«Աշխարհքիս կարգը». հեքիաթ իրականության մոտիվներով, արջի դերում՝ ժողովուրդ

17/07/2019 01:04
«Աշխարհքիս կարգը». հեքիաթ իրականության մոտիվներով, արջի դերում՝ ժողովուրդ


Ժուկով-ժամանակով, երբ աշխարհը դեռ կլոր էր, իսկ կանաչ անտառներն էլ դեռ իրանց տեղերում էին ու մարդիկ էդ անտառները դեռ չէին թրաշել ու քաչալացրել՝ աշխարհը դարձնելով ձվաձև, կենդանիներն էդ անտառներում իրենց համար խախանդ ապրում էին. որն աշխատում էր ու հալալ քրտինքով էր իր օրվա ապրուստը վաստակում, էն ովքեր էլ որ թամբալ էին ու աշխատելու հետ ընդհանրապես սեր չունեին, իրենց գոյությունն ապահովում էին սրա-նրա ունեցվածքը թռցնելով։
Եվ այդ ժամանակ, Լոռվա չնաշխարհիկ անտառներից մեկում, ժանգոտ Աղոն՝ դե շեկլիկ աղվեսն էլի, իրանով էր արել անտառի ամենալավ բացատը, իբր՝ բաղ ու բախչա էր սարքել, բայց ամբողջ օրը պարապ-սարապ թրև էր գալիս. Ո՛չ բաղ ու բախչա կոչված բացատի հողն էր փորում ու փխրեցնում, ո՛չ նորմալ ցանքս էր անում, ... մի թիքա տեղ ձևի համար մի քանի բան-ման էր ցանել՝ մի քիչ լոբի, մի քիչ ցորեն, մի քիչ բազուկ, բայց դե էդ էլածին էլ տեր չէր ըլըմ։ Ըլարըմ էլ էր նույնիսկ դամբիցը մինչեւ իրա բախչեն մի նորմալ ջրի արխ գցի, որի շնորհիվ էդ մի թիքա էլածը կջրեր ու բոստանից մի լավ բերք ու բարիք կստանար ։
Էդ էլածը ջրի պակասությունից անիմաստ չորանում էր։ Իբր բաղ ու բախչա էր, բայց դե Աղոյի անգյալությունից վեր էր ածվել մի ամայի ու անօգուտ տարածքի.ինքն էլ ամբողջ օրը էդ խամ ու խոպանում մենակ մենձ-մենձ խոսալով պտիտ էր գալիս ու գլուխ գովում՝ բաղիս բերքով, բախչիս ծաղկով..ո՞վ կարա ինձ հետ ոտք մեկնի...
Գլուխ էր գովում, հա գլուխ էր գովում, բայց թե միջին զադ չկար.ամեն Աստծու օր բացատում անօգուտ պտիտ գալով՝ ծառների տակին վեր ընկած, մի կկվի , մի սարյակի, կամ մի ծիծեռնակի անբախտ ձագ թե միամիտ ծառիցը թոլ ըլեր, Աղոյի համար քեֆ ուրախություն էր, բայց եթե չէ՝ օրերով սոված-ծարավ թրև էր գալիս, բայց էսքանով հանդերձ էլի հալքովը  չէր մնըմ, ամբողջ օրը գլուխը գովալով երգում էր.
