ԱԺ-ն գորգ լվանալու 5 միլիոնն առանց մրցույթի է տվել

28/08/2019 19:45
ԱԺ-ն գորգ լվանալու 5 միլիոնն առանց մրցույթի է տվել

Վարդավառի տոնակատարությունն անցել է, սակայն Ազգային Ժողովի բյուջեից այդ օրը գորգ լվանալու նախաձեռնության համար տրամադրված 5 միլիոն դրամը դեռ քննարկվում է: Քննարկումները նոր «երանգ» ստացան, երբ հայտնի դարձավ, որ այդ միջոցառումները կազմակերպել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի ընկերուհիների կազմակերպություններին՝ Անի Ջուլհակյան և Սոլոյան Մերի ԱՁ-ներին:
Ի պատասխան Լուսինե Բադալյանն ասել էր՝ որեւէ կերպ չի միջամտել, որ գումարը հենց իր ընկերուհիներին տան: Բայց հաճելի է, որ իր ընկերուհին է հաղթել այդ մրցույթում:
Հիմք ընդունելով պատգամավորի՝ «հաղթել է մրցույթում» արտահայտությունը, գրավոր հարցում էի ուղարկել ԱԺ-ի աշխատակազմ՝ տեղեկանալու, թե ԱԺ-ում Վարդավառի տոնի միջոցառումների մրցույթը, որի համար դուրս էր գրվել 4, 941, 300. 00 ՀՀ դրամ, ե՞րբ է հայտարարվել: Որտե՞ղ է տեղադրված եղել տենդերի հայտարարությունը: Տենդերին մասնակցելու քանի՞ հայտ է ստացել ԱԺ-ը: Խնդրում ենք տրամադրել հայտատուների ցանկը: Ինչի՞ հիման վրա են ընտրվել «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» Ա/Ձ-ները, որոնց էլ տրվել է գորգ լվանալու միջոցառման կազմակերպումը:
Գրավոր հարցման համար օրենքով սահմանված 5 օրվա փոխարեն հարցման պատասխանն ինձ ուղարկեցին 6-րդ օրը: ԱԺ-ի պատասխանը բավական ուշագրավ է: Պարզվում է՝ որեւէ մրցույթ չի հայտարարվել գորգ լվանալու միջոցառմանը: «Տվյալ կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր, որոնց վճարումն իրականացվել է «այլ ծախսեր» հոդվածից: Վերոնշյալ հոդվածով գնումները մրցույթ չեն ենթադրում»,- տեղեկանում ենք ԱԺ-ի պատասխանից:
Իսկ թե ինչու են ընտրվել հենց այդ կազմակերպությունները, ըստ ԱԺ-ի պատասխանի՝ կազմակերպություններն ընտրվել են՝ հաշվի առնելով նախկինում կատարված աշխատանքների որակը եւ միջոցառումների գնաառաջարկը:


Հ.Գ. Եզրակացությունները դուք արեք...


Սոնա Դավթյան