Իրավական ինչպիսի՞ նորմեր են խախտվել, եւ «Ներքին դիտման» շրջանակներում «շորթման նմանակում» բեմադրությունն ինչ նպատակ է հետապնդել

07/07/2019 15:30
Իրավական ինչպիսի՞ նորմեր են խախտվել, եւ «Ներքին դիտման» շրջանակներում «շորթման նմանակում» բեմադրությունն ինչ նպատակ է հետապնդել

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը ՖԲ իր էջում գրում է.

Մի քանի օր առաջ դատական նիստում ականատես եղա մի խնդրի, որի մասին չեմ կարող չբարձրաձայնել։ Խնդիրը վերաբերում է «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացմանը։ 
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածում նախատեսված են օպերատիվ-հետախուզական միջոցառումներին ներկայացվող պահանջները, որոնք նաև երաշխիք են անձի իրավունքների պաշտպանության ապահովման համար։ «Ներքին դիտում» օպերատվ-հետախուզական միջոցառմանը ներկայացվող պահանջներից է՝ դրա կատարումը միայն դատարանի որոշմամբ, ինրպես նաև միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվելու դեպքերում։ 
Իհարկե, օրենսդրական այսպիսի կարգավորումը, անձի իրավունքների պաշտպանության համար, բովանդակում է կարևոր երաշխիքներ, սակայն պրակտիկայում հանդիպում ենք իրավիճակների, երբ «Ներքին դիտում» կատարելու համար օպերատիվ-հետախուզական մարմիններն արհեստականորեն ծանրացնում են մեղադրանքը։ Հետագայում ամեն ինչ արվում է հանուն այդ գործողության օրինականացման, իսկ արդյունքը լինում է այն, որ անձը դատապարտվում է ծանր հանցագործության համար։ Այսինքն հանցագործության մեջ կասկածվող անձի համար օրենսդրական վերը նշված կարգավորման վնասն ավելի մեծ է, քան օգուտը։ Վերը նշված հետևությունը կապված է օրերս լրագրող Գայանե Մանուկյանի հետ, որը մեղադրվում է շորթում կատարելու մեջ և որի շահերի պաշտպանությունն իրականացնում եմ ես և իմ գործընկեր՝ փաստաբան Տիգրան Ղազարյանը։

«Ներքին դիտումը», որը դատարանի որոշմամբ թույլատրվել է կատարել՝ ակնհայտ անօրինական է, քանի որ հանցագործության մասին հաղորդման մեջ հաղորդում տվող անձը՝ որևէ տվյալ չի նշել գույքային կոնկրետ պահանջ ներկայացնելու մասին։ Այսինքն խոշոր չափով շորթում կատարելու վերաբերյալ կասկածն եղել է անհիմն և չափազանցված, որպեսզի կատարվի «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը։
Մյուս կարևոր խնդիրը, որը նույնպես այս գործով արժանի է ուշադրության՝ դա «Ներքին դիտման» շրջանակներում «շորթման նմանակում» կատարելն է, որը լուսաբանվեց լրատվամիջոցներով և համացանցով։ 
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը սպառիչ թվարկում է այն գործողությունների շրջանակը, որոնք կարող են իրականացվել իրավասու մարմինների կողմից։ Այդ գործողությունների շարքում կա «կաշառքի նմանակում», բայց չկա շորթման նմանակում։ Գայանե Մանուկյանի նկատմամբ, բացի ներքին դիտումից, իրականացվել է նաև «շորթման նմանակում»։ Կարծում եմ, որ այստեղ ունենք օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից օրենքի կոպիտ խախտում, որը որևէ գնահատականի չարժանացավ ինչպես նախաքննության մարմնի, այնպես էլ դատարանի կողմից։
Դատական ակտը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, կարծում եմ, որ վերաքննիչ դատարանն այս անգամ նույնպես կգտնվի իր բարձրունքի վրա և իրավական ճիշտ գնահատական կտա բարձրացված խնդիրներին, որոնք ունեն կարևոր նշանակություն ոչ միայն այս գործի, այլև մեր իրավակիրառ պրակտիկայի համար։