Ես ջանասեր մի աղվես,
Բոստանը իմ արի՝ տես։
Բախչիս  բերքից օգտվես,
Կրկնակի Դու
կապրես։
Ժանգոտ Աղոն, տարին տասներկու ամիս, ըսենց ստեր փչելով, ավարա-սավարա ֆռֆռալով օրեր էր մթնացնում և սրա վիճակը, ինչ-որ տեղ տանելի էր.սա գոնե՝ վախտը գիտի, մի մին ծառից թոլ ըլած թռչնակ-մըռչնակ էր լափում։ Շատ ավելի անմխիթար վիճակում էր գտնվում մոխրոտ Գլոն՝ դե մոխրագույն գայլը էլի, որը, եթե ծույլ և անբան կենդանիների մրցաշար լիներ, աշխարհում կզբաղեցներ առաջին տեղը։
Գայլը ամբողջ օրը լեզուն կախ գցած գնում պառկում էր գետափի բարձր թմբի վրա և շատ թախծոտ հայացքով նայում հանդիպակաց բլրի վրա թռչկոտող նապաստակներին։
Հանդիպակաց բլուրը գտնվում էր անտառի միջով հոսող գետակի ուղղիղ մեջտեղում՝ չորս կողմից գետակի ջրերով շրջապատված, և իրենից ներկայացնում էր մի յուրատեսակ կղզյակ։ Ժամանակին՝ չգիտեմ էլ թե որդիանց որդի, այս բլրի վրա նապաստակներ էին հայտնվել և ժամանակի ընթացքում՝ ունենալով բնական պաշտպանություն և զերծ մնալով ճագարակեր գազանների հարձակումներից, այնքան էին բազմացել, որ նրանց բնակության տարածքը արդեն իրենց քչություն էր անում։ Բլրից մինչև գետափի բարձրադիր ափն ընկած հեռավորությունը այդքան էլ մեծ չէր. մի կըխտարից-բանից որ լիներ, մի տալըմը կթռչեր բլրի վրա և հետ կցատկեր հակառակ ուղղությամբ։ Բայց դե գայլի համար դա շատ մեծ հեռավորություն էր և տարիներ շարունակ նա ստիպված էր ապրել փուչ պատրանքներով՝ կարոտագին հայացքով միայն հետևելով նապաստակների խաղ ու պարին՝ բավարարվելով խոտերից բզեզ ու մոծակ բռնելով։
Ի տարբերություն դատարկակեր Աղոյի և Գլոյի, դմբուզ Արչոն, դե ծանրաթաթ արջը էլի, չափից դուրս աշխատասեր էր, բայց դե սա էլ ուղեղից էր մխելա թիլ, մխելա թիլ ասելով՝ չափից դուրս դյուրահավատ էր և որոշ իրավիճակներում, նույնիսկ՝ մասխարա, բայց ֆիզիկապես շատ պինդ արջուկ էր և աշխատելու համար խելքն իրենը չէր... գիշեր-ցերեկ՝ առանց քուն ու դադարի բանում էր ու հլա էլի ուզըմ էր աշխատել։
Մի ժամանակ, Արչոն անտառին մոտիկ գյուղերից մեկում՝ կուռթանեցի Շատվորանց Մաթոսի ձեռքի տակ բատրակություն էր անում։ Ուղիղ հինգ տարի համարյա թե ձրի բանեց։ Մաթոս բիձեն էլ պուճուր նաֆար չուներ և պատահական չէ, որ նրան շատվորանց Մաթոս էին ասում:
Դե պատկերացրեք, թե Մաթոսի կալվածքը ինչ դար մեծ կլիներ. էդքան դաշտերը վարելը, ցանքս անելը, բերքը հավաքելը, խոտը հնձելը, կալսելը, ցորենը աղալը, խոտը հնձիլը, դիզելը, կենդանիներին կերակրելը, այս ու մնացյալ բոլոր աշխատանքները ծանրացած էին արջի ուսերին, բայց դե Արչոն գործից չէր փնթփնթում...մեծ հաճույքով աշատում էր ու հինգ տարին  լրանալուց՝  պայմանի ժամկետն ավարտվելուց  յեդը, երբ վրա  հասավ  հրաժեշտի՝ հախ ու հաշիվ անելու ժամանակը,Մաթոս բիձեն մտքին դրեց՝ խաբել Արչոյին՝ նրան որպես ռոճիկ առաջարկելով մի քանի գրոշներ։ Բայց դե Արչոն դա էլ  չվերցրեց, ասելով.
-Այ տա՛, ի՞նչ տեմ անիլ էդ կոպեկնին մեր անտառըմը։
-Բա ո՞նց անենք, բա վերջը ո՞նց տի ըլի Արչո ախպեր,- ձեռքի ափերը ուրախությունից շոշափելով ասաց Մաթոս բիձեն
-Թե որ իմ նկատմամբ բարի գտնվես, Մաթոս ամի, ուզածս մի բահ է, սովորական բահ...թե կտաս՝ կտաս, թե տալ չես՝ էլի գոհ եմ,- խղճահարություն առաջացնելու տոնայնությամբ շշնջաց  արջը։
Մաթոս բիձեն գլուխը դես ու դեն պտտեց, և հայացքն ուղղելով բոստանի պոպոքի ծառի տակին տարիներ շարունակ անձրևի տակ վեր գցած, արդեն ժանգոտված, անպոչ ու իրեն ոչ պետքական բահին ասաց.
