Եթե հաղթող թեկնածուների անունները վաղօրոք հայտնի են, ինչի՞ համար են մրցույթները

02/07/2019 08:27
Եթե հաղթող թեկնածուների անունները վաղօրոք հայտնի են, ինչի՞ համար են մրցույթները

«Հայկական Ժամ» կայքին են դիմել Վաղարշապատի /Էջմիածին/ Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մի խումբ ծնողներ՝ տեղեկացնելով, որ դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար հուլիսի 4-ին մրցույթ է հայտարարված։ Խմբագրությանը դիմած ծնողներն իրենց դժգոհությունն էին հայտնում մրցույթի 7 մասնակից թեկնածուներից հատկապես Գրետա Ներսիսյանի ինքնավստահ պահվածքից, ով իր մտերիմների մոտ անկեղծացել է, որ մարզպետարանը իր թիկունքին է եւ իր հարցերը լուծված են, տնօրենն էլ արդեն ինքն է։ Ի դեպ, ինչպես ծնողներն էին նշում, Գ․ ներսիսյանը մարզպետարան ասելով, նկատի ունի վարչության պետի պաշտոնակատար՝ Սոնյա Բուդաղյանին, ում հետ իր մտերիմ հարաբերությունների մասին է պատմում Գրետան ի լուր աշխարհի։
-Եթե Գրետան գիտի, որ ինքն է լինելու դպրոցի տնօրենը էդ մրցույթը էլ ինչի՞ համար են անցկացնում, նշանակեն պրծնեն էլի՜։ Կամ Սոնյան ինչի՞ է մարզպետից առաջ ընկել։ Էս չարչրկված ժողովուրդը մեկ մարդու նման ոտքի ելավ հեղափոխություն անելու, որ իմ ու քոնը չլինի, մաֆիա չլինի, բայց հիմա ինչ ընտրություն ու նշանակում լինում է, պետք է մեկը անպայման հայտնվի ու ասի, թե ես  էսինչի կողմից եմ ու պռոբլեմ չունեմ։ Հիմա մեր դժգոհությունն այն է, որ մեր մարզպետ՝ Համբարձում Մաթեւոսյանը տեղեկանա, որ իր  թիկունքում Գրետան ու Սոնյան իրար հետ գործ են սարքում։ Մենք էլ, որպես ծնողներ բարձրաձայնում ենք այս կողմնակալ վերաբերմունքի մասին եւ տեղեկացնում, որ ուշադրություն դարձնեն դպրոցում անցկացվող մրցույթին, թայֆաբազությանը վերջ տան,-ասացին մեր զրուցակիցները։ 
Երբ ծնողները ներկայացնում էին տնօրենի պաշտոնին հավակնող այս կամ այն թեկնածուին, զգացվում էր, որ ժամանակների հետ փոխվում եւ ավելի պահանջկոտ է դառնում հասարակությունը՝ գիտակցելով իր իրավունքները։ 
-Թեկնածուներից մեկն էլ Երեւանից է՝ Հասմիկ անունով,- շարունակում են էջմիածնեցիները,- Մեկն ասում է Հասմիկը ժուռնալիստ է, մեկն էլ ասում է Գրիգոր Զոհրապի անվան համալսարանն է ավարտել մանկավարժ է, էդ ո՞րն ա էդ համալսարանը, չենք հասկանում։ Կամ Երեւանը թողած Էջմիածնում ու Զվարթնոցում  ի՞նչ է ման գալիս,- տարակուսել են կրթական հաստատության ծնողները՝ մտահոգվելով, որ այդ ամենի արդյունքում կարող է տուժել իրենց երեխաների կրթության որակը:


Հերմինե Մանուկյան