Ուսադիրներով շանտաժ

20/05/2019 12:05
Ուսադիրներով շանտաժ

HZHAM.am կայքի օգնությանն է դիմել  Գյումրիի բնակչուհի Անահիտ Մաթեւոսյանը՝ տեղեկացնելով, որ Գյումրու Պարույր Սեւակի 15 շենքի 6 բնակարանի սեփականատերն է։ Իր բակի ծառերը էտելու համար դեռեւս տարեսկզբից գրավոր  դիմումներով համապատասխան մարմիններին տեղեկացրել է, որ թույլատվություն տան, օրենքի սահմաններում,  ծառերի էտում կազմակերպել:


Դիմումները ուղարկվել են  քաղաքապետարան, ինչպես նաեւ քաղաքի բոլոր պատասխանատու  կառույցներին։ Որից հետո Գյումրու համայնքապետարանից գրավոր պատասխանել են, որ վերջինիս հասցեագրված N.5050 դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ նշված ծառերի հատումն արգելվում է՝ բայց թույլատրում ենք կատարել էտում՝ ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության գործող բնապահպանական նորմերով։ 

Սակայն, ըստ մեզ դիմած Ա․ Մաթեւոսյանի, նույն հասցեի չորրորդ հարկում բնակվող, նախկին ոստիկանության բաժնի պետ Գրիշա Եպիսկոպոսյանը եւ իր ընտանիքի անդամները աղմուկ են բարձրացնում՝ ասելով, որ դրանք ապօրինի ծառահատումներ են, որից հետո ոստիկանություն են ահազանգում։  

Տարածքի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ պարզվեց, որ վերը նշված նախկին պաշտոնյան հարեւաններից ստորագրություն է հավաքում, որպեսզի թույլ չտան առաջին հարկում բնակվող կազմակերպել ծառերի էտում:

-Նախկին միլպետը  դեռ չի հաշտվում են մտքի հետ, որ ինքը նախկին է, պրինցիպներով է առաջնորդվում։ Միշտ ասում է, որ ինքը պրինցիպի է ընկել ու չպետք է թույլ տա, որ էդ ծառներին կպնեն։ Սաղ թաղի վրա ճնշումներ է անում, խեղճ ու թշվառ մարդիկ դեռ նակխինից էլ են վախենում, էնքան է ժամանակին մարդկանց վախեցրել ու արհեստական պռոբլեմներ ստեղծել թշվառ մարդկանց համար։ Գիդե հիմա էլ է ինքը միլիցա, ում հետ ինչխ ուզե կվերաբերվի։ Թող իրա ապօրինի խանութների մասին խոսա,-պատմում են թաղամասի բնակիչներն ու մատնացույց անում նախսկին ոստիկանի ապօրինի գործող խանութը։


Երբ փորձում էինք ծառերի էտում կատարողից ճշտել, թե ովքե՞ր են խոչընդոտներ ստեղծում աշխատանքների համար, չորրորդ հարկից Գրիշա Եպիսկոպոսյանի աղջիկը հեռախոսը ձեռքին դուրս եկավ եւ դիմելով ներքեւում գտնվողներին սպառնաց․ «Դե հմի դուք ձեր հալը կտեսնեք»։

- Եւ սա առաջին դեպքը չէ, իրանք էդպես են սովոր իրանց հարցերը լուծեն,- պատմում էին մարդիկ։

Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ լրագրողներիս հեռանալուց հետո ոստիկաններ են եկել տարածք եւ հայտնել, որ Եպիսկոպոսյանի ընտանիքը դիմում բողոք է ներկայացրել... HZHAM.am-ը հետեւողական է լինելու, որպեսզի քաղաքացու իրավունքները վերականգնվեն, եւ վերջապես սեփական բակի ծառերը էտելուց հետո, առաջին հարկում բնակվող ընտանիքն էլ կարողանա օգտվել արեւի լույսից: