Ցածր միավորներ հավաքածը՝ մանկատան տնօրեն

23/05/2019 11:13
Ցածր միավորներ հավաքածը՝ մանկատան տնօրեն


«Մարի Իզմիրյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում լարվածությունն ու անորոշությունը գագաթնակետին է հասել: Թեժացած կրքրեն, այստեղ էլ են շիկանում:

Տնօրենի թափուր պաշտոնի համար մանկատանը մայիսի 17-ին կայացած մրցույթին մասնակցել է 10 մարդ: Երկրորդ փուլ են անցել կառույցը 10 տարի ղեկավարած, կոլեկտիվի, երեխաների սերը, հարգանքն ու վստահությունը  վայելող, աշխատանքային հարուստ փորձ կուտակած, մասնագիտական որակներով օժտված Լիաննա Մանվելյանը նաև Կարեն Ավագյանի, Արմեն Աշոտյանի դրածո Լիլիթ Հակոբյանը:

Վերջինիս, ի դեպ, որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մանկատուն են բերել 2017թ.-ի նոյեմբերին, այն դեպքում, երբ ժամանակավոր պաշտոնակատար արդեն եղել է: Կոպտորեն խախտելով աշխատանքայի օրենսգրքի մի շարք հոդվածներ, փաստորեն ժ/պ-ի «գլխին» ժ/պ են բերել:

ՀՀԿ-ի դրածո, կառավարման փորձ չունեցող, 10 տարվա սոցաշխատողի ստաժով Լիլիթ Հակոբյանը առաջնորդվելով «իմ դեմ խաղ չկա» սկզբունքով, կարճ ժամանակում աշխատանքից ազատեց մանկատան 25 աշխատակցի: Առանց հիմնավոր պատճառաբանության ու բացատրության, պարզապես ստիպեց, որ աշխատանքից ազատման դիմում գրեն:

Չլինելով մասնագետ, չունենալով անհրաժեշտ կարողություններ, Լիլիթը մասնակցեց մանկատան տնօրենի մրցույթին, այս ամենը նախապես մշակված սցենարի բաղկացուցիչ մաս էր կազմում:

Թեստի լուծման ժամանակ, նրան նստեցրել են այն սեղանի մոտ, որտեղ համակարգիչ է եղել դրված ու միացված, արդյունքում «արտոնյալ» տիկինը հավաքել է 100 միավոր, հարցազրույից՝ 69:

Լիաննա Մանվելյանը թեստից հավաքել է 98, հարցազրույցից 75 միավոր: Արդյունքում 4 միավոր ավելի՝ քան մրցակիցը:

Անհասկանալի է, թե մաթեմատիկական այդ որ հաշվարկներով են առաջնորդվել կամ ողջամիտ այդ որ տրամաբանությամբ, որ տնօրեն բառը ո գրող, փոխտնօրենը առանձին գրող (կցված է) Լիլիթին, ով հիշեցնենք, հրամաններ արձակելիս եղել է ընդամենը տնօրենի պաշտոնակատար, մինչդեռ գրությունները մակագրել է  արդեն որպես տնօրեն, ցանկանում են ամեն գնով մանկատան տնօրեն կարգել:

Մանկատան տնօրենի բաղձալի աթոռը տենչող տիկինը խմբեր չի մտնում, երեխաների հետ չի շփվում: Մի դեպքում զզվում է, մեկ այլ դեպքում վախենում վարակներից:

Այս ամենից գուցեև անտեղյակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Զարուհի Բաթոյանի թեթև ձեռքով, հոգատարության ու նվիրումի կարիք ունեցող մանկատունը սկուտեղի վրա մատուցվում է անհոգի ու ինքնասիրահարված մեկին:

Նշենք, որ Լիլիթ Հակոբյանը այս տարվա հունվարի 25-ին կալանավորված Արմեն Հայրապետյանի կինն է: «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, ում մեղադրանք էր առաջադրվել մի շարք չարաշահումների և խախտումների համար, ըստ լրատվամիջոցների խոսքը մոտ 110 մլն դրամի յուրացման մասին է:

Այս ամենից հետո, ինչպե՞ս հավատալ հեղափոխությանը, երբ նորերը շարունակում են հների գործելաոճով, երբ պարտաճանաչ, բարեխիղճ, հոգատար, սրտացավ, գործի գիտակ տնօրենը փոխարինվում է նախկին ռեժիմի՝ ՀՀԿ-ի կադրով:

Ժամանակը հենց նրա համար է, որ «քայլ» անելուց առաջ մտածեք, որ գործելուց առաջ ծանրութեթեւ անեք...

Մի մոռացե´ք, անչափ խոցելի կառույցի տնօրեն եք նշանակում մի մարդու, ով հանուն սեփական շահի, ոտնատակ կտա ամենքին ու ամեն ինչ...


Մանկատան հետագա ճակատագրով մտահոգ՝ Ալինա Մինասյան