-Հրեն էն վեկալ.էն կլի՞ Արչո ջան, իսկը քո ուզածն է, եթե  կլի՞, վեկալ ու քեզ բարի ճանապարհ։
-Ա բա խի՞ չի ըլի, Մաթո՛ս ամի ջան,- ուրախացած ասաց Արչոն, վերցնելով էդ ժանգոտ երկաթի կտորը, շնորհակալություն հայտնեց Մաթոս բիձուն և փորձում էր հեռանալ անտառ, երբ Մաթոս բիձեն շարունակեց.
-Հլա մի րոպե հոպ. էս ոնց որ թե դու շահած դուրս եկար, Արչո՛ ախպեր։ Մյուս անգամ դեսի վրա գալուց որ մի երկու կճուճ էլ մեղր բերես՝ այ նոր քվիդ կլենք։
-Ա դու գիդե՞ս ոչ, մեղրի հետ ես սեր չունեմ.մեղուների կծոցից վախըմ եմ...բայց դե քեզ նման առառաձեռն մարդու համար, մի ճար կանեմ,- խորը հոգոցով պատասխանեց Արչոն, էդ ժանգոտ երկաթը գցեց խուրջինը ու տխուր բռնեց անտառի ճամփեն։
Հասնելով անտառ՝ Արչոն ժանգոտած բահը մի լավ մաքրեց.վրայի ժանգն ու նագարը քերեց, շուշաթղթեց, հաճարի ծառից էլ մի լավ պոչացու ճյուղ կտրեց, ռանդեց, շուշաթղթեց ու հագցրեց բահին՝ դարձնելով այն մի պլպլան թոփ թազա բահ։
Բահի պոչը գցելուց յեդը, գնաց անտառի եռանդի տակի մի քարքարոտ հատվածում փորձեց տուն ու տեղ դնել։ Մի քանի օրվա ընթացքում, տարածքի քար ու քըռը մաքրեց, մի լավ բոստան գցեց, հողը քանդեց ու բերք ու բարիքի սերմեր ցանեց, գնաց դամբիցն էլ մինչի իր բոստանը մի լավ լեն ջրի արխ փորեց, ջուրը դամբիցը հասցրեց իր այգի և սկսեց այն մի լավ բեջարել։
Արչոյի մշակած բոստանը էդ ո՜նց էր ծաղկում, էդ ո՜նց էր փթթում՝ էլ ասելու չի։ Ում միրգ ու բանջարեղենի թփերն ու ծառները մեծանում էին տարիների, կամ ամիսների ընթացքում, Արչոյինը բոստանը ծաղկում էր ժամերի, կարելի է ասել նաև՝ րոպեների ընթացքում ։
Ու ըսենց աշխատասեր արջն իր արյուն քրտինքով այս քարքարոտ ամայի տարածքը շատ կարճ ժամանակահատվածում վերածեց մի դրախտավայրի։ Ժամանակ առ ժամանակ էլ բարձրանում էր ջրի դամբի մոտ ու արխը մաքրելով իջնում իր այգի։
Այսպիսի մի օր, երբ Արչոն հերթական անգամ բահն ուսին դրած արխի կողքով սարիցն  իջնում էր, կաղնուտի ոլորանի կշտին՝ աղբյուրի մոտ, հանդիպեց շեկո Աղոյին, ով աղբրի կշտի գերանի վրա թինգն էր տվել ու ծառի հովին ճմլկոտում էր։ Հասնելով նրան Արչոն՝ մի ապուշ ժպիտ նկարելով դեմքին ասաց.
-Բարի աչողում, քիրա, լավ էլ ծմակ տեղ ես գտել ու քամակդ հովին ես տալի..կթողնե՞ս  քո աղբրի սառը ջրիցը մխելա խմեմ՝ հովանամ։
-Աստծու բարին քեզ քե մատաղ... արի, խմիր: Տո մի լավ խմի, հլա մի հատ էլ նստի  ու մի քիչ էլ դինջացի։ Հրետ ես էլ եմ դինջանըմ, շատ էի հոգնել, մեռա մինչի էս գերանը փոսիցը դուս քաշեցի,-մտքում մի կեղտոտ ծրագիր գծագրելով պատասխանեց աղվեսը։
_Չէ՛, շոնորհակալ եմ քիրա ջան, համա պարապ չեմ ու դինջանալու վախտ չունեմ՝ կիսատ-պռատ գործեր ունեմ: Ամոթ չլինի հարցնելը՝ էդ ծանդր գերանն ինչու՞ էս փոսիցը հանել, որ մի հատ էլ տանջվել ու հոգնել ես,-միամիտ հարցրեց արջը։
-Բա էլա՞վ, արջ ախպե՛ր, բա ըտենց միամիտ հարցեր կտա՞ն։ Տանում եմ բացատ, որ տուն շինեմ։ Տուն շինեմ, որ ձմեռը միջին տաք տաք ապրեմ, էսա աչքներս թարթեցինք՝ ձմեռա,-բեխի տակ ծիծաղելով ասաց աղվեսը։
_Հա՜, դուզ ես ասըմ, տունը պետքա։ Հրեդ ես էլ տեմ սարքիլ, բայց դե ժամանակս չի հերիքում,- հոգոց քաշեց արջը։
-Դա նրանից է Արչո ախպեր, որ քո երկու գործը մեկ չես սարքում...
-Էդ ո՞նց  են սարքում որ քիրա ջան՝ մի քու ղայդի խորհուրդ տուր:
-Նայի՛ր, հիմա սարից բահը ուսիդ շվշվացնելով իջնում ես չէ՞։
_Հա, իջնում եմ բոստանս, բա չիջնե՞մ, բա հո չեմ կարալ ըստի մնամ՝ բոստանս ընդի խանձվըմա։
-Ըհը, կարաս չէ՞ բահը ըստի մի ծառի տակին պահես ու հետդ մի գերան իջացնես, հետո բարձրանաս բահով գործ անես ու էլի մի ուրիշ գերան իջացնես։ Համ բահիդ գործը կանես, համ էլ ապագա տանդ համար գերաններ կիջացնես՝ չեղա՞վ երկու գործը մի տեղ։
-Հա բա մթա սուտ ես ասու՞մ,- գլուխը քորելով մտքերի մեջ ընկավ արջը և շարունակեց,-բա որ բահս ըստի թողամ, գողանա՞լ չեն, այ քիրա։
-Իիի՜, այ շա՛շ, ես ըստի ամբողջ օրը նստած, էդ ո՞վ ռիսկ կանի որ գողանա։
Երկար-բարակ զրցից յեդը աղվեսը արջին համոզեց, որ սա իրա բահը մի կաղնու ծառի տակ պահի, օգնեց որ գերանն էլ դնի ուսին ու արջը գնաց։
Արջի հեռանալուն պես, աղվեսը  արջի բահը պահած տեղից հանեց, արջի փորած արխով գնացող ջուրը թեքեց դբա իրա բացատը՝ կապելով ծառների ու թփեչի տակը ու սկսեց իր բաղ ու բախչեն բեջարել։ Արջն էլ՝ բանից անտեղյակ գերանն ուսին դրած իր համար շվշվացնելով սարիցն իջնում էր։
Մասրի թփերի ոլորանը դեռ նոր էր թեքվել ու աչքովն ընկավ, որ հրեն ներքի աղբրի կըշտին՝ մի ժայռաբեկորի վրա, մոխրագույն  գայլը ջանդակը փռել էր էդ քարի վրա ու իրան արևին էր տալիս։
Գիդեմ ոչ՝ քամու՞ մատն էր խառը, թե՞ քարայծի ոտքը, մոտակա ժայռից մի ժայռաբեկոր էր պոկվել ու գլորվելով հասել աղբրի կուշտը։ Գայլը ձայներ լսելով ու որսի ակընկալիքով վազել էր դեպքի վայր, բայց ոչ մի որս չհայտնաբերելով պառկել էր ժայռաբեկորի վրա ու դինջանում էր։ Հասնելով նրան արջը գերանը ուսից վայր դրեց ու դեպի աղբյուրը քայլելով, դեմքին էլ մի ապուշ զարմանք նկարելով, գայլին ասաց.
