Այն ձեռքերը որ քեզ բարձրացրին, դրանք էլ քեզ ցած են նետելու

09/09/2019 14:27
Այն ձեռքերը որ քեզ բարձրացրին, դրանք էլ քեզ ցած են նետելու

Մոտ մեկ ու կես տարի առաջ՝ «իշխանափոխության» օրերին, մարզերի բնակիչները ոգեւորված ճանապարհներ էին փակում եւ խանդավառվում քայլականների ամպագոռգոռ խոստումներից՝ հուսալով, որ ապագան լուսավոր է լինելու եւ իրենք ապրելու են իրավահավասար պայմաններում, սոցիալ-տնտեսական վիճակն էլ բարելավվելու է։ Սակայն, մինչ օրս, ՀՀ շարքային հպարտ քաղաքացիները մնացել են միայնակ իրենց հոգսերի եւ հուզող խնդիրների հետ։

Շատերը, իրենց հուզող հարցերի պատասխանները փորձում են գտնել ՀՀ վարչապետի մոտ, բայց...

Օրերս, գյումրեցի մի կին, ով, ինչպես ինքն է կրկնում՝ քայլել է Նիկոլ Փաշինյանի հետ, եկել էր մայրաքաղաք հուսալով, որ կհանդիպի վարչապետի հետ, քանի որ, ինչպես քաղաքացին է պնդում՝ մարզային պաշտոնյանների կողմից հալածվում է։

Հասնելով ՀՀ կառավարության շենք ու այնտեղ հանդիպելով բախտակից քաղաքացիների, մեր հերոսը բախվել էր դառը իրականությանը՝ իրենց քայլած վարչապետն անհասանելի էր անգամ իրենց համար:

-Ես էլ եկել եմ իբրեւ երկրիս վարչապետին տեսնեմ, եւ ի՞նչ լսեցի էս քաղաքում, վարչապետին ինչեր ասես չհայհոյեցին, ամենավերջին վատ բառերով, ոչ մեկի մե խնդիր չի ուզե լուծե։ Վա՜յ, ես ինչեր էր լսեցի, ավելի լավ է ետ գնամ ու չլսեմ այսքան բաներ, ու համարեմ, որ ո՛չ եկել եմ, ո՛չ լսել։ Մարզում լսում ենք, որ դժգոհ են, բայց որ էսքան բառեր ու անհարգալից վերաբերմունք ունեն Նիկոլի մասին չիդեի, գնում եմ հիասթափված ու զարմացած, թող իմ հարցերը մնան իմ հետ ու իմ մասին էլ չիմանան, էս ինչե՜ր լսեցի․․․ Նիկոլ ջա, այն ձեռքերը որ քեզ բարձրացրին, դրանք էլ քեզ ցած են նետելու,- ապշահար կինը մանկան միամտությամբ ցնցվել էր, որ «ժողովրդի վարչապետը» քցել ու թռել է հենց նույն ժողովրդին, որը փողոցում լուծեց երկրի ճակատագիրը՝ երկրի կառավարումը վստահելով Սուտասանին...


Հերմինե Մանուկյան