Հուսանք, որ Ստամբուլյան կոնվենցիային վերաբերող իր մամլո քարտուղարի մտքերը վարչապետը չի կիսում

02/08/2019 16:34
Հուսանք, որ Ստամբուլյան կոնվենցիային վերաբերող իր մամլո քարտուղարի մտքերը վարչապետը չի կիսում

Պետրոս Ղազարյանի հյուրը՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, Ստամբուլյան կոնվենցիան քննադատող հանրային ինստիտուտների հետ կապված նշել է՝ 
«Մեր զրույցը ծավալվում է ոչ թե հեղափոխական նորարար մոտեցումներով աշխատող ինստիտուտների, ոչ թե նախարարությունների, կառավարության, այլ, այ սենց հանրային խորհուրդ, փաստաբանների պալատ: Ուր էին իրենք, երբ ստորագրվում էր կոնվենցիան...»:
Այնուհետև երկխոսությամբ որոշել են, որ ՓՊ-ն և ՀԽ-ն վախեցել են: Վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ կոնվենցիան համապատասխանում է մեր Սահմանադրության կարգավորումներին:
Ի գիտություն Պետրոս Ղազարյանի և Վլադիմիր Կարապետյանի, հայտնում եմ, որ նախկինում այդ հարցի առնչությամբ ինչպես Փաստաբանների պալատը, այնպես էլ Հանրային խորհուրդը հրապարակայնորեն, ԱՌԱՆՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ (շեշտում եմ հատուկ Պետրոսի համար) հնչեցրել է քննադատություններ:
Բարեխղճության կանխավարկածից ելնելով, կարծում եմ, որ մամուլի քարտուղարը նախկինում ուշադիր չի եղել և չի նկատել երկու կառույցների ակտիվությունը:
Անհանգստացնող է վարչապետի մամուլի քարտուղարի հեգնական տոնը Փաստաբանների պալատի և Հանրային խորհրդի նկատմամբ:
Հուսով եմ Վլադիմիր Կարապետյանի՝ Փաստաբանների պալատի և Հանրային խորհրդի նկատմամբ անթաքույց հեգնանքը և Ստամբուլյան կոնվենցիային վերաբերող մտքերը վարչապետը չի կիսում:
Հ.Գ. Ի դեպ, Վլադիմիր Կարապետյանը պետք է ընդունի, որ իրենք իշխանության են եկել նաև վախեցածներին համարձակություն տալու, ազատ խոսքը հարգելու և մարդկանց մեջ խտրականություն չդնելու համար:


Արա Զոհրաբյան