«Խաղ» ցիանիդի հետ

25/08/2019 08:58
«Խաղ» ցիանիդի հետ

Արդեն տևական ժամանակ է ինչ քննարկվում է Ամուլսարի շահագործման աշխատանքները:
«Ժողովրդի թեկնածու» վարչապետը չկարողանալով երկրում ապահովել տնտեսական աճը ներդրումների միջոցով, որոշեց Հայաստան փող բերել երկու ճանապարհով ` Ստամբուլյան կոնվենցիայի և Ամուլսարի շահագործման:
Հիմա փորձենք մեկնաբանել Ամուլսարի շահագործումից բխող վտանգները :
Ամուլսարի հանքում ոսկու կորզումը իրականացվում է ցիանիդով տարրալվացման մեթոդով: Նատրիումի ցիանիդը չափազանց ուժեղ և արագ գործող թունավոր նյութ է , որը մարդու օրգանիզմ ներթափանցելու դեպքում 2-4 ժամվա ընթացքում առաջացնում է տանջալից մահ:
Ամուլսարի հանքավայրը սուլֆիդային է: ՈՒժեղ օքսիդացված հանքավայրերում պահպանվում է սուլֆիդների որոշակի քանակ և ջրի առկայության դեպքում ձևավորվում է թթու դրենաժ, որոնք առկա են հանքավայրերի տարբեր մասերում: Թթվային դրենաժների արտահոսքը կրում է բազմապիսի բնույթ ` աղբյուրների և ճեղքային ջրերի տեսքով:

Եվ քանի որ հանքավայրերի ապարները խիստ ճաքճքված են թթվային դրենաժները միանգամից ներծծվում են ավելի խորը : Արդյունքում ձևավորվում է վիթխարի թթու ջրերի գեներատոր, որը կգործի ոչ միայն հանքավայրի շահագործման ընթացքում այլ նաև այն փակվելուց հետո տասնյակ տարիներ:

Թթու ջուրը ակտիվ լուծում է ապարներում առկա ծանր մետաղները, որոնք հանքավայրում շատ են ` այդ թվում տոքսիկության առաջին դասի` սնդիկ, կապար, մկնդեղ և այլն : Արդյունքում ձևավորվում է բարձր թթվայնության, ծանր մետաղների իոններով հարստացված արտահոսք, որը միախառնվելով Որոտան և Արփա գետերի ջրերին կազդի ջրի որակի և պիտանելիության վրա:

Եվ ինչ պարզվում է, որ կառավարությունը չունի փորձագիտական եզրակացություն կապված այս ջրերի արտահոսքի հետ: Այսօր տպավորությունը այն է, որ հարստանալու մոլուցքը կուրացրել է կառավարությանը և նրանք պատրաստ են «խաղալ» ցիանիդի հետ` հանուն փողի:

Նունե Ներսիսյան