Գետափի ընտրություններն անկանխատեսելի արդյունք են ունենալու

20/09/2019 15:18
Գետափի ընտրություններն անկանխատեսելի արդյունք են ունենալու


Շիրակի մարզի Գետափ համայնքում սեպտեմբերի 29-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են կայանալու։ Ընթերցողին հիշեցնենք, որ նախկին գյուղապետ՝ ՀՀԿ-ական Գոռ Ստեփանյանը առողջական խնդիրների պատճառաբանությամբ, ամիսներ առաջ  հրաժարական ներկայացրեց՝ համայնքի ղեկավարի  լիազորությունները դադարեցնելու խնդրանքով։ 

Գետափ գյուղի համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնողները երեքն են՝ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Ջոնիկ Սարգսյանը, բիզնեսմեն Հովհաննես Բաղդասարյանը, ում տեղացիները բնորոշում են, որպես իմքայլական ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դրածո  թեկնածու,  եւ Գետափի միջնակարգ դպրոցի տնօրենի որդին՝ Շիրակը Խաչատրյանը։ Վերջինս «Էլեկտրիկ Երեւան» բողոքի ակցիայի մասնակիցներից է։

-Արթիկ կաբրին, սաղ տնով Գետափի դպրոցը կաշխադին, հիմա էլ որոշեցին, որ գյուղապետարանն էլ իրենցով բդի էղնի,- դժգոհում են գետափցիները՝ նշելով, որ դպրոցի տնօրենը՝ Ռուզաննա Սարաջյանը ՀՀԿ-ի համար աշխատող ակտիվ կանացից է եղել, ամուսինն էլ դպրոցի զինղեկն է,- Տնօրեն Ռուզանն ասել է իմ տղան ամենագրագետ թեկնածուն է, է ուրեմն էդ դպրոցի դռները փակենք էլի, եթե էդ դպրոցից մենակ քու տղեն է գրագետ դուրս եկել:

-Այսինքն, Գետափի դպրոցը էլ խելացի, գրագետ շրջանավարտ չի՞ ունեցել, հա՞։ Բա ինքը մինչեւ հիմա ինչո՞վ է զբաղված,- համագյուղացու միտքը շարունակում է նաեւ հավաքվածներից մեկը՝ ավելացնելով,- Ընտրություններ են գալիս, մի փոքր գյուղ ու դպրոցի տնօրինություն,  գյուղում էլ իշխանության գալու մեծ ախորժակ կա, ձեր կարծիքով, առանց ճնշումներ կլինի՞, ի՞նչ արդար ընտրություն:


Ինչ վերաբերվում է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հովանավորյալին՝ Հովաննես Բաղդասարյանին, տեղացիները պատմեցին. 
-Մարզում Սոֆյայի ո՞ր մի թեկնածուն է առավելություն ունենում, որ էս դեպքում լինի։ Իսկ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Ջոնիկն էլ երկար տարիներ աշխատել է գյուղապետարանում, էս գյուղը շուտ-շուտ է գյուղապետ փոխում, պատճառաբանում են, որ բյուջե չունեն.․բյուջե չունեք, գոնե լեզու բերան ունեք, որ գյուղ ներկայացնեք։ Մի մանկապարտզն ի՞նչ է, որ գյուղում չունենք, մեր երեխաները հարեւան գյուղի մանկապարտզ ինչի պետք է գնան, մշակույի տուն չկա, մնացել է խոպանի գործը, էդ էլ, որ չլինի էս գյուղը գոյություն չի ունենա։ Մի ժամանակ գյուղից շինարար ունեինք, գյուղից մարդկանց տանում էր իր մոտ աշխատում էին, ապրում էին էլի որոշ, հիմա էդ էլ չկա, զրոի վրա նստած ենք,- իրենց հոգսերով կիսվում են գետափցիները: