«Աղբի այս կարգի շատացումը խոսում է քաղաքային իշխանության հանցավոր անգործության մասին»

09/08/2019 14:31
«Աղբի այս կարգի շատացումը խոսում է քաղաքային իշխանության հանցավոր անգործության մասին»

«Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական այրերը, ովքեր պատասխանատու են Երեւանի մաքրության, աղբահանության եւ սանմաքրման համար՝ մտել են իրենց գրասեղանների տակ եւ ասում են՝ տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, դուրս չեմ գալու սեղանիս տակից. բացահայտ կոռուպցիոն գործոն կա»,- այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Խոսելով մայրաքաղաքի աղբահանության խնդրին, բանախոսն ասել է. «Աղբի այս կարգի շատացումը խոսում է քաղաքային իշխանության հանցավոր անգործության մասին։ Ես այստեղ միտում եմ տեսնում՝ հանցավոր պայմանավորվածություն, կոռուպցիայի հոտ է գալիս։ Երեւանը գարշահոտության մեջ է, սակայն քաղաքային իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում, ամուր մտել են սեղանի տակ քաղաքապետն ու կոմունալ վարչության պետը: Այստեղից ոչ թե կոռուպցիայի հոտ է գալիս, այլ կոռուպցիան լցվել է Երեւանի քաղաքապետարան, այն հասել է աննախադեպ մակարդակի։ Եվ գործող քաղաքապետը կոռուպցիոն գործարքների մեջ է։ Եթե նա պաշտոնապես պարգեւավճարներ է տալիս մարդկանց, ովքեր ձախողել են եւ իրենց գործունեությամբ չեն կարողացել արդարացնել իրենց վրա դրված պարտականությունները, սա նշանակում է, որ մենք նրանց կոռուպցիա ենք տալիս»,- ասել է Ս. Աղեկյանը։