«Լրագրողի արդար դատաքննության իրավունքը խախտման վտանգի տակ է». փաստաբան

11/08/2019 00:08
«Լրագրողի արդար դատաքննության իրավունքը խախտման վտանգի տակ է». փաստաբան

Օգոստոսի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ (Ռ. Բարսեղյանի նախագահությամբ) կայացավ լրագրող Գայանե Մանուկյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննության հետաձգված նիստը: Արդյունքում կրկին որևէ որոշում չկայացվեց: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:
Գայանե Մանուկյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը հայտնեց, որ դատավորը գործը հանձնելու է վերամակագրման՝ արձակուրդի մեկնելու պատճառաբանությամբ:

«Մի քանի նիստ տևած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում դատարանը որևէ եզրափակիչ որոշում այդպես էլ չկայացրեց: Գտնում ենք, որ լրագրողի արդար դատաքննության իրավունքը խախտման վտանգի տակ է»,- տեղեկացնում է Տիգրան Ղազարյանը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում պարզ էր դարձել, որ դատական գործի նյութերում բացակայում են «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու թույլտվություն տալու մասին միջնորդության փաստաթղթային հիմքերը: