Ոչ մի բան չի փոխվել. առաջ էլ էինք էշություն անելով ապրում, հիմա էլ

13/06/2019 16:29
Ոչ մի բան չի փոխվել. առաջ էլ էինք էշություն անելով ապրում, հիմա էլ

«Մեկ տարի անցավ, բայց էդ հեղափոխություն ասվածից բան չհասկացանք, էն ժամանակ էլ ենք էս էշությունը արել, որ ապրենք, հիմա էլ ենք անում, ամեն տեղ  նույնն է»,-պատմում են Ալավերդի քաղաքի բնակիչները։
-Ոչ մի բան չփոխվեց մեր քաղաքում, ավելի վատ քանց թե նախկինում, ավելի շատ սոված մնացինք, ոչ աշխատանքի տեղ կա, Թեղուտի հանքավայրը չեն թողնում աշխատացնեն, մարդիկ մնացել են շվարած։ Սաղ ժողովուրդը սոված ման են գալիս, ժողովուրդը ահավոր վատ է ապրում։ Ալավերդին երբեք այսքան աղքատ չի եղել, մենք միշտ լավ ենք ապրել։ Առավոտից իրիկուն էսպես կանգնում ենք, որ մենակ հացի փող տուն տանենք։ Շուկայում տեղ ունենալու համար գումար վճարում ենք, չնայած չնչին մաս է կազմում, դա չի խանգարում, բայց ապրելակերպը մեր չի փոխվում։ Աղբի մեջ նստած թափառող շների մեջ աշխատում ենք, գնացեք հերթով հարցրեք, բոլորը նույնը կասեն։ Քաղաքային այգիները աղբի ու չորացած խոտերի մեջ են մնացել, քաղաքը գյուղի է վերածվել,-ասում են շուկայում առեւտուր անողները։


Բացի հացի գումար վաստակելուց քաղաքացիները պատմում են, որ մի կերպ են վճարում կոմունալ վարձերը։


-Հոսանքի, գազի, գույքահարկի ու ջրի վարձերը մի կերպ ենք տալիս, պարտքով, սրանից նրանից խնդրելով։ Նույնիսկ օրեր են լինում, որ խմելու ջուրն ու կանալիզացիայի ջրերը իրար են խառնվում, անտերություն է... է՜, Նիկո՛լ, Նիկոլը էս քաղաքի համար ոչ մի բան չարավ,-հոգոց հանելով ասում են մարդիկ ու խուսափում լուսանկարչական խցիկից։
Մի քաղաքացուհի՝ անցենելով ու տեսնելով, որ զրուցում ենք քաղաքացիների հետ, բարձր ձայնեց.
-Լրագրողի ապարատ են տեսել, ամեն մեկը մի ծակ են մտել, դե խոսեք է, ընչի՞ չենք խոսում, ումի՞ց եք վախենում,-ասաց ու արագ հեռացավ։
-Հիմա լրագրողներն էլ ճիշտը չեն գրում, որովհետեւ իրենց էլ թույլ չեն տալիս, որ մեր ասածները գրեն։ Մինչեւ հասնում է գրելուն մեր ասածների  կադրերը կտրում են, ինչ իրենց հարմար է դա են ցույց տալիս, գրում։ Վախենում են, ախպեր ունեն, երեխա ունեն, հասկանում ենք,- բազմանշանակ աչքով է անում զրուցակիցներիցս մի տղամարդ ու շարունակում,- Ուզում ենք, որ դաժե ժուռնալիստը ինքն իրա գլխի տերն լինի, էն ՀՀԿ-ի ժամանակ ինչ ուզեին գրում էին, հիմա էդպես չի՝ վախենում են, ինչ ասում ենք ժուռնալիստն էլ չի  գրում։ Եթե ժուռնաիստները անկախացան, երկիրն էլ ինքն իրեն  կանկախանա։ Բան չփոխվեց,  էնքան ենք բղավել, ճչացել, որ հիմա էլ հավես չունենք, մի քիչ ուժ պետք է հավաքենք։ Պահ ա լինում, որ ասելիք շատ կա, բայց, որ գիտենք մեր խոսքը տեղ չի հասնի, ավելի լավ է ասենք էն ժամանակ, երբ որ ժամանակը գա, առայժմ ոչ թե հեղափոխություն այլ իշխանափոխություն է եղել Հայաստանում,-տրտնջալով ասում են մեր զրուցակիցները։


Ալավերդի տանող ճանապարհաշինության դանդաղ ընթացքն էլ է դժգոհություններ առաջացրել քաղաքացիների եւ հարակից բնակավայրերի ազգաբնակչության շրջանում։


-Էս երկու տարի կլինի թոզ ենք շնչում, մեր մեքենաները ջարդվում են, քանդել են ու թողել, օրական ծախսեր է, որ անում ենք։ Քաղաքային իշխանությունները իրենց մեքենաների համար քաղաքապետարանից փողեր են դուրս գրում զապչաստ են առնում, ֆռֆռում, հետո էլ ասում են, թե կարեւորը ժողովրդի տրամադրությունը բարձր է։ Մենք մեր գրպանից ենք ծախսում, պարտք անում, ձեզ ո՞վ է թույլ տվել քաղաքացիների անունից ասել, թե մեր տրամադրությունը բարձր է։  Ալավերդու խանութներում ժամկետանց ուտելիքները ծախում են մեր վրա, տեր չկա, տիրական չկա, ստուգող չկա։ Քաղաքապետարանում մարդիկ իրար հետ ամենավերջին, անբարո դիմելաձեւով ու արհամարհանքով են խոսում,  քաղաքապետ Սասունն էլ մենակ մտածում է, թե իր խոզերի համար որտեղից կեր ճարի, ահա Ալավերդու մարդու ապրելակերպն ու առօրյան,- Թումանյանի «Հառաչանքի» մոտիվներով զրույցն ավարտեցին ալավերդցիները: