Մանիչարի 3 տարվա աղբն ու իշխանափոխությունը, յուրացված, անհասցե գումարները

07/10/2019 16:56
Մանիչարի 3 տարվա  աղբն  ու իշխանափոխությունը, յուրացված, անհասցե գումարները

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համանքում օրեր առաջ իշխանափոխություն արձանագրվեց:

Նախկին համայնքապետ՝ Կարապետ Ասատրյանին ձայների մեծամասնությամբ  պարտության մատնեց նախկին համայնքապետի՝ Զավեն Աբրահամյանի որդին, դպրոցի  51-ամյա զինղեկ Արայիկ Աբրահամյանը:

Թեև տոն է Գեղարքունիք համայնքում, սակայն Մանիչար թաղամասի աղբն ու գարշահոտությունը փաստում են Կարապետ Ասատրյանի առկա  գոյությունը:

Բանն այն է, որ 3 տարվա աղբահանություն չի իրականացվել Գեղարքունիքում, թեև նախատեսված և դուրս գրված են եղել միլիոնավոր գումարներ: Համայնքի բնակիչները  դժվարացան պատմել, թե ինչպես է կառավարվել այդ գումարներն իրենց նախկին համայնքապետը, սակայն մի բանում համոզված էին, որ Կ. Ասատրյանն իրենց լավ խաբել ու թալանել է, մասնավորապես 51 մլն դրամ տեղական բյուջեից: Ըստ բնակիչների, Կ. Ասատրյանի գործունեությունը  ներկայումս  իրավապահ համակարգի  տիրույթում է, կան հարուցված քր. գործեր:

-Մարդը լավ կերավ, ապրեց, փողկապ կապած ման եկավ, մեզ էլ  թողեց այս զիբիլի հոտն ու գնաց: Նոր ենք հասկանում, թե ինչու չէր բացում ու ձգձգում էր մանկապարտեզի աշխատանքը, որպեսզի չկոտրի բյուջեի մեջքն ու անձնական ուտելու գումարներ ունենա,- պատմում էին բնակիչները,- Տեղակալին ողջ օրը  պիպու դրած պահում էր գյուղապետարանում, ինքը, ժամերով ու օրերով չկար: Դեմքը մոռացել էինք: Ավտոմեքենան էլ անպես արագ էր վարում իր չնորոգված փողոցներով, որ դրանց  ցեխն ու ջուրն էր մեզ բաժին հասնում,-դժգոհում էին տեղաբնակները:


Ո՞վ է նորընտիրը՝  Արայիկ Աբրահամյանը համագյուղացիների աչքերով:

Գեղարքունիքի համայնքում ապրում են 2,500 բնակիչներ: Գյուղում չկա  մանկապարտեզ, դա ըստ երիտասարդ մայրերի, իրենց թիվ մեկ մտահոգող թեման է, կա դպրոցին կից նախակրթարան: Ունեն բուժկետ: Համայնքում ունեն երկու հարուստ  բարերարներ , ովքեր ապրում են ՌԴ-ում, նրանցից մեկը  վերջերս օգնել է դպրոցի վերանորոգմանը:

Համայնքն արդեն նորընտիր համայնքապետ ունի՝ Արայիկ Աբրահամյան: Վերջինիս կինը՝ Տիրուհին դպրոցում երաժշտություն առարկա է դասավանդում: Մայրը՝ Ալվարդ Աբրահամյանը, երկար տարիներ է ինչ ուսուցանում է կենսաբանություն առարկան:

-Արայիկ Աբրահամյանը լավ ընտանիք  ու 3 երեխաներ ունի: Իրավաբան որդին ներկայումս ծառայում է հայոց բանակում, ավագ դուստրը ավարտել է Բրյուսովի ինստիտուտը, կրտսերը սովորում է 10-րդ դասարանում և որոշել է բժշկուհի դառնալ,-պատմում էին գեղարքունիքցիները,- Խելոք ընտանիք են, մարդկանց  հասնող, հյուրասեր ու գրագետ: Ընտրել ու վստահել ենք Ա. Աբրահամյանին, նա մի լավ բան կանի համայնքի համար, մանկապարտեզը կբացի,  հողերից ու վառվող վառարաններից կազատի մեր մանուկներին:

Մեր այն հարցին, թե համայնքապետի բարդ ու պատասխանատու աշխատանքն ընտրելը ինչո՞վ է պայմանավորված, Ա. Աբրահամյանը պատասխանեց.

-Կարող ուժ եմ ինձ համարում, ով կարող է զարգացնել իր ծննդավայրը:

Ես ոչ մի օր իմ երկրից դուրս չեմ եկել, անչափ սիրում եմ երկիրս, հողս հայրենի: Ծանոթ լինելով համայնքի խնդիրներին, անելու եմ ամեն ինչ, որպեսզի կարողանամ լուծել համայնքի բոլոր հիմնախնդիրները:

Գ. Հովակիմյան