Գլադիատորական մարտեր՝ Նոր Կեսարիայում

24/09/2019 11:48
Գլադիատորական մարտեր՝  Նոր Կեսարիայում


Ի՞նչ է կատարվում  հեռավոր ու փոքրիկ այս  սահմանամերձ համայնքում: Առաջադրված թեկնածուներից ո՞վ ինչպե՞ս է զգում ժամանակի ռիթմը, ըմբռնու՞մ է ժամանակակից  աշխարհի  զարգացման միտումները: Եվ վերջապես,  համայնքի բնակիչներն ականատե՞ս են զարգացման ծառայությունների  մատուցման տեսակետից , ի՞նչ  առաջընթաց  է գրանցվել իր համայնքում և ի՞նչ անելիքներ  կան հաջորդ տարիներին:
 Այս հարցումներից պատկերը տխուր էր ու մտահոգիչ:

Բնակիչը հուսահատված է ու հոգսերից մոլորված: ՏԻՄ ընտրությունից էլ զայրացած. ու՞մ ընտրի, երբ 2 թեկնածուներն էլ իրենց մոտիկ բարեկամներն  են:

Մեր բլից հարցումների արդյունքում պարզվեց,  որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում  այս պահին, նախընտրական թեժ մարտեր են ընթանում: Համայնքը բաժանվել է երկու մասի: Համայնքում, ընտրական ռինգ են մտել քրոջ և եղբոր որդիները՝ գործող համայնքապետ Հրայր Գալստյանը, և Նոր Կեսարիայի ոռոգման ջրերի տեղամասային պետ՝ Վաչագան Ավետիսյանը:
Տեղաբնակները մեր կայքին տեղեկացրեցին, որ համայնքի մեծամասնության համակրանքը Վաչագանի կողմն է, որը զայրացնում է նրա  հորաքրոջ որդուն, գործող ղեկավար՝ Հրայր Գալստյանին: Վերջինս խորամանկ տրյուկի է դիմում՝ տնից- տուն այցելելով, հավատացնում է համագյուղացիներին, որ իր և քեռու որդու՝ Վաչագան Ավետիսյանի միջև իբրև ստվերային համաձայնության կա  քվեների առումով:
Սակայն,  համայնքապետին չի հաջողվում  նոր կեսարիացիներին մանիպուլացնել: Ավելին՝ նրանք զայրացած են, թե ինչու՞ է հատկապես այս օրերին համայնքապետը դպրոցում նախակրթարան բացել, դա ի՞նչ է կաշառք գյուղացիներին, թե՞ թոզ փչոցի:
- Մեզ վստահեցնում է ու վախեցնում, որ իր զարմուհի, լրագրող Շողիկ Գալստյանն ասել է, որ ցանակացած  ԶԼՄ-ների ներկայացուցչի վրա կարող է ազդել, քանի որ ԱԺ-ում է հավատամագրված,-ասում է բնակիչներից մեկը,- Այնպես, որ՝ գյուղում ոչ-ոք  հանկարծ չփորձի դիմել մամուլին: Ամեն  Աստծո օր Երևանում է: Համայնքապետարանում որ բռնենք համայնքապետին՝ փառք կտանք: Ընտրել ենք ու կորցրել մեր գյուղապետին,-ասում է մեր զրուցակիցը:
-Մենք շան պնչից ջուր են խմում՝ հարկ ու տուրք տալով, ինքն ամեն տարի  Քոբուլեթիում մեջքը արևին տված հանգստանում է,-ասում է տեղաբնակ՝ Վարդան Երմալովյանն ու հարց ուղղում  Հրայր Գալստյանին, - էդ Հենդոյի փողերո՞վ ես Քոբուլեթի գնում /Հենդոն գյուղապետի հայրն է/ հեղ.:Էլ կուսակցություն չմնաց, որ առնետավազքի մեջ չլինի: Իմ իմանալով, «Իմ քայլ»-ին էր ուզում անդամագրվեր, այն էլ չվստահեցին ու մերժեցին:

Մանրամասները՝ տեսանյութում:
-Վաչագանը մեր լեզուն հասկանում է, բոլորիս բնավորությունը գիտե, ջուր բաժանողի վիճակը պատկերացնում եք չէ՞,-հարց է տալիս մի բնակիչ,-էնքան համբերատար ու արդար պիտի լինես, որ ջուր սպառողը քեզ վստահի տժժան շոգին, երբ աչքիդ առաջ բույսդ չորանում է, դա նույն է, ինչ երեխադ աչքիդ առաջ հոգեվարք ապրի, պատկերացրի՞ք ինչ եմ ասում,-պատկերավոր պատմում էր զրուցակիցս,- Վստահում ենք Վաչագանին, նա սուտ խոսել չգիտի: Բառը դուրս եկավ բերանից տեր է խոսքին: Ո՞նց չհավատաս էդ տեսակ մարդուն:

Մեր այցելության օրը համայնքապետ՝ Հրայր Գալստյանը Նոր Կեսարիայում չէր: Համայնքապետարանում փակցված ցուցատախտակ չկար: Դրսից եկածին  անհայտ է, թե ինքը ո՞ր համայնքապետարանում է գտնվում:
Հանդիպեցինք թեկնածու Վաչագան Ավետիսյանին և հարցրեցինք, թե նա որքանո՞վ է տեղեկացված համայնքապետի լիազորությունների  դերի ու նշանակության մասին:
Վերջինս պատասխանեց, որ քաջածանոթ է իրենց համայնքի խնդիրներին և ընտրվելու դեպքում  Նոր Կեսարիայում  համայնքի բնակչին ծառայող տեղական ինքնակառավարման ճկուն համակարգ կստեղծի:
_Ես առաջադրվել եմ համայնքի մտավոր ներուժի խնդրանքով և գործող համայնքապետին լուրջ մրցակից չեմ համարում: Գալիս եմ զարգացնելու ու շենացնելու սիրածս ծննդավայրը,- վստահեցրեց Վաչագան Ավետիսյանը:

Նարինե Հասրաթյան