Մարզպետի անօրինական կարգադրությունը կչեղարկվի

14/10/2019 16:38
Մարզպետի անօրինական կարգադրությունը կչեղարկվի

Datalex.am-ից տեղեկանում են, որ ՀՀ Վարչական դատարանը, դատավոր Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, ընդունել է վարույթ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի հայցն ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի:
Տեղեկացնենք, որ  Նորայր Գրիգորի Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, ընդդեմ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու, ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝  ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019թ արձանագրությունն անվավեր ճանաչելու եւ որպես ածանցյալ պահանջ՝ ՀՀ Արարատի մարզպետի 27.09.2019թ-ի թիվ ՄԿ-220-2019  կարգադրությունը վերացնելու պահանջների մասին:
Հասկանալու համար, թե ի՞նչ է ենթադրում հայցը վարույթ ընդունելու որոշումը, կապ հաստատեցինք Նորայր Գրիգորյանի պաշտպանի՝ Ամրամ Մակինյանի հետո, ով հայտնեց.
-Վիճարկման հայցադիմումը, որով վիճարկվում է Նորաշեն համայնքի ավագանու  արձանագրությունը եւ  դրանից բխող Արարատի մարզպետի կարգադրությունը, դատարանը ընդունել է վարույթ,  այսինքն՝ վարույթ ընդունելով օրենքի ուժով արդեն իսկ վերացվում է մարզպետի կարգադրությունը, մինչեւ դատարանը վճիռ կկայացնի:
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ այս անգամ եւս մարզպետը կշրջանցի օրենքը:
-Մտածում եմ, որ ամեն դեպքում պետական մարմինը պետք է գործի օրենքինականության շրջանակներում, հակառակ դեպքում դա կդիտարկվի որպես առերեւույթ հանցագործություն:

Հ.Գ. Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, նախնական համաձայնության գալով Նորաշենի ավագանու իր յուրային անդամների հետ, ավագանու իբր նիստի կեղծ արձանագրություն են կազմել ու սա հիմք ընդունելով, մարզպետի կարգադրությամբ դադարեցրել են համայնքի ղեկավարի լիազորությունները, նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով Արտակ Հարությունյանին:


Աննա Գրիգորյան