Մարզպետի որոշումը թույլ իրավական հիմքեր ունի

01/10/2019 19:49
Մարզպետի որոշումը թույլ իրավական հիմքեր ունի

Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը Հրապարակ թերթին տված հարցազրույցում ասել է, որ Արարատի մարզի Նորաշենի համայնքապետի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մարզպետի կարգադրությունը հապճեպ որոշում է, և այնտեղ բավականին վիճարկելի դրվագներ կան․

«Նորաշենի հետ կապված խնդիրները բազմակի են, շատ վիճարկելի իրավիճակ է։ Համայնքապետին ազատելու որոշումը շատ հապշտապ կայացված որոշում է, և դրա իրավական հիմնավորվածությունը շատ թույլ է։ Համայնքի ղեկավարի լիազորությունները ավագանու կողմից են դադարեցվում, եթե նա 6 ամիս շարունակ ավագանու նիստ չի հրավիրել, բայց իր՝ ավագանու նիստ չհրավիրելը շատ կասկածելի է, որովհետև նույն մարզպետարանի կայքում կան այդ տվյալները, որ նիստեր հրավիրվել են։ Այլ բան է, որ ավագանու անդամները մասնակցում են կամ չեն մասնակցում, բայց փաստացի մարզպետարանի կողմից իրավական վերահսկողության շրջանակներում, ինչպես դա ֆիքսվել է, մարզպետարանի էջում կա։ Այդ կողմից մարզպետի որոշումը շատ խախուտ է։ Բացի այդ՝ ավագանու 4 անդամի կողմից այդ արձանագրությունը կազմելը իրավաչափության տեսանկյունից էլի խախուտ է, այսինքն ՝ այնտեղ ակնհայտ շատ անհասկանալի իրավիճակ կա»,- ասել է Է. Երիցյանը, ասելով՝ նիստերը փաստացի հրավիրվել են, հետևաբար՝ Գրիգորյանին ազատելու իրավական հիմքեր չկան:

«Համայնքի ղեկավարը պետք է ավագանու նիստ հրավիրած չլինի, պետք է անգործություն դրսևորած լինի 6 ամիս, բայց տվյալ պարագայում ակնհայտ է, որ փաստացի իր կողմից նիստեր հրավիրվել են,թե հայտարարությունը կայքով է տրվել կամ այլ տեղով, դա արդեն միջոցներին է վերաբերում, դա տեխնիկական հարց է, բայց փաստացի ինքը հրավիրել է դրանք։ Այսինքն՝ որևէ հիմք չկա ավագանու կողմից նման արձանագրություն կազմելու, դա իրավաչափ չէ։ Երկրորրդը՝ ավագանին պետք է փաստացի նիստ գումարի, որպեսզի նման հարցեր քննարկվեն։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում, ի սկզբանե անվստահություն հայտնելու այդ պրոցեսը իրավաչափ չէ»,- իր խոսքը եզրափակել է համայնքների միության նախագահը։