Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանեցին դատարան

16/05/2019 17:08

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:

Երեկվա նիստում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանն ինչպես նաև խմբի մյուս անդամները միջնորդությամբ հանդես են գալիս այսօր:

Քիչ առաջ դատարան ժամանեցին Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Նրանց դատարանի դահլիճում քաղաքացիները դիմավորեցին ծափահարություններով։

Մինչ այդ դատարան էր ժամանել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այսօր ևս դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում։