Հեքիաթ. «Մի հեղափոխական առավոտ»

13/08/2019 23:07
Հեքիաթ. «Մի հեղափոխական առավոտ»

2018 թվականի ապրիլ ամիսն էր. Երևան՝ Շենգավիթ վարչական շրջան... օրը կիրակի՝ առավոտյան 10:00-ի կողմերը։
Հինգ հարկանի շենքի վերջին հարկում, մի խուճուճ մազերով կին էր բնակվում՝ շատվորանց Աննան... մի <<սուրու>> երեխեք ուներ... երեխաների պահով պետբյուջեից ավելի շատ գումար էր ստացել, քան որ Շառլ Անզնավուրի տուն թանգարանի վրա էր ծախսվել։ Ուներ մի հատ քաղաքացիակա՞ն են ասում, թե ի՞նչ են ասում, մի խոսքով՝ փասթաթղթազուրկ մի ամուսին՝ <<Ախթունգը>>։ Ախթունգը ածական անունն էր՝ հարևաններն էին իրար մեջ այդպես կոչում։ Որ ճիշտն ասեմ՝ ոչ լրիվ անփաստաթուղթ էր.փաստաթղթեր շա~տ շա~տ ուներ՝ նարկոյի էլ ուներ, փսիխոյի՝ մի քանի հատ ուներ, որ խորանանք՝ ԱԺողովի գյալաջի անելու մանդատ էլ ուներ, բայց ամուսնության վկայական նկարել չէր հասցրել։ Եվ ահա այս բազմանդամ ընտանիքի գեներալը, մի օր վերջապես որոշել էր իրենց բնակարանը մի լավ՝ տեղը տեղին մաքրոտել... <<գեներալնի ուբորկի>> նման մի բան։
Սրանց տակի՝ չորրորդ հարկում բնակվում էր արվեստի՞, թե՞ նոր արվեստի հետ խառը մի նորապսակ ընտանիք.նորապսակ ասելով՝ մի 4 ամիս էլ չկար, որ ամուսնացել էին, բայց արդեն 8 ամսական բալիկ ունեին։
Ամուսինը ջութակահար էր. կամ՝ թավջութակահար... երկար վարսերով մի մարդ էր, որի ծնողներին, շենքավորը, ամեն երեկո հիշում էին։ Կինն էլ մի մշակութաբան էր՝ ի՞նչ էր, ինչ-որ <<երեխաների դիդակտիկ զարգացման կենտրոն>> հկ նախագահ էր։ Սրա մազերն էլ չափից դուրս քիփլիկ էր կտրած, կարելի է ասել՝ ղռլեխած էր... պո մալչիշնի՞կ են ասում, թե՞ պո սալդատսկի են ասում... մի խոսքով՝ մուտքում, որ այս զույգին չճանաչողը հանդիպեր, չէր կարող տարբերել՝ ո՞վ է կինը, ո՞րն է տղամարդը։
Բայց երեխայի դաստիարակությամբ՝ համաձայն եվրոպական ծրագրերի կետերի, լավ զբաղվում էին։
Ամեն առավոտ երեխային հանում էին իրենց պատշգամբ, խալիչեն փռում էին, երեխային նստացնում էին խալիչու վրա, եվրասիայի փազըլը լցնում էին երեխայի առջև ու ստիպում էին, որ երեխան այն հավաքի։ Այդ ընթացքում հայրը ջութակով ծվծվացնում էր՝ իբր դա դրական է ազդում երեխայի ուղեղի զարգացման վրա, իսկ մայրը արտասանում էր Արթուր Ռեմբոյի բանաստեղծություններից, հիմնականում՝ ֆրանսերեն լեզվով, թեև երեխան դեռ նոր-նոր ղունղունում էր։
Եվ այս պրոցեսի ընթացքում, եթե հանկարծ երեխան մի անկապ շարժում էր անում, ամուսիններով ոգևորվում էին՝ ըհը՜, Եվրասիայից՝ Եվրոպան հավաքեց... բավականին առաջընթաց էին նկատում։
Տակի պատշգամբում՝ երրորդ հարկի էլի, գրեթե միշտ նստած էր լինում 94-ամյա Վերգուշ տատին՝ Վերգինե Սմբատովնան... միշտ գործելու շյուղերը ձեռքին... ինչպես ասում են՝ միռավայա բաբա էր... Ղազախստանի հայ էր. Դեռ Կունաևի օրոք Մեդեոյում բանշչիկ էր աշխատել, հետո՝ 1986 ին, տեղափոխվել էր Հայաստան ու Նաիրիտում կասիր էր աշխատել... շեֆակազմի հետ լավ տալիք-առնելիքի մեջ էր եղել...
Վերգուշ Սմբատովնայի բնակարանի տակ՝ արդեն երկրորդ հարկում բնակվում էր Վերգուշի նախկին շեֆը՝ Նաիրիտի տնօրեն Հայկ Հայկարամիչը... մի 97 տարեկան կլիներ։ Ծառայել էր Կոլչակի զորքում, հետո աչքի էր ընկել կոլեկտիվացման թալանի ժամանակ, հետո՝ ինդուստրալիզացիա, 41 թիվ, 1965թ միտինգների ջարդ, կասկած կար, որ Դեմիրճյանի օրոք Համալիրի հրդեհն էլ էր Հայկի ձեռքի գործը՝ ՉԿ-այի հրահանգով։ Արդեն 100 տարի կառույցը կոչվում էր ՊԱԿ, հետո՝ ԱԱԾ, բայց ինքը ՉԿ էր ասում։
Ստալինին ո՛չ միայն բնավորությամբ, այլ նաև տեսքով նմանություն ուներ և դա էր պատճառը, որ հարևանները Հայկ Արամիչին Ստալին էին ասում։
Հա՛, հյուրասենյակի պատին՝ խալու վրա, ով իր հորն ու մոր նկարն էր կպցնում, Արամիչը կպցրել էր Իոսիֆի և Ալելուևայի նկարները։ Դռան զանգը «Սոյուզ նեռուշիմ»-ին էր, սիրած երգը՝ «Կրասնայա արմյա վսեխ սիլնեյ»-ը։ Երկու որդի ուներ, մեկի անունը դրել էր Կառլ, մյուսինը՝ Մարքս։ Կնոջ մահից հետո, որդիների հետ չէր հաշտվել և երկուսին էլ դուրս էր արել տանից.ոչ մեկի հետ շփումներ չուներ։
Ամբողջ շենքում միայն Վերգուշի հետ չէր վիճում...բայց այնպես չէր, որ վիճելու բան չունեին, ուղղակի համատեղ շատ գաղտնիքներ ունեին... մեկը մյուսի թույլ կողմերը լա՜վ գիտեին։
Եվ ահա ապրիլի 23-ին, առավոտյան ժամը 10-ի կողմերը՝ անձրևից հետո Հայկ Արամիչը դուրս եկավ պատշգամբ, մի լավ թթվածին շնչեց, թութունով լիցքավորեց չիբուխը և ծխելով սկսեց նայել չորս կողմը՝ ժամանակ առ ժամանակ հայհոյելով օրվա իշխանություններին։
Արամիչին անհանգստացնում էր այն, որ, ամեն առավոտ դուրս գալով իր պատշգամբ, չէր կարողանում տեսնել Նաիրիտի՝ երկինք սլացող և ծխացող խողովակը, որով միշտ հպարտանում էր... իր շենքի դիմաց իշխանությունները՝ իր ասելով, մի բարձրահարկ կարոբկա էին տնգացրել՝ փակելով Նաիրիտի ողջ հրաշք պոնորաման։
Մի քիչ փնթփնթալուց հետո վիզը երկարեց վերև և ձեն տվեց.
_Վերգու՜շ, ա՛յ Վերգու՜շ, ըտի՞ ես...
Է հա Վերգուշն այդ աղմուկի մեջ որտեղի՞ց կլսի... առանց այդ էլ տարիքի հետ լավ չէր լսում, գումարած՝ շատ բարձր միացրել էր Ալեգրովայի «Մլադշի լեյտենանտ» երգը ու փաբուչ էր գործում։
Որերրորդ անգամ ձայն տվեց՝ Վերգուշ, շատ զարմանալի էր, բայց տիկին Վերգինեն լսեց...
_Լսում եմ Ձեզ Հայկ Հայկարամիչ, ի՞նչ կա...ջրերը դեռ չեն տվել՝ ես էլ ջուր չունեմ, եթե դա եք հարցնում։
_Ծուխը, ծուխը քո մոտից երևու՞մ է..
_Համմէ՞, շե՛ֆ,_ձեռքի ափը ականջին դնելով հարցրեց Սմբատովնան։
_Աղջի վաբշե ես քառացե՞լ, ծուխը՜, ծուխը՛... ասում եմ գործարանի ծուխը քո մոտից երևու՞մ է... իմ մոտից մի զադ էլա չի երևում՝ ծու~խը՜, ծուխը՜...
-Հաաա՜, սիգարետիդ ծու~խը, տնաշեն բա ըտենց էլ ասա... հա բա ի՞նչա անում, նստածս տեղը խեղդվում եմ... թե էդ ի՞նչ ես ծխում՝ մախորկա՞ է... անկեղծ ասած՝ ես ծխի հոտից եմ հասկանում, որ Ձեր պատշգամբում եք...
_Փաստորեն երևումա հա՞ ծուխը.դա նշանակում է, որ էս ավազակ ՀՀՇ-ն միայն սոցիալ_ բարոյականը քանդեց, արդյունաբերությանը չկպավ... էլի գոհ ենք, փա՜ռք ՀՀՇ-ին, որ գործարաններից դեռ ծուխ է դուրս գալիս...
_էն էլ ի՞նչ ծուխ, Արամիչ ջան, պատշգամբս լրիվ դարձել է Տեցի կռուգը... նստածս տեղը խեղդվում եմ՝ իրոք ո՞նց որ Տեցի կռուգը լինի։
_Աղջի ի՞նչ Միխայիլ Կռուգ, մլադշի լեյտենանտը Ալեգրովայի երգն է։
_Չէ, չէ կռուգնա։
_Աղջի դե մեծացել ես ու խառնում ես։
_Ոչ էլ առնու՞մ եմ, տո չէ հա՜, կարտոֆիլը ի՞նչու պիտի առնեմ... թոռս պարկով ուղարկում է։
Այս պահին, երբ Արամիչն ու Սմբատովնան հաճելի զրույցի էին բռնվել, շենքի վերջին հարկում՝ ինչպես նշեցի, խուճուճ Աննան գեներալնի ուբորկի էր. հասել էր չուլան և այնտեղ հայտնաբերեց մի կլորա-քառակուսիա-եռանկյունաձև մի զադ, որի վրա գրված էր՝ <<հեղափոխություն>>...
_Ախթունգ, հլա արի՝ սա ի՞նչ է... քո՞նն է։
_Հա՛իմն է, դեռ երկրաշարժի տարիներից մոտս է.օդանավակայանում երկրաշարժից տուժածների համար Անգլիայից օգնություն էր եկել և թալանի ժամանակ նկատեցի մի կասկածելի բանդերոլ... բերեցի տուն՝ մտածելով, որ մի բանի պետք կգա, բայց ոչ մի բանի պետք չեկավ՝ 30 տարի է չուլանում է։
_Այ մարդ ինչքան զիբիլ կա, հավաքել ես այստեղ, արագ տար զիբիլը թափի՜ր...էս անտեր տունը հո զիբիլանոց չի՞։
Ախթունգը ալարեց իջնի բակ, և փորձեց պատշգամբից այն նետել այդ պահին զիբիլը հավաքող, իր վաղեմի ընկերոջը՝ Հայկոյին, բայց լավ չնետեց և այն, դիպչելով լվացքի պարաններին, հայտնվեց 4րդ հարկի երաժիշտների պատշգամբում՝ երեխայի փազլի մեջ։ Երբ երաժիշտի կինն արդեն ավարտում էր ֆրանսերեն հերթական բանաստեղծությունը՝ հասել էր վերջին քառատողին, երաժիշտը դադարեցրեց ջութակի ծլնգոցը և դիմեց կնոջը.
_Սիրելիս, Եվրասիայի փազըլը չէինք գնե՞լ։
_Այո՜, հատուկ Եվրասիան։
_Բա այդ դեպքում Աֆրիկա մայրցամաքը երեխայի ձեռքին որտեղի՞ց հայտնվեց...
_Վա՜յ, վա՛յ վա՛յ, էս զիբիլը որտեղի՞ց հայտնվեց երեխայի ձեռքին.կինը վազեց երեխայի մոտ, ձեռքից խլեց հեղափոխությունը և զզվանքով նետեց ներքև՝ ուղիղ երրորդ հարկ, այն հայտնվեց ուղիղ Վերգուշի գոգին։
Սմբատովնան մի պահ այսահարվեց, բայց որ տեսավ ո՛չ ծակող է և ո՛չ էլ կծող զադ է, վերցրեց ձեռքն ու սկսեց մանրակրկիտ ուսումնասիրել։ Բռնեց, քաշեց՝ քաշքաշեց.սկզբում ակնոցներն աչքերին նայեց, հետո՝ ակնոցներն հանեց, բնական նայեց, հետո էլի ակնոցները դրեց աչքերին ու մի լավ տնտղելուց հետո տեսավ, որ անպետք բան է՝ նետեց ներքև...
Ներքևում էլ ո՞վ էր կանգնած ծխում ու ժամանակ առ ժամանակ հայհոյու՞մ։ Իհարկե՝ Հայկ Հայկարամիչը։ Այս փաթեթն ընկավ ուղիղ գլխին... այնքան ծանր էր ու ցավոտ, որ Արամիչը կարծեց, թե Սմբատովնան գլխին դիտմամբ թթվի քար գցեց։ Կատաղած բարձրացավ երրորդ հարկ՝ Սմբատովնայի հետ հարցեր պարզելու ու սկսեց դուռը թակել։
Է Սմբատովնան արդյո՞ք կլսեր... բարձր միացրել էր Սաբրինայի <<բոյս բոյսը>> ու ցըկցըկում էր։
Արամիչը հասկացավ, որ թակելով Սմբատովնան դժվար դուռը բացի...անցել են թակոցով դուռ բացելու ժամանակները... սկսեց քացով, կոպալով-բանով Սմբատովնայի բնակարանի դուռը ջարդել։ Մի կես ժամում ջարդեց, մտավ Սմբատովնայի բնակարան ու երբ հայտնվեց պատշգամբում և Սմբատովնայի վրա անակընկալ գոռաց, Սմբատովնան վախից ձեռքի շյուղը խրեց Արամիչի թշի մեջ։ Արամիչը, ավելի կատաղելով, կոպալով հարվածեց Սմբատովնայի գլխին և երկուսով արյունլվա սկսեցին ճչալ ու գոռալ։ Հարևաններ եկան, երկու հատ շտապօգնություն կանչեցին... է հա հո տարբեր հիվանդանոցներ չէին տանելու՞։
Երկուսին էլ տարան Շենգավիթ բժշկական կենտրոն։ Վիրակապարանում երկուսի գլուխներն էլ՝ դեմքով-բանով վիրակապեցին և ամեն մեկի գլխի վրա երեք անցքեր էին թողել՝ երկու աչքերի ու մի բերանի անցքեր...
Վիրակապելուց հետո չհասկացան էլ, որ կին ու տղամարդ են և երկուսին էլ՝ տղամարդու անվան տակ, բերեցին միևնույն պալատ։ Պալատում երկու մահճակալ կար.. դե պարզ է՝ ամեն մեկին մի տեղ պարկացրեցին։ Սկզբում սանիտարկեն եկավ ու մի 20 րոպեում երկուսին էլ տեղավորեց և մի քանի րոպեից հետո՝ դիմելով Արամիչին, լռությունը խախտեց Սմբատովնան։
_Անունդ ի՞նչ է հարևան ջան։
_Ուրա մի հնար լիներ գնայի իմ տուն.ես իմ տանն եմ լավ զգում, ուրա՞. թե մի հնար լիներ, մի՛ հնար...
_Հա՛, փաստորեն Քնար է անունդ հա՝ հարևան ջան։ Լավ անուն է.տալիս կեսուրի ամըմիցն է։
_Այ մարդ էս ու՞ր են բերել.. ծիպ տկլոր պարկացրել են՝ տանը հարյուր հատ շալվար ունեմ։
_Իաա՜, փաստորեն շաքար էլ ունես հա..
_Վա՜յ հարյուր հատ։
_Վայ, ի՞նչ էլ բարձր է՝ 100... տեքորս կնգանինը 12 է, բայց նա դեղեր է խմում։
-Տեղե՛ր, հա սաղ տեղերս ցավում է... էդ տականքը ընենց ծեծեց, ասա սաղ տեղ է մնացե՞լ։
_Դեղերդ վերջացել է հա՞, լավ չի։
Այդ պահին պալատ մտավ քույրը... շպրիցը ձեռքին մի թռչնակ..
_Տնաշեն վախեցա, գոնե դուռը ծեծիր՝ ծածկվենք,_փնթփնթաց Արամիչը։
_Իաա, լավ էր չասեցիր, որ մի հատ էլ զանգ դնենք ու զանգը տանք։ Չեմի չէ՝ դուռը թակեմ...
_Հա բայց շնորքի հարց է..
