Հայրենիքի դավաճաններն անպատիժ են մնացել

09/08/2019 00:00
Հայրենիքի դավաճաններն անպատիժ են մնացել

27 տարի առաջ, այս օրը` 1992թ օգոստոսի 8-ին տարօրինակ պայմաններում կորցրեցինք ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենը: Վերջինիս հանձնելու կամ այլ տարածքների հետ փոխանակելու մասին կան բազմաթիվ վկայություններ: Ավելին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ մի քանի անգամ շեշտել է, որ Արծվաշենը փոխանակվել է: Սա նշանակում է, որ 1992թ օգոստոսի 8-ին տեղի է ունեցել մեծ մասշտաբի հանցագործություն: Մեր Հայրենիքի մի մասի հանձնումը կամ փոխանակումն առ այսօր չի ստացել իրավական գնահատական, ինչն իր հերթին նշանակում է, որ մեր Հայրենիքի մի մասի հանձնման կամ փոխանակման գործողության դերակատարներն անպատիժ են մնացել: Այդպես լինել չի կարող, քանզի անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում: Եվ չպետք է մոռանալ, որ խոսքը գնում է մեր Հայրենիքի մի մասնիկի մասին: Արծվաշենն իմ Հայրենիքն է, այնպես, ինչպես Գյումրին, Վանաձորը, Կապանը, Հրազդանը, Ստեփանակերտն ու Երևանը: Արծվաշենը Հայաստանի անբաժանելի մասն է, իսկ Հայաստանը հանձնողներն ու փոխանակողները պետք է դատապարտվեն: Գոնե ինձ համար դա աներկբա է:

Կարեն Հեքիմյան