկինում պնդում էին, որ ոստիկանությունը ծառայում է օրվա իշխանությանը, արձագանքել է, որ ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է: Իրականում այս հայտարարությունը խոսում է ոչ թե իշխանական թիմում առկա խորը տարաձայնությունների, այլ Փաշինյանի կադրերի ոչ կոմպետենտության մասին: Միայն այդպես կարելի է բացատրել այն հակասությունները, որոնք ի հայտ են գալիս վարչապետի և իր թիմակիցների սկզբունքների միջև:
 
Եթե վարչապետ Փաշինյանը մշտապես առաջ է քաշում այն թեզը, որ բոլոր պետական մարմինները ծառայում են ժողովրդին, իսկ իր նշանակած մարզպետը այլ կարծիք ունի, ապա հարց է առաջանում, իսկ այդ մարզպետը ինչպե՞ս է հեղափոխությունը հասցնելու իր մարզ, եթե անգամ հեղափոխության հիմքում ընկած սկզբունքները չի հասկանում: Նույն կերպ են վարվել նաև իրենց միլիոնների չափով պարգևատրած պաշտոնյաները, ովքեր ճիշտ չեն վերծանել Փաշինյանի՝ մենք չենք եկել ուտելու թեզը: Նույն կերպ են վարվել նաև միլիոնները քամուն տված պաշտոնյաները, այդ թվում նույն մարզպետները, ովքեր ճիշտ չեն ընկալել՝ ամեն լուման պետք է խնայվի թեզը:
 
Կամ ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետը հայտարարում է, որ Աբովյանում ընտրություններից հետո հաղթել է ժողովրդավարությունը, մինչդեռ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարում է, թե Աբովյանի ընտրություններն արժանապատիվ քաղաքացիների պարտությունն էր: Կամ ինչպես է պատահում, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ Վանաձորի գազաբալոններ արտադրող գործարանից, որը, ըստ որոշ տեղեկությունների, չի գործում և չունի գրանցված աշխատակիցներ։ Մարզպետը նաև հավելում է, որ բալոնների արտադրման համար անհրաժեշտ սերտիֆիկացման գործընթացը սկսած է: Դրանով մարզպետը կասկածի տակ է դնում վարչապետ Փաշինյանի այն պնդումները, որ տվյալ գործարանն արդեն իսկ գործում է դեռևս նախորդ տարվա դեկտեմբեր ամսից:
 
Այո՛, սա բազմակարծություն չէ, ինչը անշուշտ գովելի կլիներ, սա ոչ կոմպետենտություն է և թիմում աշխատելու կարողության բացակայություն: Արդյունքում տուժում է վարչապետի վարկանիշը և հեղափոխության գաղափարը: