Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ. Սամվել Բաբայանի գրասենյակ

30/05/2019 12:49
Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ. Սամվել Բաբայանի գրասենյակ

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Մայիսի 29-ի գիշերը, ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում , այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։

Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը։ Մեզ հասած տվյալներով դրանք Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները։ Ի դեպ կրակողներից մեկը եղել է սպիտակ Տոյոտա Քեմրի ավտոմեքենայում, որը պատկանում է Բալայան Ալեքսեյին։ Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին։

Բազմիցս օգտվելով Արայիկ Հարությունյանի հովանավորչությունից, այս բանդայի կարկառուն պարագլուխներից Ռոլանդ Այդինյանը ազատվել է քրեական պատասխանատվությունից։ ՀՀ ԱԱԾ-ն այս առումով կարող է դիմել Արցախի Շահումյանի շրջանի ԱԱԾ կառույցին և նրանից պահանջել, թե ինչ քրեական պատասխանատվությունների է ենթարկվել տվյալ անձը, ինչու չի կրել այդ պատասխանատվությունը, և ում շնորհիվ են կառճվել բոլոր գործերը։

Քանի որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքի այդ հատվածում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին , հատկապես ՀՀ ԱԱԾ-ին , հետամուտ լինել այս բանդան գտնելու և չեզոքացնելու գործընթացին, այլապես այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ։ Քանի որ տղաները պատերազմ անցած և զինվորական կառույցներում աշխատած տղաներ են, նրանք ունեն բավականին լայն ու ընդգրկուն թիմ, և հաշվի առնելով Սամվել Բաբայանի գործոնը, նրանց հանդարտեցնելու վերջինիս ձկտումները, նրանց հակահարվածը միայն ժամանակի խնդիր է։

Մենք պարտավոր ենք տեղյակ պահել իրավապահ մարմիններին այս ոչ առողջ և հանցավոր մթնոլորտի մասին։ Իսկ եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում։ Արցախի բոլոր շրջաններում այսպիսի կազմակերպված բանդաները, որոնք հայտնի են իրենց հանցավոր գործելաոճով , ահ ու սարսափ են տարածում ազգաբնակչության մեջ։ Հասկանալով, որ այլևս հնարավոր չէ հին հանցավոր դիրքերը պահպանել, այսպիսի գործելաոճը ուղղում են երկրում վախի մթնոլորտը կայուն դիրքերում պահելուն։

Ի դեպ կան լուսանկարներ, որոնք կարող ենք ներկայացնել իրավապահ մարմիններին»։