<<Պայծի՛կ, հեռացի՛ր: Մարզպե՛տ, ԺՊ չնշանակե՛ք գողին: Չե՛նք լռելու >>,-պահանջում էին դպրոցի ծնողները

30/05/2019 00:00
<<Պայծի՛կ, հեռացի՛ր: Մարզպե՛տ, ԺՊ չնշանակե՛ք գողին: Չե՛նք լռելու >>,-պահանջում էին դպրոցի ծնողները

Մեր խմբագրությանն են դիմել Կոտայքի մարզի Քասախի թիվ 2 դպրոցի մի խումբ ծնողներ, ովքեր տեղեկացնում են մեզ, որ մեկ-երկու օրից լրանում է դպրոցի տնօրեն՝ Պայծառ Ղազարյանի  ղեկավարման պայմանագրային ժամկետը:
_Ձեր կայքի միջոցով, մեր ձայնն ենք ուզում հասցնել Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանին, ով ներկա պահին գտնվում է արձակուրդում, որպեսզի վերջինս ընդառաջի ծնողներիս  բողոքին և իր լիազորությունները կատարող Ավետիսյանին հրահանգի դպրոցի ԺՊ չնշանակել շարքային մի գողի, ով հարազատ, քրեական  անցյալ ունեցող եղբոր՝ Գեղամի հետ, դպրոցը վեր է ածել կռվի բարիկադների: Մի կողմում մուծվող ու քծնող ծնողներն են, մյուս կողմում արդարություն փնտրող, ըմբոստ ծնողներն են՝ խոցելի խավից:  Մեր երեխաները հիասթափված են դպրոցում տիրող անառողջ մթնոլորտից, որտեղ ցուցում են տալիս, թե  ո՞ր ուսուցչին հարգեն և  ու՞մ հիշոցներ տան: Դպրոց, որտեղ  երկրի հերոսին փնովում են, գողին ու մարդասպանին՝ փառաբանում,-զայրացած պատմում էին ծնողները,-  Պայծիկի թիկունքում վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանն է, իր անվտանգության աշխատակից, հորեղբոր որդու՝ Ղազար Ղազարյանի հետ միասին: ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան դպրոցի տնօրենի չարաշահումների մասին, սակայն տեղում մեխեցին  ստուգող պատկան մարմիններին: Այսպես ո՞նց կլինի, բա հեղափոխության համար ինչո՞ւ ելանք ու պայքարեցինք, մենք  հիմա չգիտենք ու՞մ դիմենք, ո՞վ կլսի մեր ձայն ու կբռնի Պայծիկի ձեռքը,- հուսահատ, իրար հերթ չտալով ասում էին մեզ դիմած ծնողները:


Զանգահարեցինք մարզպետի ընդունարան:
-Պրն մարզպետն արձակուրդ է վերցրել, նա այս պահին Աբովյան քաղաքում է,  նախընտրական պայքարի մեջ է <<Իմ քայլը>> դաշինքի անդամ Գրիգոր Գուլյանի հաղթանակի համար,-պատասխանեցին ընդունարանից,- իսկ պրն. Ավետիսյանն էլ տեղում չէ:


Մեզ դիմած ծնողների բողոքի իրական պատկերն ստանալու համար  Քասախի հանրության լայն շրջանակներում բլից հարցումներ արեցինք ու ստացանք հետևյալ պատկերը: Այն ներկայացնելուց առաջ,արձանագրենք, որ  բնակիչների ներկայացած տեսակետները ներկայացնում ենք առանց խմբագրման:


-Պայծառի դպրոցը կառուցված, վերանորոգված է, բայց մեջը հիվանդ է, դասատուներն իրար հետ յոլա չեն գնում: Էրեխեքը գալիս են տուն ու դասատուների ձևերը անում ու ծիծաղացնում մեզ: Քյասա՝ փուչ դպրոց է էլի, լավ կլներ մեր  էրեխեքին դպրոցում  լացացնեին, սովորեցնեին, քան թե գային ու ձեռ առնեին դասատուներին ու Պայծառին,-ասաց  սննդի առևտրի   մարկետի վաճառողուհին:


