Բախումներ՝ Քոչարյանի աջակիցների և ոստիկանների միջև. կան բերման ենթարկվածներ

10/07/2019 14:27
Բախումներ՝ Քոչարյանի աջակիցների և ոստիկանների միջև. կան բերման ենթարկվածներ

news.am-ը տեղեկացնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբրետ Քոչարյանի աջակիցները, որոնք Հանրապետության Հրապարակից երթով շարժվում էին Երևանի Կենտրոնի փողոցներով, քիչ առաջ փորձեցին փակել Թումանյան փողոցը, որտեղով ըստ իրենց տեղեկությունների՝ պետք է անցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը։
Ոստիկանները թույլ չտվեցին և սկսեցին ազատել ճանապարհը։ Այնուհետև միջադեպ տեղի ունեցավ Քոչարյանի աջակիցների և նրանց  ակցիայից դժգոհ մի քանի քաղաքացիների միջև, արդյունքում ոստիկանները այդ քաղաքացիներից մեկին բերման ենթարկեցին։
Քիչ անց քաշքշուկ սկսվեց նաև ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկաններն ուժի կիրառմամբ փողոցից հեռացրեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին և նրանց բերման ենթարկեցին։ Ակցիայի մասնակիցների հարցին, թե ինչու՞ են բերման ենթարկում, ոստիկանները պատախանեցին՝ պարզաբանումներ ստանալու համար։
Ակցիային մասնակցող դերասանուհի Անահիտ Մութաֆյանի ինքնազգացոցղությունը ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում վատացավ։ Ցուցարարները հայտարարեցին, որ ոստիկանների կողմից բռնություն է կիրառվել կանանց նկատմամբ։
Նշենք, որ Թումանյան փողոցն ազատելուց հետո Փաշինյանի ավտոշարասյունն անցավ Թումանյան փողոցով։
Այս պահին իրավիճակը Երևանի կենտրոնում շարունակում է մնալ լարված։ Ակցիայի մասնակիցները Թումանյան  փողոցից ուղևորվում են ոստիկանության Կենտրոնի բաժին՝  Ի պաշտպանություն բերման ենթարկվածների։