Փարաքարը, կռվախնձոր՝ ՏԻՄ ափսեում

16/09/2019 09:43
Փարաքարը,  կռվախնձոր՝ ՏԻՄ ափսեում

Արմավիրի  Փարաքարում կռիվ է ընկել:

Համայնքային ծառայապետի համար մրցելու են 4 թեկնածուներ՝ գործող համայնքապետ Սամվել Վարդանյանը, տեղակալ՝  Սարդուր Թևոսյանը, ավագանու անդամներ՝ Դավիթ Մինասյանն ու Սամվել Ավետիսյանը:
Սեպտեմբերի 11-ից  ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը  մեկնարկել է Փարաքար համայնքում: Շուրջ 10 հազար բնակիչ ունեցող  համայնքը, որը ընդգրկում է նաև Թաիրովի վարչական տարածքը, պատրաստվում է հերթական համայնքային ընտրությունների: Բանն այն է, որ Փարաքարում համակրում են 18 տարի համայնքը ղեկավարած  65 Սամվել Վարդանյանին, ում ղեկավարման տարիներին համայնքը զարգացման ուղի է բռնել: Չնայած սրան, ավագանու երկու անդամները՝ Դավիթ Մինասյանն ու Սամվել Ավետիսյանը, ովքեր մշտապես խանգարել են համայնքապետին ավագանու ժողովներին ծրագրերի հաստատման գործում,  ցանկանում են այս անգամ  վերցնել իշխանությունը:

Երկու թեկնածուները, ըստ տեղաբանակների, անցնում են քրեական գործերով՝ Դավիթ Մինասյանը տարիներ առաջ Հ/Ա թաղամասում դանակահարության համար ազատազրկվել է ու վաղաժամկետ ազատվել, իսկ Սամվել Ավետիսյանը  մինչ օրս հետախուզվում է զենք, զինամթերք թաքցնելու համար:


Փարաքարում   մեծ վարկանիշ ունի 4-րդ թեկնածուն՝ Սարդուր Թևոսյանը, ով Փարաքարի նախկին գյուղապետ՝  Էդիկ Թեւոսյանի որդին է: Ի դեպ, նախկին համայնքապետիանունով անցյալ տարի  համայնքում փողոց է անվանակոչվել: Մայրը՝ Լիլիթ Սարդարյանը մանկավարժ է և մինչ օրս դասավանդում է դպրոցում: Մեծ ժողովրդականություն վայելող հանգուցյալի որդուն նույնպիսի հարգանքի էին  արժանացնում մարդիկ՝ վստահեցնելով, որ Փարաքարի ապագան հուսալի կլինի երբ այն հայտնվի Սարդուրի ձեռքում:

Հայփոստի շենքի մուտքի մոտ հավաքված մարդիկ իրար հերթ չտալով պատմում էին Թոսյանների ընտանիքի մասին, որպես լավ ու առաքինի մարդկանց:
-Լավ ընտանիք ունի  39 –ամյան Սարդուրը, կինը աշխատում է երաժշտական դպրոցում, ունի մեկ որդի և մեկ դուստր,- ասաց մի տղամարդ,- Նախկինում աշխատել է հարկային կառույցում՝ որպես տեսուչ, Երևանի Էրեբունու թաղապետարանի կոմունալ բաժնում, ապա «Յուքոմ» ընկերությունում: Ներկայումս Սարդուրը համայնքապետի տեղակալն է ու լավ ծանոթ է համայնքի խնդիրներին:

-Համեստ ու կայացած երիտասարդ է Սարդուրը: Պատմական այս անունը նրան կնքել է հայրը՝ Էդիկը,- պատմեց  իր տան բակում նստած մի կին:
Մեր այն հարցին, թե մամուլով լուրեր պտտվեցին, որ Սասուն Միքայելյանը հովանավորում է Սարդուր Թևոսյանին, բնակիչները կտրականապես հերքեցին ՝ ասելով, որ «Սասունը քեռու հորքուրի հեռավոր ազգական է և իրենց համայնք այցելել է 2018թ-ին՝ փողոցն անվանակոչելու համար: Կապն այսպես են  երևի բնութագրել մարդիկ: Իրականում համայնքի մտավոր ներուժն է նախաձեռնել նրա թեկնածության առաջադրումը»,- վստահեցրին բնակիչները:
Հերքեց այս փաստը նաև Սարդուր Թևոսյանը:
-Անունս հանիրավի շահարկվում է, նման բան չկա: Մամուլը սխալվում է,-ասաց Ս. Թոսյանը,- Զանգահարել եմ խմբագրություն և պահանջել հերքել սուտ լուրը, սակայն հաջորդ օրը  դարձյալ  լղոզված է ներկայացվել:
Գ. Հովակիմյան