-Բարի աչողում, մոխրոտ ախպեր, էս ի՞նչ կա ըստեղարենք, տնաշեն դու էլ գնալով լղարըմ ես՝ հազիվ ճնանչեցի։
-Աստծու բարին դմբուզ ջան, - ի՞նչ էլ լավ հարմար գերան է, իսկը գետափից նապաստակների բլրի արանքի չափով մտածելով պատասխանեց գայլը և մտքի մեջ մի դավադիր պլան մշակելով շարունակեց,- է հա կերածս էդ ինչա, որ մի հատ էլ չլղարեմ. ամբողջ  օրը անտառը չափչըփելով ման եմ գալի, բայց մի անտեր որս էլ չի պատահըմ.էդ գերանն ու՞ր էս ըտենց շլակած տանըմ։
-Տանըմ եմ, որ տուն շինեմ,-հպարտ պատասխանեց Արչոն։
-Այ տա փետով ո՞վ է հիմա տուն շինում,-ծիծաղեց գայլը։
-Էդ ինչի՞ որ,-վիրավորված հարցրեց արջը։
-Ո՞նց թե ինչի՝ չոր անտառ է, մի պեծ մի բան, բա որ կրակն ընկնի անտառը, բա քո փայտի տունը վառվիլ չտի՞։ Հիմա ո՞վ է փետից տուն շինում.. քարո՛վ են սարքում՝ քարո՛վ, այ ինձ նման...ժայռից հազիվ պոկել եմ, որ տանեմ ու տուն շինեմ։
-Մթա սուտա, լավ էլ դուզ ասում ես,-ծործորակը էլի քորելով փնթփնթաց արջը ու շարունակեց,-հա էլի, բա որ անտառը հանկարծ պաժառ ընկնի ու ես էլ իմ փետի տանը միամիտ ինձ հմար քնած ըլե՞մ։ Չէ՜, գերաններով տուն շինելը ապագա չի, ես էլ տեմ քարով շինիլ՝ ապահով է և անվտանգ։
-Կուզե՞ս էս ժայռաբեկորը քեզ տամ, քո գերանի դիմաց...էս պահին էդ գերանն ինձ ավելի շատ է հարկավոր,-աչքերից փայլ նետելով հարցրեց գայլը։
-Հա խի չէ՞ որ, մոխրոտ ախպեր, բա հլա մի շնորհակալ էլ չե՞մ ըլի։
Երկար-բարակ զըրըցից յեդը գայլը արջից գերանը վերցրեց՝ նրան տալով իբր իր ժայռաբեկորը և մինչ արջը տանջվելով այդ ժայռի ահռելի կտորը գլորելով կիջացներ իր բոստան, գայլը գերանը բերեց գցեց գետափի ու նապաստակների բլրի վրա ու նապաստակներ էր, որ կուլ էր տալիս...գայլի կըշտանալու  հարցը մի քանի ամսով լուծվեց ։
Արջն էլ իր հերթին, ժայռաբեկորը իջացրեց ներքև՝ հասցնելով սարի փեշը և իր բոստանում սկսեց տուն կառուցել։
Արդեն գարունը վերջանում էր ու արջն էլ ընկած տան շինարարության գործերով, միայն ամռան սկզբին նկատեց, որ բաղ ու բախչեն չորանում է։ Գնաց տեսավ ջուրը կտրվել է ու ծառ ու ծաղիկը խանձվել  է։
-Այ տա էս ի՞նչ էլավ ու էս ոնց էլավ,- ինքն իրեն մտածեց արջը և որոշեց գնալ դամբից նորից ջուր բերել, բայց երբ հասավ կաղնու ծառի մոտ, տեսավ որ բահը թռցրել են։ Հասկացավ, որ աղվեսի մատը խառն է ու իրեն ինչ-որ մի տեղ ֆռռացրել է՝ կատաղած շարժվեց դբա Աղոյի բացատ։ Էկավ Աղոյի բացատ ու ի՞նչ տեսավ... Աղոյի բոստանը ծաղկում ու փթթում էր, ջուրը մշտական բոստանը արած, Աղոն էլ հրեն իր բահով այգին է բեջարում։
-Ա բարի աչողում, քիրա՛,-կատաղած բարևեց արջը։
Աղվեսը չպատասխանեց։
-էս ինձ խաբեցիր, հա՞, այ ժանգոտ խաբեբա՛, լի՛րբ, դե հիմա՝ հենց էս սհաթիս բահս հետ տուր, թե չէ գիտես հա՝ ինձ դմբուզ կասեն,_բռունցքը աղվեսին ցույց տալով բարկացած մռնչաց արջը։
Արջի ահից աղվեսի փուշը թողեց և մեղմ տոնով ասաց.
