Կապալառու-պատվիրատու անհամաձայնության դեպքում տուժում է համայնքը

29/09/2019 16:15
Կապալառու-պատվիրատու անհամաձայնության դեպքում տուժում է համայնքը

Արմավիրի մարզի մի շարք համայնքներում այս օրերին իրականացվում են շինարարական աշխատանքները, որոնց կապալառուն «Սյունիք» շինարարական ընկերությունն է։ Գրեթե բոլոր համայնքներում, որտեղ աշխատանքներ է իրականացրել վերը նշված ընկերությունը, նշում էին, որ արված աշխատանքները մաքսիմալ որակով են արվում , կապալառու ընկերությունն էլ իր հերթին 10 տարվա երաշխավորություն է խոստանում:


 HZHAM.am-ը օրերս շրջայց կատարեց մարզում, լուսաբանելու ընկերության աշխատանքները, լսելու բնակչության կարծիքը։ Արեւիկ համայնքում շինարարական  աշխատանքները ընթացքի մեջ էին, բարեկարգվում է գյուղի համայնքային այգին։ Համայնքի բնակիչ Ալեքսան Վարդանյանը նույնպես շինարար է, ում հանդիպեցինք այգում։ Ալեքսանը լինելով շինարար, ողջունում է ընկերության որակյալ աշխատանքները։

-Ես ինքս էլ շինարար եմ, լավ, նորմալ գործ են անում, մենք դժգոհ չենք։ Համայնքապետարանը, էս շինարարները միասին աշխատում են, լավ գործը միշտ էլ ողջյունելի է։ Շինարարի գործը արագացնել չի կարելի, էդպես գործը կտուժի։ Մենք ուրախանում ենք, երբ գյուղում ինչ-որ նոր բան է կառուցվում, օգնում ենք նաեւ բանվորին, շինարարին, ինչով կարողանում ենք։ Մեր գյուղում ես էլ շատ գործեր եմ արել, մենք լավ գործի շնորհակալ մարդիկ ենք,-պատմում է Ալեքսանը։




Սարդարապատում «Սյունիք» ընկերության աշխատանքների շնորհիվ  այս տարի հիմնանորոգվել են խմելու ջրագծերը։ Ըստ սարդարապատցիների, մոտ 6-7 տարի է ինչ վերանորոգվել է համայնքի վարչական շենքը, մանկապարտեզի մի հատվածը։
-Տեսեք քանի տարի է անցել վերանորոգելուց հետո, տպավորություն է, որ նոր են հանձնել գյուղի վարչական շենքը, մանկապարտեզը,- մատնացույց անելով համայնքի ենթակառուցվածքները պատմում են սարդարապատցիները։
-Եթե ձեզ հետաքրքրում է, ապա ասենք, որ Սարդարապատում ինչքան գործեր արվել են, հիմա այդ գործերը խոսուն վկաներ են մեր գյուղում։ Մեր համայնքում աշխատանքային չափորոշիչները երկուսն են եղել՝ ժամանակը եւ որակը։ Այսինքն, ժամանակի բարեխիղճորեն մոտենալ գործին եւ որակյալ աշխատանք մատուցել, մեր համայնքում իրականացված շինարարական աշխատանքները համապատասխանում են ոլորտի պահանջված ստանդարտներին,-մեզ են փոխանցում համայնքապետարանի աշխատակիցները։


Արգավանդ գյուղի միջնակարգ դպրոցի բակի վերանորոգման աշխատանքների հայտ ներկայացրած  մրցույթում, հաղթող «Սյունիք» ՍՊԸ-ն հանդիպել է արհեստական խոչընդոտների։

Այստեղ պատվիրատուի եւ կատարողի ջրերը մի առվով չի հոսում։ Դպրոցը պահանջում է որակ եւ աշխատանքները ժամանակին ավարտել, իսկ ընկերությունը չի շտապում՝ երկարաձգելով աշխատանքի ավարտը եւս մեկ ամսով՝ գործը բարեխղճորեն ավարտին հասցնելու համար։


-Արագացնում են, բայց հո գլխռադ չենք անի։  Երկար տարիներ աշխատել ենք շինարարության մեջ, բրուշադկա ենք շարել, մեզանից դժգոհ չեն եղել։ Եկել ենք էստեղ օրը մի բան պատճառաբանում են, թե որակով չենք աշխատում, տեսեք հա, որակով գործ չարեցիք  փող չեք ստանալու,- պատմում են դպրոցը բարեկարգող բանվորները,- Սարքածը ասում են լավ չի, քանդում ենք նորից նույն ձեւով սարքում ենք, ասում են այ արդեն լավա, է լա՜վ էր էլի։ Ոչ մի տեղ էսպիսի անմարդկային վերաբերմունքի չէինք հանդիպել, ուրիշ գործեր արել ենք, էն գյուղ-քաղաքներում աշխատել ենք, բայց էսպիսի վատ վերաբերմունքի չենք արժանացել, ոնց որ էստեղ։ Էն չալիկով տարեց մարդիկ մոտեցել են ասել են ապրեք տղերք, որ սենց գործ եք անում մեր համայնքում։ Բայց էստեղ միայն հսկում են, գործից հասկացող չկա, բայց հսկում են, շինարարը հո կթու կով չի՞, անընդհատ պահանջում եք։ Փոխանակ մարդավարի վերաբերվելու, հո մենակ վախեցնելով եւ փնովելով չի։ Բա էդ հսկող վերահսկող կազմակերպություններն ինչի՞ համար են, ամեն մեկը թող իր գործն անի,- դժգոհում են շինարարները՝ շեշտելով, որ իրենց աշխատանքները ձգձվում են հենց այդ բողոքների պատճառով։  
Մեծամոր քաղաքում էլ ցույց են տալիս «Սյունիք» ՍՊԸ կատարած աշխատանքներն ու շեշտում, որ ընկերությունը  քաղաքի շենքերի կտուրներից մինչեւ բակեր եւ այլ բարեկարգումներ է արել, որոնց որակից դժգոհելու առիթ չեն ունեցել:

R