Գեղարքունիքն ընտրության առաջ է. նախկին համայնքապետը չի մասնակցում

27/09/2019 20:33
Գեղարքունիքն ընտրության առաջ է. նախկին համայնքապետը չի մասնակցում

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքում որպես համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արայիկ Աբրահամյանը եւ ՃՈ նախկին տեսուչ Մեհրաբիկ Հարոյանը:Համայնքի գործող ղեկավար Կարապետ Ասատրյանը չի առաջադրել իր թեկնածությունը, ասում են վերջինս մասնակցելու մեծ ցանկություն է ունեցել, բայց հնարավորություն չի ունեցել: Բանն այն է, որ գյուղապետի աշխատանքային երկարամյա կենսագրություն ունեցող Կարապետ Ասատրյանի դեմ մի քանի դրվագներով քրգործեր են հարուցված, ու նա դեռ պետք է պատասխան տա՝ տարիներ շարունակ համայնքը անտեսված թողնելու, յուրացումների ու չարաշահումների համար:

Ու թեեւ նախկին համայնքապետը չի մասնակցում ընտրություններին, բայց ակտիվ քարոզչություն է վարում: Գեղարքունիք համայնքի բնակիչների հետ զրույցի ժամանակ, լրագրողիս պատմեցին, որ Կարո Ասատրյանը սեպտեմբերի 12-ին նեղ շրջապատում «նիստ» է անցկացրել ու յուրայիններին հորդորել. «Աշխատեք Մեհրաբի համար, ինքն ինձը փուռը չի տա, Արայիկն ինձ թշնամիյա, էտի իմ սաղ կեղտերը ջրի էրես կհանի»:

Ինչպե՞ս է վերաբերվում նախկին համայնքապետի աջակցությանը հարցին, Մ. Հարոյանը պատասխանեց.
-Դե կարողա սատարում է, չգիտեմ, ես այդ թեմայով չեմ խոսել իր հետ, ինքն իմ գյուղացին է՝ կարողա սատարի, կարողա չսատարի, ես չեմ գնալու ասեմ իմ համար աշխատի կամ մի աշխատի: Իմ համար ավելի կարեւոր է, որ մտածեմ գյուղի խնդիրների ու դրանց լուծումների մասին:
-Լինելով ՃՈ աշխատակից, պատկերացում ունե՞ք համայնքային ծառայության մասին:
-Ինձնից շատ ոչ մեկ չի եղել դաշտերում, ես շատ լավ գիտեմ ինչի խնդիր ունի իմ համագյուղացին:
-Գյուղում խոսում են նաեւ, որ դեռ չընտրված գյուղապետարանի ու ենթակառուցվածնքերի պաշտոններ եք բաժանում՝ անգամ մի պաշտոնին մի քանի հոգու եք նշանակել, օրինակ գյուղապետի 4  տեղակալ ունեք արդեն:

-Ես շատ դեմ եմ դրան, անգամ իմ նախընտրական քարոզչաթերթիկի մեջ հատուկ գրված է, որ չի լինելու խնամի բարեկամ աշխատանք, ես այդ թեմայով անգամ հարազատներիս հետ եմ վիճել,-ներկայացնում է թեկնածուն ու հավատացնում, որ ինքը երիտասարդ ուժ է եւ իր կողքը հավաքվածները երիտասարդներն են, ովքեր հավատում են իր ներուժին:

Մյուս թեկնածուն, ինչպես նշեցինք՝ Արայիկ Աբրահամյանն է, դպրոցի զինղեկը, ով ըստ համագյուղացիների, միշտ քննադատաբար է վերաբերվել համայնքապետ Կարո Ասատրյանին ու չի հանդուրժել նրա գործելաոճը, ինչն ավելի է սրել նրանց հարաբերությունները:
Ինչպե՞ս է պատկերացնում համայնքային աշխատանքը հարցին, Ա. Աբրահամյանը պատասխանեց.
-Ես ապահովված մարդ եմ, ես չեմ ընտրվելու համայնքապետ, որ կարողանամ ընտանիքս պահել: Պարզապես ինձ զայրացնում է, որ հարեւան համայնքները, ՀՀ մյուս մարզերի գյուղական համայնքները զարգանում են, իսկ մեր համայնքը ինչպես որ եղել է, նույն կարգավիճակով մնացել է: Ոչ մի նշանակալի աշխատանք արված չէ գյուղում, համատարած խնդիր է, վերջապես պետք է ունենալ կամքի ուժ եւ եռանդ, ու բռնել գյուղի զարգացման ճանապարհը:

Թե ի՞նչ ծրագրեր ունի Ա. Աբրահամյանը, վերջինս հայտնեց, որ դրանց մասին խոսել է Գավառ հ/ը տված հարցազրույցի ժամանակ, իսկ թե ինչու՞ է մենակ մասնակցել հաղորդմանը, հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզում, կարելի է ասել ավանդույթ է դարձել թեկնածուների միասնական մասնակցությունը հեռուստաբանավեճին, պատասխանեց.

-Ես հրավիրել եմ Մեհրաբ Հարոյանին, ինքը չի եկել, պատճառը՝ չգիտեմ:

Այդ նույն հարցին, Մ. Հարոյանը պատասխանեց.

-Ես չեմ ուզում լարվածություն առաջանա:

Հ.Գ. Հուսանք Գեղարքունիքի բնակիչներն ազատ ու ճիշտ ընտրություն կանեն, եւ վերջապես գեղարքունիքցի մանուկներն էլ հնրավորություն կունենան բարեկարգ փողոցներով դպրոց գնալ ու գալ, հնարավորություն կունենան նախադպրոցական կրթություն ստանալ, գյուղում այգի ունենալ, իսկ գյուղապետարանն էլ կլինի ոչ թե թղթախաղի ու նարդու առաջնության վայր, այլ կծառայի համայնքին՝ համայնքային ծառայության օրենքին համապատասխան:

Ա.Խ.