_Դմբուզ ջան, որ բահը վերցրել եմ, ախր տեղն էլ գերան եմ տվել չէ՞.. դե որ ըտենցա, դու էլ իմ գերանը հետ տուր։
_Հրես էսա տամ, ասա ո՞ր ծառն է դիրդ գալիս՝ թոլ անեմ,-ոգևորված ասաց արջը։
_Չէ՛, լավ արջ ախպե՛ր, ըտենց չի ըլի, տարբեր քաշի ծառներ կան.մի մասը ինձ համար թեթև են, մյուս մասը՝ ծանր։ Իմ տված գերանը իսկը իմ ուզածն էր։ Ես իմ տված գերանն եմ ուզում, որ իմ գերանն եմ ուզըմ,-արդեն վերջնագրով խոսեց աղվեսը:
_Լա՜վ, դե որ հենց քո տվածն ես ուզըմ, հրես գնամ գայլի մոտից բերեմ, նրա կշտին եմ հիլ արել ,-խեղճացած պատասխանեց արջը եւ գնաց գերանի հետևից։
հա՛,- ասավ ու գնաց գայլին փնտրելու, բայց դե գայլն արդեն կուշտ է, էլ գայլ կգտնե՞ս...մի անտառ ու մի գայլ։
Վերջը արջը շատ տանջվեց. շատ ման եկավ գայլին,թե քիչ՝  կարալ չեմ ասեմ, բայց ամառվա կեսն անց կացավ ու մի կերպ կեչուտում մի օր  մոխրոտին բռնացրեց.
-Հլա կայնի մոխրոտ, ասելիք ունեմ.. տնաշեն էս ինչդա՞ր էլ չաղացել ես, հազիվ ճնանչեցի։ Ասելիքս էնա, որ եկել եմ գերանս հետ վերցնեմ, մոխրոտ ջան, գերանս հետ տուր. գերանս տուր, որ տանեմ տամ աղվեսին իմ բահը հետ վերցնեմ ու այգիս մշակեմ,- կես մուննաթ, կես խեղճ խեղճ  ասաց արջը։
-Հլա մի րոպե, այ խիալբա՛զ, հլա ըթե վրա մի տալ: էտա լավա էլի՝ աղվեսի գերանը հետ տաս, քո բահը հետ վերցնես, բա հետաքրքիր է՝ իմ ժայռաբեկորն ո՞վ պետք է տա, հը՞ Արչո ախպեր.. էս մեջներիդ հարիֆն էլ ես եմ հա՞։ Դե հմի կգնաս իմ քարը հետ կբերես, նոր քո գերանը հետ  կստանաս,-ժանիքները դուրս ցցած գռմռաց գայլը։
-Լա՜վ ,լա՛վ՝ մի բարկացիըստի էս չէ՞, հրես գնամ բերեմ,-հուզված ասաց ու հեռացավ արջուկը։
Է հա՛, ասիլը հեշտա. Էդ անտեր ժայռը բերիլը գիտեք թե հե՞շտ ա։ Սարի քյալից մի ամսում հազիվ թոլ արեց ու հիմա պետք է սարը բարձրացնի։ Բայց դե ի՞նչ արած, գայլն իր ապրանքն է ուզում։Եկավ շատ տխուր կանգնեց կիսաշեն տան դիմաց և արցունքներն աչքերին  ստիպված  եղավ քանդել իր կիսաշեն տունըհիմքից այդ ժայռաբեկորը հանեց ու մի կերպ՝ մինչի աշուն բարձրացրեց սարը։
Էլի մի կերպ գայլին գտավ, քարը տվեց, գերանը վերցրեց, որը գայլին էլ պետք էլ չէր...բլուրի բոլոր նապաստակներին կերել էր։ Գերանը դրեց ուսին ու շարժվեց աղվեսի բացատ։
Արջը մինչի հասավ աղվեսի բացատ, արդեն անտառը  խոր աշնան շնչով էր ապրում. Թամբալ աղվեսը կանգնած ցորենի ու գարու արտերի մոտ՝ մտածում էր, թե էս էլածը ո՞նց պետք է հավաքի ու մին էլ տեհավ հեռվից հրեն արջը՝ գերանն ուսին գալիս է իր ուղղությամբ ու մտածեց.
