«Մեր երեխաները աթար փռելով գրիժա են ստացել, մեզ դրել են մալի տեղ, գիդեն բան չենք հասկնա»

07/06/2019 22:40
«Մեր երեխաները աթար փռելով գրիժա են ստացել, մեզ դրել են մալի տեղ, գիդեն բան չենք հասկնա»

Շիրակի մարզի Փանիկ, Հայկավան գյուղերում հունիսի 9-ին ավագանու ընտրություններ են։

Ինչպես փանիկցիներն են նշում՝ Փանիկ համայնքը իր ավանդույթներին ու սովորություններին հավատարիմ է եւ կարեւորելով ավագանու դերը համայնքի զարգացման գործում, այս անգամ եւս պատրաստակամ են ակտիվ մասնակցություն ունենալ ընտրություններին։
-Փանիկ գյուղը շատ հայտնի մարդիկ է տվել մեր երկրին, օրինակ՝ համայնքի ավագանու թեկնածուներն էլ են կրթված մարդիկ։ Կան  բժիշկներ, մանկավարժներ, անհատ ձեռներեցներ կամ  այլ մասնագիտության տեր մարդիկ, ովքեր ի վիճակի կլինեն որոշումներ կայացնելու նիստերի ժամանակ, ի շահ մեր գյուղի,-ներկայացնում են փանիկցիները։
Իսկ Հայկավան գյուղում շատերը նույնիսկ տեղյակ չէին, որ համայնքում ավագանու ընտրություններ են տեղի ունենալու։ Պատճառաբանելով՝ սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, հայկավանցիները միայն հետաքրքրված էին, թե երբ հնարավորություն կունենան մեկնել ՌԴ արտագնա աշխատանքի։
-Մեզ ինչի՞ չեք ասում, թե էս ժողովրդի դեպորտների հարցը ինչ պետք է լինի, որ գնանք աշխատինք, մեր երեխաները սովից չմեռնին։ Ի՞նչ ավագանու ընտրություն, Հայկավանի ժողովուրդն էս պետության համար գոյություն չունի, մենք կանք, բայց չկանք էս երկրի երեսին։ Մեզ աշխատանք է պետք, ոչ թե նստենք սպասենք, թե գյուղապետարանը երկու կոպեկ կտա, թե չէ, կամ հարեւանը երկու հավկիթ տա ուտենք էդ օրը պրծնենք։ Գյուղը մինչեւ հիմա գազ չունի, էս մեր երեխաները աթար փռելով գրիժա են ստացել, մեզ դրել են մալի տեղ, գիդեն բան չենք հասկնա։ Լավ էս երկրի վիճակը ի՞նչղ պետք է եղնի, ո՞վ կարա բացատրե մեզի,-դժգոհում էր Սամվել անունով հայկավանցին եւ մյուս հավաքվածները։