ՏԻՄ ընտրություններ Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում

23/05/2019 12:27
ՏԻՄ ընտրություններ Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում

Տեսանյութում Գեղհովիտի համայնքի ղեկավարի թեկնածու Նաղաշ Հակոբյանն է .

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում հունիս 9-ին կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Գրանցվել են վեց անկուսակցական թեկնածուներ՝ գործող գյուղապետ Վարդան Պողոսյանը, համայնքի ավագանիներից` Մակիչ Իսպիրյանը, Նաղաշ Հակոբյանը, Գեղհովիտի նախկին համայնքի ղեկավար Ուրարտու Սաֆարյանը, Սերոբ Սարգսյանը եւ Տիգրան Սուքիասյանը։

Ըստ տեղացիների, վերը նշված թեկնածուները իրար բարեկամներ են, ինչը չի խանգարում, որպեսզի թեկնածուներն ակտիվ քարոզարշավներ անցկացնեն համագյուղացիների շրջանում։ Գյուղում բնակիչների հետ զրույցների ընթացքում՝ պատմելով իրենց դժվար կյանքի հանգամանքների մասին, մեկ մարդու նման նույնաբովանդակ ցանկություններ էին հայտնում։

-Աշխատանք չունենք, սա ապրել չի կոչվում։ Ով էլ ընտրվի գյուղապետ, ախր դրանով հարց չի լուծվում, մինչեւ մարդկանց աշխատատեղեր չապահովվի պետությունը, մեր վիճակը չի լավանա։ Գյուղերում հող մշակելով էլ չենք կարողանում մեր երեխաների ամենաչնչին կարիքները հոգանք։ Հիվանդ վիճակով գնում ենք դաշտերում օրավարձով աշխատում, որ գոնե օրվա հացի հարցը լուծենք,-պատմում էին գյուղում մարդիկ։

Գեղհովիտում մարդիկ իրենց գյուղի խնդիրների եւ ձեռքբերումների մասին խոսելիս  տեղեկացրին, որ համայնքապետարանը խոստացել է, որ տարեվերջին ավարտին կհասցնի <Քռա> թաղամասի ջրատարի գլխամասի կառուցումը, ոռոգման առուների նորոգման աշխատանքները։ Առաջին փողոցի, ինչպես նաեւ 5-րդ, 6-րդ նրբանցքների ասֆալտապատման համար եւս համապատասխան քայլեր կձեռնարկվեն։ Մի շարք  փողոցներ կխճապատվեն, նախատեսված է <Լեռնակերտ> թաղամասի  40 աշակերտների համար նոր դպրոցի կառուցման ծրագիրը։Թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի 600 աշակերտների համար կհիմնանորոգվի դպրոցական շենքը, թիվ 1-ին դպրոցի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները եւս կյանքի կկոչվեն առաջիկայում։

Թեկնածու Նաղաշ Հակոբյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, Գեղհովիտում ստեղծել է իր սեփական ատամնաբուժական կլինիկան։ Ն․ Հակոբյանի բժշկական գործունեությունից գոհ էին մարդիկ, քանի որ վերջինիս վերաբերմունքը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ հոգատար է։

-Գրագետ, պիտանի մարդ է մեր բժիշկը։ Նեղն ընկած մարդկանց դրության մեջ մտնում է, խեղճ ընտանիքներին ընդառաջում է բժշկելուց, դա պահելու բան չի, որ չասենք,- ասում էին գեղհովիտցիները։

Նույն մարզի Ծովասար համայնքում, նույնպես, հունիսի 9-ին  մարդիկ հնարավորություն կունենան կրկին համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել։ Անկուսակցական գործող գյուղապետ՝ Արտաշես Մխիթարյանի մրցակիցը Մարտունու ԳԳՄ հսկիչ Բաբիկ Հակոբյանն է։ Ծովասարում մարդիկ կատակելով ասում էին, որ գյուղում մնացել են ընդամենը յոթ տղամարդ, քանի որ տղամարդիկ հիմնականում մեկնել են արտագնա աշխատանքի։

-Մեր գյուղում շատ գործեր են արվել, մենակ մանկապարտեզ չունենք, էն էլ խոստացել են, որ շուտով  գործող մանկապարտեզ էլ կունենանք։ Գյուղում խաղաղ են անցնելու ընտրությունները, ծովասարցիները կողմնորոշված են, գյուղում մարդ չի մնացել դուրս են եկել աշխատելու, մնացել են յոթ տղամարդ/կատակում են մեր զրուցակիցները/։ Ջահելներն էլ են դուրս եկել, որ չգնան դուրս էլ ապրելու ճար չեն ունենա, կանայք էլ թեկուզ ծանր աշխատանք   ՝ իրենց դաշտերի գործերը կանեն, որ ընտանիքները հասցնեն գոյատեւեն։ Մեր գյուղապետը՝ Մխիթարյանն էլ երիտասարդ մարդ է, բայց իր գործը լավ գիտի, մեծի հետ մեծ է, փոքրի հետ փոքր, իր ղեկավարած տարիների լավ աշխատանքները շատ են Ծովասարում,-կարծիքներ էին հայտնում համայնքաբնակները։