-Պայծառը, 88-ի շարժման տարիներին , ՀՀՇ-ի, Լևոն Տեր- Պետրոսյանի կողքը կանգնած հրապարակի վրա ցույց էր անում, որ սովետը քանդվեր: Քանդելուց հետո պսակվեց եղվարդցի Լյովայի անունով մի տղայի  հետ,-պատմեց տարեց մի տղամարդ,-հետո յոլա չգնաց հետը, արդեն  ուներ մի տղա երեխա: Պայծառի ախպորը, Քասախում շուստրի, մարդասպան՝ Գեղամ են ասում: Հարևան, Պռոշյանում մարդ սպանեց, բայց Մանուկն իր վրա վերցրեց, գնաց նստեց,հիմա էլ գերեզմանում է, օղորմի իրան: Մի օր էլ լսանք, որ Գեղամը քոմակ է կանգնել քրոջն ու բաժանել տվել մարդուց ու ծախել է տվել քրոջ՝ Պայծառի տունը՝ 5 հազար դոլարով: Էդ փողը քրոջից խլել է ու կռիվն ընկել էր քուր ու ախպոր մեջ: Պայծառն ապրում էր գեղի քուչում դրած մի դոմիկում: Մարդիկ խղճում պեչքի տրուբեք  ու ուտելիք էին տալիս, որ վառեր, կերցներ, իր էրեխուն պահեր,-պատմում էր մեր զրուցակիցը,-մի օր էլ գյուղը շուխուռ ընգավ, որ Գեղամը փող ա տվել մարզպետին ու քրոջը նշանակել տվել դպրոցի դիրեկտոր: Քվիտ է եղել քրոջ հետ, հասկացա՞ր: Բոլ շուստրի տղայա հա…հմի, դպրոցի վլասն իրա  բռի մեջ ա: Ով դասատու ուզենա աշխատի պտի գնա Գեղամի դուռը….,-ծոր տվեց ալեհեր քասախցին,-էսքանը բո՞լ չի:


-Ցավում եմ, որ թիվ 2-րդ դպրոցի անունը հոլովվում է որպես նեգատիվ դպրոցի, ես այդ դպրոցն եմ ավարտել,-ասաց մի երտասարդ աղջիկ,- Ամեն ինչ սկսվեց դպրոցն անվանակոչված, նահատակված հերոսի՝ Արկադի Հովհաննիսյանի դստեր, նախկին տնօրենի հեռացումով: Քասախում ծանր տարան այդ լուրը, որովհետև բոլորս ուրախացել էինք, երբ ընկեր Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ նախկին նախագահ՝ Սերժ Սարգսյանին ու դպրոցը ներառվեց  հրատապ, պետական ծրագրում ու հիմնահատակ կառուցվեց: Հետո, եկավ Պայծառ Ղազարյանն ու դրեց իր դիրքը՝ հեռացնելով դպրոցից հերոսի դստերն ու մորը: Սա շատ վատ արձագանք գտավ համայնքում: Ու մինչ օրս շարունակվում են այդ վեճերը: <<Դպրոցը ձեզ համար գերեզմանոց չէ>>,-ասել է տնօրենը Հովհաննիսյան գերդաստանին: Կարծում եմ, սա շատ տխուր է ու ոչ արդարացի,-ավարտեց խոսքը մեր զրուցակիցը:


-Բիզնե՛ս է, բիզնե՛ս, Գեղամը փողի հոտն առել է, ո՞նց կթողի, որ Միքոն մոտենա:
-Միքոն ո՞վ է,-հարցրեցի քարին նստած մարդուն:
-Զոհված Արկադիկի տղեն ա, Միքայելը, ՊՆ-ում  ա աշխատում: Հոր համար բազալտե քարեր էր բերել դպրոցի բակ, հոր կիսանդրու կողքերը շարելու համար, քյոփողլի Գեղամը վերցե բազալտը բիսետկայա սարքել, ու հիմա  իր կոդլով բլոտ են խաղում:


-Ես չգիտեմ, ինձ բան մի հարցրեք, գործ չունեմ ես դրանց հետ,-ասաց մի կին, որի  երեխան լացում ու մոր ձեռքը քաշելով՝ պաղպաղակ էր խնդրում մորից:


Հ.Գ.  1 ՀՀ ԿԳՆ լուրջ  գործ ունի Քասախի թիվ 2-րդ դպրոցում, այլապես դդում գլուխն արդարացված է Արայիկ Հարությունյանի համար:
Հ.Գ. 2 Կրկին անգամ, պատկան մարմիններին հիշեցնում ենք  այս դպրոցի տնօրենի չարաշահումների մասին, որոնք բարձրաձայնվել են մեր կայքում ու մնացել ձայն բարբառո հանապատի:

Հ.Գ 3 Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, վստահ ենք, որ չի տիրապետում մարզի դպրոցների ամենաթողությանն ու թալանին:Կոտայքի իշխանիկին  անվճար նվիրում ենք այս հայելի-հոդվածը, որտեղ արտացոլված է դպրոցի ղեկավարի մարդկային նկարագիրը, ում ուսերին է այսօր դրված, մեր երկրի անվտանգության երաշխավորի դերը՝ սերունդներ դաստիարակելու սուրբ ու պատասխանատու գործը:
 

Նարինե Հասրաթյան