Օձունի հողատարածքների թնջուկը

02/07/2019 20:32
Օձունի հողատարածքների թնջուկը


 Մոտ երկու տարի է ինչ ընթացքի մեջ  է Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ըստ Օձուն համայնքի մի խումբ բնակիչների, այս աշխատանքների արդյունքում իրենցից շատերին փոխհատուցումներ չի տրամադրվել, քանի որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը,  մարզպետարանը եւ ԾԻԳ-ի ներկայացուցիչներն  առանց համայնքում հանրային լսումների, հիմնավորել են  հողօգտագործողներից ոմանց  ասածները եւ կողմնակալ ձեւով փոխհատուցումներ են տրամադրել։

Ալավերդիի տարածաշրջանի ազգաբնակչությանը դեռեւս խորհրդային տարիներից ի վեր այգիներ եւ հողակտորներ էին հատկացվում այգեգործական հիմունքներով, մարդիկ պատմում են, որ օգտագործման նպատակով մշակել են իրենց հողերը եւ շահույթ ստացել, պետության էլ հողի հարկ ու տուրք չեն վճարել։ Միմյանց հողեր են նվիրել, կամ սահմանագծեր են քաշել ու դարձել սեփականատերեր, խորհրդային տարիների փլուզումից հետո, մինչ օրս այս խնդիրը օրենսդրորեն կարգավորված չի։

Երբ սկսվեց միջպետական ճանապարհի հիմանորոգումը, շատերը՝ լոսելով, որ իրենց հողատարածքների համար փոխհատուցում է տրվում ճանապարհաշինության համար, 30 տարի եւ ավել իրենց հողերը չմշակողներն էլ են սկսել փոխհատուցում պահանջել պետությունից։
 -Դիմում ենք, որ մեզ էլ տեղեկանք տան, որպես սեփականատերեր, փոխհատուցում ստանանք, համայնապետարանից պատասխանում են, ովքեր սեփականության վկայականներ ունեն նրանք են ստանում։ Իսկ ովքեր համայնքապատկան հողերը ապօրինի ձեւով են օգտագործել, դրա համար համայնքապետարանը չի կարող կեղծ տեղեկանքներ տրամադրել մեզ, եւ դեռ պետք է նման գործընթացների դեմն առնի։ Հեկտարներով հողեր են Օձունի հողերը, էն ո՞վ էր սովետի ժամանակ հարցում, թե ինչի ես մշակում պետության հողը, հիմա ասում են օրենքը թույլ չի տալիս, չգիտենք էլ ում դիմենք,-պատմում է Դավիթ անունով օձունեցի բնակիչը։