_Չէ հա՞, դե էսա որ սրսկեմ, դու էլ ինձ շնորքով ՀԴՄ կտրոն կտաս։
_Տո հդմ էլ կտանք, ուրիշ բան էլ կտանք...
_Չհասկացա՞,_թարս նայեց քույրը։
_Լեզվիդ թաթալոշ կտանք՝ նկատի ունեի,_ու խոսքը մի անգամից փոխեց,_ անունդ ի՞նչ է՝ սիրուն աղջիկ։
_Վարսիկ։
_Հարսի՞կ, ու՞մ հարսն ես ո՞ր։
_Հարսիկ չէ, Վարսի՜կ... չնայած հարսիկ էլ եմ։
_Ու՞մ հարսն ես ո՞ր։
_Ասենք թե Արամուսցի Կարոյի հարսն եմ՝ ճանաչեցի՞ր...
_Կարո՞, Կոլչակի բանակի հետախուզությունում մի Կարո կար, բայց վայ թե նա Վոլգոգրադից էր։
_Այ մարդ շուռ արի սրսկեմ՝ ի՞նչ կոլչակ, ի՞նչ Տրոցկի...
_Կարում եմ ո՞ր շուռ գամ, էն ղանջըղը էս քեչից թումբանը հագցրեց։
_Ի՞նչ քեչից թումբան, դա ո՞րն է..
_Հրես այ։
_Տնաշեն դա պամպերս է, սանիտարկեն հագցրե՞ց։
_Հա, հագցրեց ու ասեց պապի ջան պրոբկա եմ դնում... կարող ես արխեին օրերով զուգարան չգնալ։
_Լսի՜ր, էս քո խալաթը ի՞նչու է կանաչ, կա՞րող է այստեղի տնտեսվարն ես... վրաս սրսկել ես սովորու՞մ։
_Այ մարդ հլա շուռ արի, շատ ես խոսում... սա նոր ֆորմա-ադեժդա է։
_Զարմանալու է.մեր ժամանակ քույրերն ու բժիշկները սպիտակ խալաթ էին հագնում... զարմանում եմ, որ դու կանաչ ես հագել՝ մահմեդակա՞ն ես։
_Չէ պապի, մահմեդական չեմ.կանաչների միությունից եմ։
_Էնա ասա՝ պացիֆիստ ես էլի...
_Էդ ֆիստը չգիտեմ, բայց արդեն չափն անցնում ես ու հայհոյանքներ եմ լսում... գլխավորին կկանչեմ հա։
_Էէ բալամ, մեր ժսմանակ գլխավորների հրամանով էինք այդ պացիֆիստներին գնդակահարում։
_Չէ հա՞..
_Հա՛, հա՛, հավատա.իդեպ բռնաբարելուց հետո...
_Լու՞րջ...
_Ըտենց կասկածանքով մի նայի՜ր. ջահել վախտերիս բան եմ պատմում։
_Լա՜վ, մի խոսքով՝ ես ըստեղ եմ՝ պետք լինի, կկանչես, ամբողջ գիշեր այստեղ եմ լինելու։
_Ըստեղ, որտե՞ղ...
_Ըստեղ՝ կողքի՝ հերթապահության սենյակում..
_Հա բա ասա՝ կողքի սենյակում... թե չէ ասում ես ըստեղ_գիշերը ու մտածում եմ՝ մեզ հետ որտեղ ես քնելու, մեր սենյակում գիշերը...
_Հա չեմի չէ՜, քո սենյակում պիտի գիշերեի։
_Դե դու այդպես ասացի՜ր։
_Այ պապի ջան, կա՞րողա գիտես ես մոռգի պահակ եմ... մի խոսքով՝ գնացի։
_Բա ինձ չես սրսկում բժիշկ ջան։
_Վայ տնաշեն, վախեցա... դու որտեղի՞ց հայտնվեցիր։
_Այստեղ պառկած էի։
_Հա բայց գոնե մի ձայն հանիր՝ մի՛ տնքոց, մի՜ նռռոց, մի՜ հազ, որ իմանանք՝ մարդ կա... տնաշեն կապիտան Նեմոյի պես ջրի տակից անակընկալ հայտնվում ես՝ լեղաճաք եղա։
_էս դու կի՞ն ես.բա ոնց են Ձեզ տղամարդու հետ մի սենյակ գցել։
_Տո ի՞նչ կծել. հարևանիս հետ եմ կռիվ արել... էդ էր պակաս՝ շունը կծել։
_Լա՜վ, քեզ հետ էլ է ամեն ինչ պարզ. Ֆռա, ֆռա քեզ էլ սրսկեմ... շաքար չունե՞ս չէ, այս դեղը հակացուցված է։
_Չէ բժիշկ ջան, շաքար չունեմ՝ արխեին սրսկի՜ր... շաքար Քնարին ունի...
_Ո՞նց թե Քնարին ունի. Դու ի՞նչ գիտես..
_ինքը իր բերանով ասեց, բժիշկ ջան։
_Վա՜յ, Սյուզի, Սյուզիիիի շուտ երրորդ պալատի Քնարին սիստեմա միացրու... դա շաքար ուներ։ Այ մարդ էս ի՞նչ թարս օր էր։
Բուժքույրն արագ գնաց և մի քանի րոպեից կատաղած ներս մտավ.
_Այ կնիկ բա ասում ես Քնարը շաքար ունի՞։
_Հա բա հո չեմ ստում...
_Տիկի՜ն դու ընդհանրապես երրորդ պալատի Քնարին ճանաչու՞մ ես։
_Բայց ես երրորդ պալատի անուն եմ տվե՞լ.. կա՞րող է շառ ես, ասեցի՝ Քնարը։
_Իսկ ո՞ր Քնարի հետ ես։
_Այ այդ կողքիդ պառկած Քնարի։
_Ո՞նց այս բիձու անունը Քնա՞ր է։
_ Ի՞նչու դա տղամա՞րդ է։
_Հա բա ի՞նչ է՝ չգիտեի՞ր։
_Վա՜յ հարայ, տո որտեղի՞ց գիտեի... ես էլ շորերս փոխում էի, առաջին տկլորվել էի՝ խայտառակվեցի։ Հլա էս կեղտոտին նայի՜ր.տկլորվել էի ու ձայն էլ չի հանում,_ասեց ու ձեռքը գցեց Արամչի դեմքին, դեմքի բնտերը պոկեց ու ո՞ր չտեսավ՝ Արամիչն է, ձեռքի տակ գտնվող ծաղկամանը գլխին ջարդեց։
Շուտով սրանց գործը հայտնվեց դատարանում.չէր էլ կարող չհայտնվել՝ երկուստեք մարմնական լուրջ վնասվածքներ կային։
Դատապաշտպանը սրանց բացատրեց, որ երկուսին էլ սպառնում է ցմահ բանտարկություն, բայց փրկվելու մի շանս ունեն։ Քանի որ հեղափոխությունը սիրո հեղափոխություն էր և բավականին ժամանակ էլ անցել է ու <<հեղափոխություն>> կոչված գլխավոր իրեղեն ապացույցն էլ չկա, ասել կուզե՝ հեղափոխության իզն ու թոզը չի երևում, իրենց էլ այն տարիքը չէ, որ ցմահ նստեն, լավ կլինի՝ ամուսնանան, գոնե՝ ձևական ամուսնանան ու գործը ջրվի։
Դե երկու տարեցներով որոշեցին ձևական ամուսնություն գրանցել։
Ձևական ամուսնացան, բայց դե ժամանակներ են փոխվել. տրանսգենդերային կառույցներից շատ էին զզվացնում՝ ինչու՞ համատեղ չեք ապրում, ինչու՞ համատեղ չեք բնակվում։
Վերջը՝ նոր սրոկից խուսափելու համար, որոշեցին երկրորդ և երրորդ հարկերի իրենց բնակարանների միջև մի անցք բացել և ներտնային աստիճաններ սարքել... ըսենց՝ ո՞նց որ բնակարանների միացում արեցին։ Լավ էր, աստիճանների պոպոքի փայտն էլ հարևան Ախթունգը իջևանից թանկ-թանկ գներով բերեց, աստիճանը հավաքեցին, բայց դե էլի առանձին էին ապրում։ Արամիչը մի երկու կծիկ փշալար ուներ՝ դեռ Առաջին Համաշխարհայինից մնացած, քաշել էր այդ աստիճանի վրա և արխեին իր տանն էր բնակվում, Սմբատովնան էլ՝ շարժական դատչիկներ էր դրել ու իր տանն էր բնակվում...
Ու ըսենց՝ հեղափոխությունը եկավ, անցավ ու գնաց, նույնիսկ ամուսնացան, բայց այդ հեղափոխության ո՛չ խերը տեսան, ո՛չ իմաստը հասկացան... դրա օգուտը միայն այն էր, որ կյանքները մի անցքով ավելացավ....


Հեքիաթասաց