Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են 19.4%-ով. Հրանտ Բագրատյան

14/10/2019 11:38
Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են 19.4%-ով. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2019-ի հունվար-օգոստոսի մակրոտնտեսական թվերի իր վերլուծությունը: Հրապարակում ենք նրա գրառումից հատվածներ, իսկ ամբողջական գրառումը կարող եք ընթերցել Բագրատյանի ՖԲ էջում:
«ՀՆԱ-ՏԱՑ։ 2019-ի 8 ամսվա կտրվածքով ՀՆԱ ցուցանիշը չկա (2019-ից գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ)։ ՏԱՑ ցուցանիշը կազմել 7.0% հունվար հուլիսի 6.8-ի փոխարեն։ Այստեղ, սակայն, բլեֆ կա. իրականում ցուցանիշը 0.2%-ով էլ չի աճել։ Մի շարք ոլորտների վիճակագրությունն ակնհայտորեն կեղծված է։ Այսպես, ՏԱՑ-ն աճել է 7%-ով, իսկ բեռնափոխադրումները պակասել են 54%-ով։ Ընդամենը մեկ տարում տնտեսության բեռնատարությունն իջել է ավելի քան 2 անգամ։ Սա արդեն տնտեսագիտություն չէ, գրական ֆանտաստիկայի ժանր է։ Եվս այսպիսի մեկ տարի, և ՀՀ-ն կլինի աշխարհում առաջին պետությունը, որտեղ տրանսպորտ պետք չէ։ Կամ շինարարությունն ավելացել է 4.4%-ով, մինչդեռ ապրանքային բետոնի արտադրությունը պակասել է 12%-ով։
Բյուջեի եկամուտների աճի տեմպը էականորեն կրճատվել է։ Հիշում եք, երբ հուլիսին ՆՓ-ն հայտարարեց, որ 2019-ի հունվար-հունիսի եկամուտները 2018-ի համանման թիվը գարազանցում են 25.1%-ով։ Ասացինք հանգստացեք. շուտով կիջնի։ Իրոք, հունվար օգոստոսին անցյալ տարվա 8 ամսվա համեմատությամբ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են սոսկ 21.7%-ով։ Առաջիկայում այս թիվը ևս կիջնի։ Ներդրումների, արտագաղթի, համադրելի գներով արտահանման, երկրից կապիտալի արտահանման և այլն թվերը ընդհանրապես չեն հրապարակվել (եթե բարելավում լիներ վազելով էին հրապարակել)։ Կտրուկ (6.8%) ավելացել է հանցագործությունը։ Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են 19.4%-ով։ Իսկ սպանությունները՝ 18%-ով»,- գրել է նա։