-Ըհը, հրեն էն գերանդին ուսին եկող հիմարն էլ կհնձի։
Հասնելով աղվեսին արջը բացականչեց.
-Հրես հայ, այ ղանջղ, բերեցի քո գերանը,- շպրտելով աղվեսի ոտքերի տակ, շարունակեց,- վեկալ քո գերանը, ժանգոտ շան որդի, վեկալ ու թեզ արա իմ բահը ինձ տուր։
-Քո բահը էլ չկա Արչո ախպեր, տարել ու գցել եմ գետը,-հանգիստ պատասխանեց աղվեսը։
-Ո՞նց թե չկա, այ շան որդի,-ասեց ու գերանը վերցնելով ձեռքը կատաղած  ընկավ աղվեսի հետևից, որ սպանի։
Ձեռքի գերանը հո չէր պտտում, հո չէր պտտում, ամեն մի պտույտին դաշտի մի ահռելի տարածք հնձում էր։ Վերջը՝ մի երկու ժամում աղվեսը հընենց խափսը տվեց, որ արջը ամբողջ արտը գերանով հնձեց, բազուկն ու գազարն էլ գետնատակից հանեց ու այս՝ այդ գերանը պտտելու ընթացքում այնքան դիպավ գետնին ու քարերին, որ մաշվեց, բարակեց ու արջի ձեռքին դարձավ մի իսկական ճիպոտ։
Մի ահագին վախտ  յեդը, արջը շատ հոգնեցնստեց մի քարի վրա  ու լեզուն կախ գցած հեւում էր՝ քրտինքը վրայից թափվելով։
Մի քիչ որ հանգստացավ, հասկացավ որ խաբվել է ու նեղացած հեռացավ։
Աղվեսն ու գայլը էս էլած բերք ու բարիքը տարան շուկա վաճառեցին, աղվեսը էդ փողով  իր համար մի նոր մուշտակ  գնեցգայլի համար էլ մի որսորդական հրացան գնեց, որ պառկած տեղիցը  լավ որս անի, իսկ խաբված արջը  ստիպված իր ձեռքի ճիպոտով սկսեց մեղուների բներ քանդել և իր գոյությունը պահպանել՝ ճիպոտի վրայի մեղրը լիզելով։
Այսպես է եղել, որ աշխատասեր արջը սկսել է ճիպոտով մեղվի բներ քանդել, այսպես է եղելոր սկսել է ՝ իր գոյությունը պահպանելու համար մեղուների հետ կռիվ տալ և մեղուների խայթոցներին դիմանալով մեղր ուտել, այսպես եղել որ արջը՝ ունենալով ամեն ինչ՝ մնաց անտուն և մինչ օրս  քնում է որտեղ պատահի՝ ձյունից սարքած որջերում և այդպես եղել, որ արջը սկսել է շատ երկար քնել։ Սկսել է  երկար քնել, որպեսզի խարդախ աղվեսի ու գելի տիպը որքան հնարավոր է քիչ տեսնի
.....


Հեքիաթասաց