Ո՞վ եւ ի՞նչ նպատակով է նկարահանում մեկ դերասանով բեմականացումը (Տեսանյութ)

28/08/2019 17:06
Ո՞վ եւ ի՞նչ նպատակով է նկարահանում մեկ դերասանով բեմականացումը (Տեսանյութ)

Երեք օր է, որ համացանցում պտտվում է մի տեսանյութ, որտեղ քրեական հեղինակության թիկնապահը ոստիկանությունում ստորացնում է ոստիկաններին, այն էլ՝ ոստիկանության էլիտար ստորաբաժանմանը՝ կարմիր բերետներին։
Վստահ եմ, որ ձեզանից շատերը դիտել են այդ տեսանյութը և պարզ էր, որ այն այնպես է սարքված՝ մի կողմից քրեական հեղինակություն, մյուս կողմից՝ բերետներ, ղժղժոց, թռիչք բարձրություն և այլն, որտեղ դժվար է տեսնել որոշ մանրունքներ։
Մեկնաբանություններից երեւում է, շատերին է հետաքրքրում՝ Օսիպյանի ժամանակ ոստիկանությունը թույլ է, բա Վովայի ժամանակ ուժեղ էր, այսօր գողերն ավելի ուժեղ են և այլն։
Ինձ այս տեսանյութում լրիվ այլ հարց է հետաքրքրում.
-Իսկ ո՞վ էր նկարում այդ այն՝ ո՞վ... ո՞վ էր այն մարդը, որը հանգիստ նկարում էր։
Բանը նրանում է, որ տվյալ տարածքում հաստատ պատին ամրացված տեսախցիկներ կան... այլ բան է, որ այդ պահին կարող էին անջատել և եթե անջատել են, ապա չեն ցանկացել, որ նկարողը բացահայտվի, իսկ եթե չեն անջատել՝ պետք է ձայնագրությունները դիտել և պատժել նկարողին։
Լա՛վ, ենթադրենք, որ տարածքում տեսախցիկ չկա, բայց տեսանյութից պարզ երևում է, որ նկարողը նկարում է կողքից. դա կա՛մ հեռախոս էր, կա՛մ տեսախցիկ, բայց հետաքրքիրը նա է, որ նկարողը նկարում էր առանց վախենալու... թաքուն չէր նկարում՝ նկարում էր բացահայտ։
Բանը նրանում է, որ գաղտնի նկարահանումների ժամանակ նկարահանումը որակով չի լինում. մարդու ձեռքը դողում է և կադրերը թրթռում են, երբեմն կադրում առաստաղի և հատակի պատկերներ կարող են երևալ։
Իսկ եթե գաղտնի՝ մեկի կրծքին փակցված տեսախցիկ էր, ապա այստեղ էլ այլ հարց է առաջանում.
_Այդ ո՞նց ստացվեց, որ ամբողջ նկարահանման ընթացքում, նկարահանման օբեկտը գտնվում էր կադրում։
Եթե ուշադիր նայեք՝ կտեսնեք, որ տարածքում 20 հոգուց ավել մարդիկ կային և բոլորն էլ շարժի մեջ էին, բայց 3 րոպեանոց տեսանյութում՝ բացառությամբ առաջին երեք վայրկյանների, ո՛չ ոք՝ կամա, թե ակամա օբյեկտի դիմաց չկանգնեց և բացահայտ էր, որ ոստիկանները անընդհատ մի կողմ էին քաշվում, որ տեսագրությունը լավ ստացվի։
Մի բան էլ կա. երբ ոստիկանները նման իրավիճակում են հայտնվում, միշտ աշխատում են, որ որևէ մեկը չնկարի։ Ամբողջ տեսանյութի ընթացքում, բազմաթիվ բերետավորներ նայեցին նկարողի կողմը՝ բա դրանք չտեսա՞ն, որ ինչ-որ մեկը ակնհայտ նկարում է իրենց ստորացումը։
Տեսանյութը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո, կհասկանաք, որ սա սարքած՝ ոստիկանների հետ պայմանավորված նկարահանում էր և միակ չբացահայտված փաստը կմնա այն, թե ո՞վ էր նկարում՝ ոստիկա՞ն, քրեական ա՞նձ, թե՞ ԱԱԾ աշխատակից։
Իմ խորին համոզմամբ՝ դա ԱԱԾ աշխատակից էր, որովհետև բերետների ուժը միայն ԱԱԾի դեմ չի պատում։

Հետաքրքիր էր նաև այն, թե այդ կիսախմած անձը որքա՞ն հանգիստ թռավ մեկ մետրանոց բարյերը։ Վստահ եմ՝ Բուբկան, ձողափայտով՝ այն էլ լուրջ վիճակում այդքան փայլուն թռիչք չէր կարող անել։

Իսկ առավել զարմանալին այն է, որ նման կասկածելի և ակնհայտ սարքած տեսանյութերը, չգիտես ինչու, միշտ հայտնվում են Հրապարակ թերթում՝ Ալենչոյի զոքանչի մոտ))...

Հ.Գ. Մնաց հարցերի հարցը՝ ու՞մ էր ձեռնտու այս տեսանյութը...

Արմեն Արգինյան