Աշխատակցին շտապօգնությունով տեղափոխել են հիվանդանոց

14/10/2019 22:06
Աշխատակցին շտապօգնությունով տեղափոխել են հիվանդանոց

Բաց նամակով հանդես է եկել Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակչուհի Անուշ Աբրահամյանը, որը հրապարակում ենք առանց խմբագրման, միայն տեղեկացնենք, որ նամակի իսկությունը ստուգելու համար, երբ կապ հաստատեցինք Նորաշենի համայնքապետարանի աշխատակցուհու հետ, վերջինս պատմեց հետեւյալը.

«Ես բաց նամակով դիմել եմ ՀՀ վարչապետին, Արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, Տարածքային կառավարման նախարարին, եւ բոլոր լրատվամիջոցներին, որ օգնեն ինձ դուրս գալ այս անելանելի վիճակից: Բանն այն է, որ ես մեր ընտանիքի միայն աշխատողն եմ, երկու որդիներս ծառայում են ՀՀ ԶՈՒ-ում, ամուսինս վատառողջ է, սկեսուրս՝ հաշմանդամ: Լինելով ընտանիքի միակ կերակրողը, ես այսօր կանգնած եմ գործազրկության վտանգի առաջ, միայն այն բանի համար, որ մասնակցել եմ մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ անցկացված ցույցերին: Այսօր առավոտյան էլ, նրա դրածո Արտակ Հարությունյանը ինձ ստիպեց հրաժարականի դիմում գրել, երբ ասացի, որ ես ավելի վաղ ամենամյա արձակուրդի մեկնելու դիմում եմ ներկայացրել, նա ինձ սպառնաց, որ եթե դիմում չգրեմ խնդիրներ կունենամ: Վիճաբանություն եղավ մեր միջեւ, ինչից հետո, ես վատացա ու ինձ համար շտապօգնություն կանչեցին ու տեղափոխեցին հիվանդանոց: Խնդրում եմ իմ նամակը հրապարակեք, թող պետական մարիմնները տեսնեն ինչ է կատարվում մեր համայնքում, ախր այսպես չի կարել»:

Ստորեւ ներկայացնում ենք քաղաքացու նամակը.
«ՀՀ Վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին
Պատճեները՝
ՊՆախարար՝ Դ. Տոնոյանին
ԱՆախարար՝Ռ. Բադասյանին
ՏԿԵ նախարար՝ Ս. Պապիկյանին
ՄԻՊ՝ Ա. Թաթոյանին
ԶԼՄ-ներին
Բաց նամակ
Մեծարգո պարոն վարչապետ, Ձեզ դիմում է ՀՀ շարքային քաղաքացի Անուշ Աբրահամյանը: Երկու որդիներս այժմ պաշտպանում են հայրենիքիս սահմանները ու հավատում են, որ հայրենիքն էլ իր ծնողներին է պաշտպանում: Բայց արի ու տես, որ հայրենիքում կան մարդիկ, ովքեր՝ օգտագործելով Ձեր անունը, տրորում ու անցնում են մեր նման հասարակ մարդկանց իրավունքները:
Դա է պատճառը, որ ես այս պահին կանգնած եմ գործազուրկ լինելու վտանգի առաջ: Հիմա ավելի մանրամասն, բայց հակիրճ կներկայացնեմ:
Հարգելի պարոն Փաշինյան, ինչպես տեղյակ եք, տաս օրից ավել է Արարատի մարզի Նորաշեն համայնքում մեծ իրարանցում է, քանի որ մարզի մարզպետ Գարիկ Սարգսյանն անօրինական կարգադրությամբ դադարեցրեց մեր համայնքապետի լիազորությունները, ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով Արտակ Հարությունյանին:
Ես արդեն երեք տարի համայնքապետարանում աշխատում եմ որպես օպերատոր, իմ աշխատանքից ոչ մեկ դժգոհ չի եղել:
Սույն թվականի հոկտեմբերի 8-ից մենք ունենք նոր ղեկավար՝ Արտակ Հարությունյանը, ով եկած օրվանից, երկու օր է, իմ աշխատանքային ժամերը վերածել է դժողքի՝ միտք ունենալով ինձ հեռացնել աշխատանքից: Իսկ հաշվեհարդարի պատճառն այն է, որ ես մասնակցել
եմ մարզպետի կողմից արված անօրինական քայլերի դեմ բողոքի ակցիաներին:
Նորաշեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը, պատեհ եւ անպատեհ վիրավորում է իմ անձը, թույլ չի տալիս հեռախոսով խոսել զինվորներիս հետ, ստորացնում ու վերջում առաջարկում. «Քո հոժար կամքով հրաժարական տուր, թե չէ ամբողջ գյուղով քեզ խայտառակ կանեմ, գլխիդ կսարքեմ քեզ դատել կտամ: Ես դաբռո ունեմ, ես եմ լինելու գյուղապետ, էդ սաղ պայմանավորվածա, ընենց որ դիմումդ գրի գնա…»:
Հարգելի վարչապետ, երկու օր է թաց աչքերով եմ աշխատում, բայց ազատվել ու դիմում էլ չեմ կարող գրել, քանի որ տանը հիվանդ ամուսին եւ սկեսուր ունեմ, որդիներս ժամկետային զինծառայողներ են, ընտանիքս ապրում է իմ աշխատավարձի հաշվին:
Դիմում եմ Ձեզ, քանի որ այս ամենի ետեւում կանգնած է մարզպետը, ինքը Արտակ Հարությունյանն է ասում, որ մարզպետի հետ քննարկել է, եւ Գարիկ Սարգսյանը իրեն բացատրել է, որ իմ պաշտոնը հայեցողական է եւ ինքն ինձ կարող է ազատել: Արդեն երկու օր է, որ Արտակ Հարությունյանը, աշխատանքային օրվա ավարտին ստուգում է պայուսակս ու նոր թույլ տալիս գնամ տուն, իսկ ողջ օրվա ընթացքում չի թույլատրում խոսել մյուս աշխատակիցների հետ, օգտվել հեռախոսից, անգամ ընդմիջում անել, կամ սուրճ խմել:
Բայց չէ՞ որ մեկ տարի առաջ հենց այս արատավոր երեւույթները մենք մերժեցինք: Չէ՞ որ ես ու իմ նման մարդիկ ոտքի կանգնեցին ու երկիրը լիսկաթափեցին, փոխարենն ի՞նչ ստացանք… ընդամենը Լիսկային ու Շմայսին փոխարինեց նույն ոճով աշխատող Գարիկ Սարգսյանը:
Հարգելի վարչապետ, լսե՛ք ձայնս, մի թողեք, որ մի հայ ընտանիքի դուռ էլ փակվի, որ սահմանին կանգնած որդիներս՝ ծառայելով հայրենիքին, թիկունքով չթեքվեն թշնամուն ու ետ նայեն տան կողմ՝ մտահոգվելով ընտանիքի կեցության մասին:
Հարգանքով՝ Անուշ Աբրահամյան»