Ատամնաբույժը՝ համայնքապետ

07/06/2019 18:31
Ատամնաբույժը՝ համայնքապետ

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում առաջադրված թեկնածուներից մեկն ատամնաբույժ՝ Նաղաշ Հակոբյանն է: Ըստ գեղհովիտցիների, թեկնածուն հարգված ընտանիքից է սերում: Ծնողները  Ալաշկերտի Քոփկռան գյուղից են  եկել: Այս գերդաստանում  հասակ են առել ու դաստիարակվել 3  եղբայրները, որոնք այսօր պիտանի մարդիկ են դարձել հանրության համար:
-Այսօր, համայնքի մտավոր ներուժի՝ նախաձեռնող  խմբի հորդորով Նաղաշ Հակոբյանն առաջադրել է իր թեկնածությունը Գեղհովիտի ՏԻՄ ընտրություններում,-պատմում էին տեղաբանկները,-Համայնքում փոփոխություն են ցանկանում բնակիչները, երբեմն կատակով ասում են, որ թավիշն եկավ իրենց համայնքն ու շրջանցելով անցավ՝ առանց իրենց կարծիքը հարցնելու:
Նաղաշ Հակոբյանին հանդիպեցինք Գեղհովիտի ատամնաբուժարանում, որը կառուցված էր եվրոպական չափանիշներին համապատասխան: Մեր այն հարցին, թե ինչու՞ եք փորձում ստանձնել համայնքապետի բարդ ու ծանր լուծը, թեկնածուն ժպտալով պատասխանեց.
-Համայնքի բնակիչների խնդրանք- պահանջներով եմ առաջադրվել: Ես ունեմ համապատասխան գիտելիքներ ու փորձ, որով կկարողանամ զարգացնել ծննդավայրս: Տարիները սահում անցնում են, իսկ Գեղհովիտը մնում է նույնանուն հիմնախնդիրների մեջ թաղված՝ անիծված ու քշված մի վայր, որը սահմանակից է Մարտունի քաղաքին:Այստեղ խմելու և ոռոգման ջրերի մասին խոսելն ավելորդ է ու անիմաստ: Սա գեղհոտիտցու 21-րդ դարի ցավն է ու հոգսը: Տես՝ Տեսանյութը:
Համայնքի բնակիչների խոսքերով, թեև իրենց համայնքի գրեթե բոլոր տներում կոմունալ, կենցաղային խնդիրները լուծված են, սակայն ջրերի սակավության պատճառով մարդիկ նյարդայնանում ու հիասթափվում են: Նրանց խոսքերով, առաջադրվել են 6 թեկնածուներ և իրենք մոլորության մեջ են, թե ո՞վ է նրանցից ամենաարժանավորը:
_Եվ ո՞վ է,- հարցին, պատասխանում են՝ պայքարը գործողի Վարդան Պողոսյանի և համայնքի հարգված ատամնաբույժ՝ Նաղաշ Հակոբյանի միջև է: Ընտրությունը գնալու է ներկայի և ապագայի միջև:Կարծում եմ, որ համագյուղացիներս խոհեմ կգտնվեն ու կնտրեն ապագան,-զգուշավորությամբ խոսքը ձևակերպեց գյուղամիջում կանգնած միջին հասակի տղամարդը: