Օձաբերդ հնավայրի պեղումները պատմագիտական նոր իրողություններ են բացահայտել

28/08/2019 14:15
Օձաբերդ հնավայրի պեղումները պատմագիտական նոր իրողություններ են բացահայտել

Արդեն վեց տարի է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի Օձաբերդ կոչվող հնավայրում հնագիտական հետազոտություններ է իրականացնում հայկական արշավախումբը՝ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի ղեկավարությամբ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս տարվա Այս պեղումները Օձաբերդում, որոնք սկսվել են հուլիսի 27-ին եւ շարունակվել մեկ ամիս, արձանագրել են հետաքրքիր բացահայտումներ, որոնք նոր ուղղումներ են մտցնում թե հուշարձանի շերտագրության, թե պատմագիտական մինչ այժմ եղած պատկերացումների մեջ: Ինչպես §Արմենպրես¦-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի ղեկավար Միքայել Բադալյանը, պեղումներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ Գիտության պետական կոմիտեի «Ենթակառուցվածքի զարգացման ծրագրի» դրամաշնորհի շրջանակում: Այս տարի պեղումները կենտրոնացված են եղել 2 տեղամասում՝ ամրոցի արեւելյան հատվածում (տեղամաս E2) եւ միջնաբերդի հյուսիսարեւելյան աշտարակի եւ հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում, որտեղ ֆիքսվել էր թեքահարթակ (տեղամաս G):

Տեղամաս E2-ում բացվեց 3 մետր հաստությամբ կիսակիկլոպյան շարով պատերով մի կառույց: Պարզ դարձավ , որ այստեղ սկզբնական փուլում հիմնաժայռի քարերի վրա դրել են կիսակիկլոպյան շարի քարերը, այնուհետեւ դրանց կից միջին մեծության քարերով բարձրացրել մակարդակը եւ զուգահեռ շարել մեկ այլ ոչ այդքան հզոր պատ, ինչի արդյունքում ստացվել է հարթակով միջանցք: Սա բավական հետաքրքիր կառույց է, որն, անկասկած ունեցել է կարեւոր նշանակություն: Գտնված խեցեղենը թույլ է տալիս կառույցի շինարարությունը եւ հետագա կյանքը վերագրել Ք. ա. 8-6-րդ դարերին:

Խիստ հետաքրքիր եւ կարեւոր արդյունքներ գրանցվեցին Օձաբերդի միջնաբերդի հյուսիսարեւելյան աշտարակի եւ հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում: Այստեղ դեռեւս 2017 թվականին ֆիքսվել էր թեքահարթակ, որը շարունակվում է միջնաբերդի պարիսպների երկայնքով: Նման թեքահարթակները հատկապես տիպիկ են խեթական ճարտարապետությանը եւ արվում են պաշտպանողական ու էսթետիկ նպատակներով: Հյուսիսարեւելյան աշտարակի եւ հյուսիսային պատի միջնամասում դեպի հյուսիս դրվեց մի ստուգողական խուզահորան, ինչի արդյունքում բացվեցին աղյուսներ եւ հենապատ: Ընդհանրապես, այս աղյուսները կարելի է համարել Սեւանա լճի ավազանում հնագիտորեն ֆիքսված առաջին դասական ուրարտական աղյուսները: Պարզ դարձավ, որ միջնաբերդի պատերը դրված են աղյուսների վրա: Սա ֆենոմենալ երեւույթ է, որը անչափ  կարեւոր տեղեկություն է տալիս տարածաշրջանում Երկաթի դարաշրջանում ամրոցաշինության եւ շինարարական ավանդույթների վերաբերյալ: Այս տարվա պեղումների արդյունքում պարզ դարձավ, որ թեքահարթակն արվել է ավելի ուշ փուլում՝ հավանաբար հետուրարտական ժամանակաշրջանում, Ք.ա. 7-րդ դարի վերջից 6-րդ դար ընկած ժամանակահատվածում:

Առհասարակ, Օձաբերդում 6 տարիներին իրականացված հնագիտական պեղումները կարեւոր տեղեկություններ են հաղորդում տարածաշրջանում ուշ ուրարտական եւ ետուրարտական ժամանակաշրջանների ուսումնասիրության համար: Այստեղ բացվել են 2 մետր բարձրությամբ, կանոնավոր ճարտարապետությամբ պատերով եւ մուտքերով կառույցներ, գտնվել է արտաքին բնակավայրը: Ակնհայտ է, որ Օձաբերդը Սեւանի հարավային ավազանում եղել է կարեւոր կենտրոն ոչ միայն ուշուրարտական, այլ նաեւ ետուրարտական ժամանակաշրջանում: Այս տարի Օձաբերդի հնագիտական արշավախմբի անդամներն են արշավախմբի ղեկավարի տեղակալ, հնագետ Արթուր Միքայելյանը, Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արման Եղիազարյանը, Արսեն Աթաբեկյանը: Պեղումներին մասնակցել են նաեւ Արծվանիստ համայնքի 5 բնակիչ, ինչպես նաեւ կամավորներ Հայաստանից եւ Ռուսաստանից: Համապատասխան որոշակի ենթակառուցվածքների ստեղծման դեպքում Օձաբերդը կարող է դառնալ Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային կարեւոր կենտրոններից մեկը: Մեր կողմից կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով, արշավախմբի ավելի ընդլայնված կազմով, քանի որ այս հուշարձանի շերտերում դեռ շատ գաղտնիքներ կան թաքնված»,-նշեց Միքայել Բադալյանը:

Խոսրով Խլղաթյան