FIP.AM-Ի մանիպուլյացիան

13/07/2019 19:01
FIP.AM-Ի մանիպուլյացիան

Fip.am կայքը (որը կարծեմ նախկինում կոչվում էր sut.am) «Ստամբուլի կոնվենցիայի» շուրջ մանիպուլյացիաները վերնագրով մի նյութ է հրապարակել, որտեղ նշել է՝ «Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ևս Ստամբուլյան կոնվենցիայի արմատական քննադատներից է։Վերջինս, սակայն այս թեմայով որևէ մտահոգություն ու առարկություն չի արտահայտել 2018-ի դեկտեմբերին, երբ այն ժամանակվա իշխանությունները ստորագրում էին «ՀՀ Սահմանադրությանը հակասող» կոնվենցիան։»:

Հատկանշական է, որ նույն հոդվածի մեջ Fip.am-ը տեղադրել է 18.01.2018թ․ կառավարության նիստի տեսանյութը, որտեղ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ստամբուլյան կոնվենցիայի հավանության հարցի ժամանակ հայտնում է՝ «մանրամասն չեմ ուզում խոսեմ, որովհետև, որոշ ժամանակ առաջ մենք խոսում էինք Ընտանիքում բռնության կանխարգելման և զոհերի պաշտպանության մասին օրենքի նախագծի հետ կապված: Սկզբունքորեն բուն դրույթները այդ օրենքի վերցված են այս կոնվենցիայից:»:
Պետք է տեղեկացնեմ նաև, որ ստամբուլյան կոնվենցիայի փոքրիկ մոդելը հանդիսացող «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 13.12.2017թ., ստորագրվել է նախագահի կողմից 30.12.2017թ. և ուժի մեջ է մտել 31.01.2018թ.: Թեև այդ նախագիծը քննադատությունների արդյունքում որոշակի փոփոխությունների է ենթարկվել, սակայն նախկին իշխանություններն իրենցն արեցին:
Ստամբուլյան կոնվենցիայի մասին կառավարությունը որոշումն ընդունել է 18.01.2018թ․՝ հենց այդ ժամանակահատվածում, երբ հասարակության դժգոհողների ձայնը լռեցրել էին օրենքն ընդունելով:
Այդ օրինագծի հետ կապված ես և իմ գաղափարակիցները հրապարակային բողոքի ձայն ենք բարձրացրել ոչ միայն մամուլի ասուլիսների և հարցազրույցների միջոցով, այլև՝ մասնագիտական քննարկումների և պաշտոնական առաջարկների միջոցով:
Կարծում եմ այս պայմաններում Fip.am կայքը դիտավորյալ մանիպուլյացիոն կերպով փորձում է վարկաբեկել քննադատական կարծիք արտահայտողներին:
Եվ մի դիտարկում էլ, նույնիսկ, եթե որևէ քաղաքացի կամ պաշտոնյա նախկին իշխանությունների օրոք որևէ պատճառով չի խոսել և հիմա փորձում է այս իշխանության օրոք իր կարծիքը համարձակորեն բարձրաձայնել, պետք չի երեսով տալ: Չէ, որ այս իշխանությունն իրեն հռչակել է ժողովրդի իրավունքների պաշտպան:
Տեղադրում օրինագծի հետ կապված նախկինում հրապարակված այլ նյութեր:

,Ընտանեկան բռնության դեմ օրինագիծը մտահոգիչ է. Արա Զոհրաբյան,«Եռօրյա արկածախնդիր կապը չի կարող համարվել ամուսնություն». Արա Զոհրաբյան,Արա Զոհրաբյան. «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը վերաբերում է բոլորիս,ԿԱՅԱՑԱՎ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ


ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան