ՏԻՄ նախընտրական ներկապնակ

27/09/2019 16:14
ՏԻՄ նախընտրական ներկապնակ

Արտաշատցիները նախընտրական խոստումների չեն հավատում, ինչպես իրենք են ասում` հիասթափված են նախորդ թե' համապետական ու տեղական, թե՝ ավագանու ընտրություններից։ Ու չնայած հավատ չունեն, այնուամենայնիվ, սեպտեմբերի 29-ին քաղաքի ավագանու կայանալիք ընտրություններին ակտիվ մասնակցություն կունենան։ Իսկ թե ինչու՞ ակտիվ, մեր զրուցակիցները պարզաբանում են, որ համաքաղաքացիներ են, միմյանց ճանաչում են եւ հետո խնամի, ընկեր, ծանոթ բարեկամներ են։
-Մեզ կատարածու ավագանիներ պետք չեն,  մեզ խաղեր տվողներ ավագանիներ պետք չեն, 48 ավագանու թեկնածուներ են, էնքան էլ շատ են։ Գումար բաժանել չկա, բան չկա, մնացել են աղերսանքները։ Ամեն օր դռնեդուռ ընկած գալիս ասում են մեզ ընտրի։ Բոլորն ասում են անկուսակցականներ ենք, բայց սուտ են ասում, ամեն մեկը իր կուսակցությունն ունի, յուրաքանչյուրը  նախկին ՀՀԿ, ԲՀԿ ու ՔՊ-ներից են։ էս միամիտ ժողովուրդն էլ հավատում է, թե անկուսակցական են։ Կուսակցությունն էլ ջհանդամը, գոնե ընտրվելուց հետո կարողանան վերահսկել քաղաքում տեղի ունեցող իրավիճակները, ոչ թե ընտրվեն իրենց բիզնեսները պահելու համար։ Հաշվի ենք առնում, թե գրագետ են, լավ ընտանիքի մարդիկ են, վստահություն ենք հայտնում, ընտրում ենք, բայց շատերը հետո դառնում են կամակատարներ պատճառաբանելով, որ իրենք պետության կողմից գումար չեն ստանում, էլ ինչի՞ համար քաղաքապետի հետ լավ ու վատ լինեն։ Բա չասե՞նք, որ էդ ժողովուրդն է ձեզ ընտրում, իսկ դուք մենակ ձեր տարածքներն ու բիզնեսները պահելու համար է, որ ինչ ասում են համաձայնվում եք։ Կամ ավագանուն ո՞վ ա բանի տեղ դնում, էնա Երեւանի ավագանին ինչքան էլ խոսի բողոքի, քաղաքապետն ինչ ուզում էնպես էլ անում ա՝ հեռուստացույցով տեսնում ենք էլի,- նման կարծիքներ են հայտնում քաղաքի բնակիչները։
Քաղաքային եւ գյուղական բնակավայրում, գրեթե նույնն է ընտրության մասնակցելու գաղափարը, ընկերական, բարեկամական, խնամիական մոտեցումներով։ Արագածոտնի մարզի Ղազարավան  համայնքում եւս  կիրակի օրը համայնքի ղեկավարի ընտրություններ են։ Համայնքում բնակիչների շրջանում սոցհարցումների ժամանակ պարզվեց, որ մարդկանց այնքան էլ չեն հետաքրքրում գյուղապետի ընտրությունները։ Ըստ տեղացիների, գործող համայնքապետ՝ Հայկ Ասատրյանը տիրապետում է իր պարտականություններին, համայնքում մարդկային հարաբերությունները ներդաշնակ են, թշնամանք ու չարություն չկա միմյանց հանդեպ։
-Մեր Տանձուտ համայնքում համայնքի ղեկավարի ընտրությունները կանցկացվեն ցեղախմբերի մասնակցությամբ։ Գյուղապետը ինչքան հորքուր ու մորքուր ունի, գյուղի կեսի հետ խնամի ու բարեկամն են, իրենք Տանձուտում մեծ ցեղախումբ ունեն, ձեր կարծիքով ո՞վ կնտրվի։ Ինչ ուզեն կանեն, ոնց ուզեն կանեն, Հայաստանում ընտրությունները աբսուրդ բաներ են, ցեղ ունես, ուրեմն ցեղապետ ես վերջ։ Հո՞ղ կծախես, թե գյուղը՞ կծախես դա արդեն էական չի։ Թող գյուղի տարածքները ազատեն հանքատերերից, որ բարբարոսաբար ավերել են, թե չէ՝ Մխոն կլինի գյուղապետը, թե Պողոսը դա հեչ կարեւոր չի,-ասում է գյուղի մտավորականներից մեկը։