Գյուղապետի առաջարկը. աշխատավարձ՝ սիրախաղի դիմաց 18+

14/08/2019 23:46
Գյուղապետի առաջարկը. աշխատավարձ՝ սիրախաղի  դիմաց 18+

Մեր կայքի օգնությանն  է դիմել Արարատի մարզի Խարբերդում բնակվող «Նարսս երեսուն» ՍՊԸ –ի հիմնադիր՝ Սոնա Սարգսյանը: Բանն այն է, որ, ըստ մեր զրուցակցի, Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի ղեկավարը՝ Լյովա Աբրահամյանը 245 հազար դրամ աշխատավարձ վճարման  դիմաց, ստիպել է երիտասարդ կնոջը, Նորատուսի «Վերադարձ» հյուրանոցային համալիրում զբաղվել սիրախաղով ու  տրվել իրեն: Մեզ դիմած կինը պատմեց.
-2018թ. հուլիսին, Սարուխանի մշակույթի տան տնօրեն՝ Վրույր Մելքոնյանն ինձ անձամբ, որպես արհեստագործական դասընթացներ անցկացնողի, վարսահարդար, մատնահարդար, հրավիրեց համայնք և խնդրեց, որ ես հայտարարություն տամ: Հավաքվեցին  երեսունհինգ  սովորող ցանկացողներ, պայմանագիր կնքվեց երկուստեք և սկսեցի պարապմունքները,-պատմեց Սոնան,- 2018թ. նոյեմբերի վերջին,  ավարտական դասին ներկա եղավ նաև համայնքապետ՝ Լյովա Աբրահամյանն ու զարմացած ասաց, որ իր համայնքում նման դասընթացներ են անցկացվում և ինքն անտեղյակ է այս ամենից:


 Այդ օրվանից ես ավարտեցի գործս և հեռացա Սարուխանից: 2019թ. հունվարի 6-ին, ինձ անսպասելիորեն զանգահարեց Լյովա Աբրահամյանը, շնորհավորեց Ամանորի տոները և հանդիպում խնդրեց՝ ասելով, որ ինձ համար հետաքրքիր  առաջարկ ունի և որ ես պիտի վերադառնամ Սարուխան՝ աշխատելու, իսկ մնացածը հեռախոսային խոսակցություն չէ: Ես մերժեցի առաջարկը՝ մտածելով, որ այլևս նոր աշակերտներ չկան: Սակայն Սարուխանի համայնքապետն անընդհատ զանգահարում և խնդրում էր դասընթացներ  անցկացնել: Փետրվարի  23-ին խնդրանքին տեղի տվեցի և գնացի Սարուխան: Հավաքվեցին  սովորող աշակերտներ: Հանձինս ինձ՝ «Նարսս երեսուն» ՍՊԸ-ի և համայնքապետարանի կնքվեց պայմանագիր, որով համայնքապետարանը պարտավորվեց փետրվարի տասից մինչև օգոստոսի երեսունմեկը, որպես դիմահարդար, վարսահարդար, մատնահարդար և հարսանյաց պարագաներ ձևավորող ուսանելու համար վճարել անապահով խավի երեխաների համար երկու հազարական գումարներ և իմ ճանապարհային ծախսերը փոխանցել «
Գավառ Տռանց» ՍՊԸ-ին,-շարունակում էր պատմել հուզված կինը,-Մարտին գնացի, որ աշխատավարձս ստանամ: Համայնքապետն ասաց, որ չշտապեմ, քանի որ այդ գումարները պիտի պետբյուջեով չերևան: Մարտի տասին, զանգահարեց ինձ Լ. Աբրահամյանն ու ասաց, որ Երևանում է և ինձ հրավիրում է սուրճ խմելու և զրուցելու: Մերժեցի՝ ասելով, որ կհանդիպենք համայնքապետարանում: Հաջորդ ամիսներին արդեն հասկացա, որ Լյովա Աբրահամյանը խաբում է ինձ ու անընդհատ  հանդիպումներ խնդրում, խիստ անհանգստացա նրա միտքը հասկանալով: Մոլորվել էի, մայիսին դստերս վերջին զանգն էր, ստիպված վարկային կազմակերպությունից եմ վարկ վերցրել, որ հոգամ ծախսերը: Հունիսին արդեն Սարուխանի համայնքապետը հեռախոսազանգերիս չէր պատասխանում, վայբերով էի փնտրում համայնքապետին՝ աշխատավարձերս ուզելու: Սակայն նա իմ համարը «սեւ ցուցակ» էր գցել: Բանը հասավ այնտեղ, որ արդեն համայնքապետի կինը՝ Ելենան էր ինձ զանգահարում, թե ո՞վ եմ ես, որ այդքան անգամ զանգում եմ իր ամուսնուն: Որոշեցի խորամանկելով ստանալ իմ վաստակած աշխատավարձս ու գնացի Լյովա Աբրահամյանի մոտ ասելով, որ համաձայն եմ իր առաջարկած սուրճ խմելուն: Համայնքապետը ուրախացած  նույն պահին փոխանցեց հաշվեհամարիս երկու ամսվա աշխատավարձիս 245 հազարը՝ 320 հազարի փոխարեն և ինձ հրավիրեց Նորատուսի «Վերադարձ» հյուրանոցային համալիր: Վերջինս իր հետ կոնյակ էր բերել և բաժակս հավասարը հավասարին լցնում էր: Ես թաքուն թափում էի կոնյակը ձև անելով, որ իբրև խմում եմ: Ես սելֆի արեցի: Վախեցած համայնքապետն ասաց, որ կնոջ հետ պրոբլեմներ կունենա, ապա ձեռքս բռնելով ասաց, որ ուզում է ինձ մոտիկից զգալ, եւ որ ցույց կտա, թե ինչպես են իրականում սիրում: Ես ծնկով հարվածեցի նրան գոտկատեղից ներքև, ինչից հետո Լյովա Աբրահամյանն ինձ ասեց. «Ինձ ոչ-ոք դեռ  այսպես նեղացրած չկար: էլ իրար չենք տեսնի: Ես այնքան ուժեղ մարդ եմ, որ դու ինձ ոչինչ անել չես կարող»:
Հուլիսի 17-ին դարձյալ  գնացի համայնքապետարան և ասացի, որ վճարի իմ մնացյալ աշխատավարձերը, ախր ես միայնակ անչափահաս երեխա եմ պահում: Սարուխանի համայնքապետը գոռալով ինձ դուրս հրավիրեց սենյակից: Հետո ինձ զանգահարեց համայնքապետի կինը, ասելով, որ իր որդին  ջարդել կտա իմ ոտքերը, եթե ես երևամ Սարուխանում: Ինձ արդեն  մեքենաներ են  հետևում, սպառնալիքներ եմ ստանում, խնդրում եմ օգնեք ինձ արդարությանը հասնելու համար,- վերջացրեց իր խոսքը մեր խմբագրությանը դիմած Սոնա Սարգսյանը:
Հ.Գ.-1Այս առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սարուխանի համայնքապետից, սակայն նրա հեռախոսահամարը համառորեն չէր պատասխանում:
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը՝ վերը շարադրածին:

Հ.Գ.-2Նշենք նաեւ, որ կայքի օգնությանը դիմած երիտասարդ կինը պնդում է, որ ինքն ունի տեսանյութ եւ լուսանկարներ, որոնք առայժմ չենք հրապարակում՝ հասկանալի պատճառներով:
Անի Մադոյան