Լարված մթնոլորտ՝ Տանձուտում. Մարկոս Նազարյանը խառնել է գործողի խաղաքարտերը

23/09/2019 01:12
Լարված մթնոլորտ՝ Տանձուտում. Մարկոս Նազարյանը խառնել է գործողի խաղաքարտերը

Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում ներկա պահին լարված մթնոլորտ է: Բանն այն է, որ սեպտեմբերի 29-ին կայանալու են  ՏԻՄ ընտրություններ: Համայնքապետի թեկնածություն են առաջարկել 5 թեկնածուներ, սակայն հիմնական պայքարը, ըստ տեղաբնակների, ընթանալու է գործող համայնքապետ՝ Մխիթար Պետրոսյանի և ՋՕԸ–ի ոռոգման  ջրերի տեղամասի պետ՝ Մարկոս Նազարյանի միջև:

Մեր սոց և բլից հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Տանձուտում բնակիչների մեծամասնությունը վճռական է տրամադրված գործողի դեմ՝ նրան այս անգամ իշխանազրկելու տրամադրվածությամբ:
-Հայաստանում հեղափոխություն եղավ, ելանք լավ օրվա համար պայքարեցինք, բայց դատարկ, կոտրած տաշտակի առջև նստեցինք: Մեր ուզածն ի՞նչ է, հասարկ բաներ, որ խստագույնս անհրաժեշտություն են մարդկային կյանքի համար: -Համայնքապետը բյուջեից 1 մլն դրամ չտրամադրելու համար, տանձուտցի երիտասարդ մայրերին զրկեց գործող  մանկապարտեզից: Խնդիրը սանիպիդկայանի պահանջն էր՝ բարեկարգել մանկապարտեզի խոհանոցն ու սան հանգույցները՝ մանուկների կյանքի  ու  անվտանգության նկատառումներից ելնելով,- բորբոքված ու զայրացած ներկայացնում էին բնակիչները,- Սա դարձրեց պատճառ, որ բյուջեի մեջքը չջարդի՝ տանձուտցի երեխաների վրա փողեր ծախսելով: Հիմա լուծարում է մանկապարտեզի շենքը, շենքի վրա աչք է դրել իր մերձավորներից մեկը:

-Ո՞նց եկել է իշխանության, Տանձուտում Մխիթար Պետրոսյանը թայֆայական խմբավորումներով է աշխատում: Համայնքում միայն իրենով  շրջապատված մարդիկ են օգտվում, չկա հավասարություն: Մշակույթի տուն չկա, չկան խմբակներ, որպեսզի մեր երեխաները հաճախեն, մի բան սովորեն, ախր 21-րդ դարն է,- ներկայացնում են Տանձուտի բնակիչները, ներկայացնելով բազմախնդիր գյուղի ներկան,- Թաղամասեր ունենք, որ դեռևս գազամատակարարում չկա,  փողոցներ կան, որ լույսեր չկան, երեխաներն ու ծերերը վախենում են գիշերով դուրս գալ: Ամիսներ առաջ,  ,,Արմենիա,, ՀԸ Ժամը լրատվականով մի լավ  խայտառակեցին, բայց ի՞նչ օգուտ, ոչինչ չփոխվեց: Այսօր էլ  համայնքային ճանապարհները քար ու քանդ վիճակում են, խմելու ջուրը մեկ ժամով են տալիս առավոտյան և գիշերը՝ համեմված որդերով ու ճիճուներով,-պատմում են բնակիչները:

-Խմելու ջուրը գնում ենք  Թալինից բերված ցիստեռից: Ոռոգման ջուրն է միայն  համայնքում կանոնակարգված, այն էլ պայմանավորված է տեղամասային պետի՝ Մարկոս Նազարյանի անձով, ով այսօր հավակնում է համայնքապետի պաշտոնին, գոնե այս անգամ  մեր Մարկոսին ընտրի ժողովուրդը, պրծնենք այս ցավերից,- հույս հայտնեց մեր զրուցակից կինը:
Մարկոս Նազարյանի մասին տանձուտցիները վերապահումներով էին խոսում:
-Մարկոսը բարձրագույն կրթությամբ, ընտանիքում ապահովված մարդ է՝ աշխատասիրությամբ ամեն ինչի հասած: Լավ ընտանիք ու երեխաներ ունի: Զբաղվում է գյուղատնտեսությամբ, երեխաներից երկուսը դրսում են մեկը՝ Եվրոպայում,մեկը՝ ՌԴ-ում,-ասաց միջահասակ մի տղամարդ,-գոնե տանձուտցիները մի բռունցք դառնան նրան ընտրեն գյուղում համերաշխություն տիրի:


-Տանձուտում միակ մարդն է Մարկոսը, ում գյուղացիները մեկ մարդու նման կլսեն, որովհետև արդարամիտ է, չեմ հիշում մի դեպք, որ  վեճի ու պայքարի առիթ տա, թեև մի աշխատանք է ղեկավարում, որը իրենից ակամա վեճ է ներկայացնում: Իր մասին լավ բաններ գրեք, ինքը արժանի մարդ է: Համագյուղացիներով, ամեն օր, գյուղամիջում հավաքվում, քննարկում ենք, մեր քվեն այս անգամ տալու ենք արժանիին՝ Մարկոսին,այսպես է համոզված 10-ից 8-ը:Մարկոսը լավ կառավարիչ է,համեստ ու աշխատասեր մարդ, ինչ հարցով մոտենաս՝ մերժել չկա:Գյուղապետի բոլոր լավ հատկանիշներով օժտված է Մարկոս Նազարյանը:Հեսա, խոսեցրեք էս ջահելին,-մատնացույց է անում մեր զրուցակիցը մոտեցող երիտասարդին,- Գյուղի երիտասարդության 70 տոկոսը կգնա Մարկոսի ետևից,-վստահեցրեց մեզ վերջինս:

Իսկ թե ինչ ծրագրեր ունի ինքը՝ թեկնածուն, տեսանյութում հակիրճ ներկայացնում է Մարկոս Նազարյանը:

Հ.Գ. Համայնքապետին լսել մեզ չհաջողվեց՝ գյուղում չէր...