Որո՞նք են դատավորների կաշկանդվածության պատճառները

18/06/2019 11:08
Որո՞նք են դատավորների կաշկանդվածության պատճառները

Hzham.am-ը շարուանկում է իր ուշադրության տակ պահել ԱՐԴ1/0081/01/17  քրեական գործի դատավարությունը:

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ այս քրեական գործը հարուցվել էր խոշտանգումների միջոցով ստացված կեղծ ցուցմունքների հիման վրա: Ամբաստանյալի աթոռին հայտնված երկու առանցքային դեմքերն են՝ Հայկ Ավանեսյանն ու Լեւոն Սմբատյանը: Նրանցից առաջինի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել էր՝ գրավի դիմաց ազատվելու դատավորի որոշմամբ, սակայն Լեւոն Սմբատյանի մասով՝ գրավի կիրառումը, դատարանի կողմից մերժվեց՝ 13/06/2019-ին կայացած դատական նիստին:

Դատավոր Վահե Խալաթյանի մերժումը անհասկանալի էր պաշտպանական կողմի համար, քանի որ առաջին ատյանի դատարանի կողմից հաստատվել է, որ Հայկ Ավանեսյանից եւ Լեւոն Բարսեղյանից ցուցմունքները վերցրել են խոշտանգելու եւ բռնություն իրականացնելու միջոցով (Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ մեր խմբագրությունում պահպանված են տեսանյութ ապացույցները, որ ցուցմունքներ  վերցնելուց, կալանավորների նկատմամբ բռնություն է գործադրվել: Հեղ.), ու հայտնի չէ, թե քաղաքացին որքան կալանավորված կմնա մի հանցանքի համար, ինչը հաստատող հիմնավոր ապացույցներ չունի:

Ըստ ամբաստանյալի հարազատների ու պաշտպանական կողմի, իրենք նկատել են, որ դատավորը կաշկանդված է եւ որոշումները կայացնում է ըստ մեղադրող Մնացականյանի տրամադրության: Դատավորի նման կեցվածքը նույնպես անհասկանալի է, քանի որ  նախորդ նիստերի ժամանակ բացահայտվել էին ՀՔԾ եւ մեղադրող կողմի ներկայացրած կեղծ վկաները, որոնց ցուցմունքների վրա է կառուցված այս քրեական գործը, եւ դատավորի համար պետք է, որ ակնհայտ լիներ, որ մարդն ազատությունից զրկված է կամայական որոշումների ու կեղծիքի հիման վրա:

Լեւոն Սմբատյանի հարազատներից մեկը նիստի ավարտից հետո մոտենալով լրագրողիս իր մտահոգությունը հայտնեց.

- Ախր այսպես չի կարելի, ինչու՞ են մարդուն զրկում ազատությունից, թող էլի շարունակվի դատավարությունը, մենք իրենց ոչ մի կերպ չենք խոչընդոտում, բայց թող գրավի միջնորդությունը բավարարեին, տղեն գար տուն, չէ՞ որ ոչ մեկ չգիտի, թե որքան է այս դատավարությունը շարունակվելու, իսկ մարդուն չի կարելի զրկել իր ընտանիքից, հատկապես, որ նրա մեղքը ապացուցող ոչ մի հիմք չկա: Խնդրում ենք բարձրաձայնեք այս խնդիրը:

Հ.Գ.-1 Ի դեպ, վերջին տարիներին ՄԻԵԴ բազմաթիվ վճիռները բավարարվում են հենց այն մասով, որ մարդկանց անօրինական կերպով զրկում են ազատությունից, ու այդ անօրինական որոշումների արդյունքում պետությունն է ֆինանսապես տուժում: Ա՛յ, եթե անօրինական որոշում կայացրած դատավորի հաշվից դուրս գար ֆինանսական փոխհատուցումը, ոչ մի դատավոր չէր համարձակվի մուրճը կամայական թակեր՝ զրկելով մարդուն այդքան թանկ ազատությունից: Հուսանք դատավոր Վահե Խլղաթյանը դարձի կգա ու այսուհետ որոշումները կկայացնի խղճի մտոք, հակառակ դեպքում, ո՞վ գիտի՝ գործը մինչեւ ու՞ր կհասնի եւ ի՞նչ հետեւանքներ կունենա...

շարունակելի


Աննա Գրիգորյան