Փաշինյանի 350.000 դոլարանոց վոյաժի հակառակ կողմը. քանի՞ ընտանիքի սոցիալական խնդիր կլուծեր այդ փողը

24/09/2019 17:14
Փաշինյանի 350.000 դոլարանոց վոյաժի հակառակ կողմը. քանի՞ ընտանիքի սոցիալական խնդիր կլուծեր այդ փողը

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող որդեկորույս մայրերին ասում էր, որ ներկա պահին չի կարող կատարել նրանց պահանջն ու փոխհատուցում տրամադրել զոհված զինծառայողների ընտանիքիներին, բայց, ինչպես տեսանք, կարող է պետբյուջեից 350 հազար դոլար հատկացնել, մասնավոր, գերթանկարժեք ինքնաթիռ վարձակալել և մեկնել ԱՄՆ։ Ու սա արվում է այն մարդու կողմից, ով ընդդիմադիր եղած ժամանակ, ԱԺ ամբիոնից անարգանքի սյանն էր գամում այն պետական գործիչներին, ովքեր արտերկիր աշխատանքային այցերի մեկնում էին ոչ թե էկոնոմ դասով, այլ՝ բիզնես։
Վարչապետն ԱՄՆ-ում կարող էր իր հանդիպումներն ունենալ ինչպես 165 մլն դրամանոց չարթերային թռիչքով մեկնելիս, այնպես էլ՝ դրանից տասն անգամ քիչ գումարով, եթե ողջ պատվիրակությունը թռչեր բիզնես դասով, իսկ էկոնում դասով թռչելու դեպքում 30 անգամ ավելի քիչ գումար կծախսվեր պետբյուջեից։

Գերթանկարժեք վոյաժներ կազմակերպելու փոխարեն այդ գումարով կարելի էր Գյումրիում 20-ից ավել բնակարաններ գնել տնակներում ապրող ընտանիքների համար, փոխհատուցում տալ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած զինծառայողների ընտանիքներին, մի շարք ծրագրեր իրականացնել սահմանամերձ գյուղերում, լուծել քաղաքային ամենատարբեր խնդիրներ և այլն։ Սակայն, ինչպես տեսնում ենք, վարչապետի համար իր անձնական էլիտար հաճույքները այս խնդիրներից ավելի կարևոր են։

Աղբյուրը՝ Paradox Media