ՊՆ խոսնակը ստում է

15/07/2019 19:03
ՊՆ խոսնակը ստում է

Պաշտպանության նախարարության հավերժական մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի բուն գործունեությունը ապատեղեկատվության տարածումն է, ընդ որում, այդ տեղեկատվությունից բաժին է հասնում նաև նախարարին: Սա մտահոգիչ է: Այսօր հերթական այդպիսի մի գրառում է կատարել ազգությամբ եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանի մասին, որ նա բուժվել և հիվանդանոցից հեռացել է անհայտ ուղղությամբ:

Խոսնակը ստում է:

Դեռ մեկ շաբաթ առաջ պարբերաբար զանգել և տեղյակ ենք պահել, որ զինծառայողին դուրս են գրելու և այլևս իրավունք չունեն պահել ռազմական ոստիկանությունում, այսինքն պետք է կարգավորել այդ հարցերը, սակայն ոչինչ չեն արել: Բժիշկները դուրս են գրել հիվանդ տղային, մինչև դուրս գրելը մենք կապ ենք հաստատել ՊՆ մարդու իրավունքների բաժնի, ինչպես նաև ռազմական ոստիկանության բաժնի պետերի հետ, տեղյակ ենք պահել ընթացքի մասին: Բանակ զորակոչված Յուրիկ Բրոյանը հավանաբար կազատվի բանակից, նա հիվանդ վիճակում էր զորակոչվել, բայց նրա վիճակը այս մեկ տարվա ընթացքում վատթարացել է անդառնալիորեն: Պատճառը բանակում զինծառայողի նկատմամբ վատ վերաբերմունքն է, անգամ մամուլի խոսնակի կողմից:

Իրավապաշտպան՝ Ժաննա Ալեքսանյան

Հ.Գ. Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ իրավապաշտպանն ավելի վաղ բարձրաձայնել էր.

«Ազգությամբ եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանը անօգնական վիճակում է։ Նա շտապ բուժօգնության կարիք ունի, նրան անհապաղ պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն շարունակում են պահել ռազմական ոստիկանությունում։ Զինվորը պարալիզացված է, չի կարողանում խոսել, գլուխը ցնցվում է։ Հոգեբանորեն խիստ ճնշված է։ Բանակ է զորակոչվել «թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ»։ Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից։ Հարուցված է քրեական գործ։ Զինվորը տուժողի կարգավիճակ ունի։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն,(ենթադրվում է նախարարի գիտությամբ), զինվորի վիճակը ախտորոշել է որպես սիմուլյանտություն, նույնիսկ հատուկ հայտարարություն է տարածել, ընդգծելով, որ այսպիսի զինվորները արատավորում են Հայոց բանակի անունը։ Մեկ օր առաջ զինվորին այցելել է մեր փաստաբանը, զինվորի վիճակն այնքան ծանր է եղել, որ ահազանգել է ՄԻՊ արագ արձագանքման խմբին՝ բուժօգնություն տրամադրելու նպատակով։ Յուրիկ Բրոյանին տարել են Մուրացանի հոսպիտալ, ապա Կանազի և դարձյալ վերադարձրել ՌՈ․ Զինվորի կյանքը վտանգված է և նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է պաշտպանության նախարարության կոնկրետ պաշտոնատար անձինք, որոնք տեղյակ լինելով զինվորի վիճակի մասին, շարունակում են հալածանքների ենթարկել և միջոցներ չեն ձեռնարկում նրան առողջական վիճակի ուղղությամբ։ Կարծում եմ, որ ՊՆ խոսնակի նման հայտարարությունն ուղղակի ցուցում է զինվորի նկատմամբ այսպիսի վերաբերմունքի»: