Դատախազը հրաժարվեց մեղադրանքից. Լրագրողներն արդարացվեցին

07/05/2019 13:22
Դատախազը հրաժարվեց մեղադրանքից. Լրագրողներն արդարացվեցին

Այսօր, ժամը 10:30-ին, Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, ավարտվեց «Հայկական Ժամ» կայքի խմբագիր՝ Աննա Գեւորգյանի, լրագրող՝ Հերմինե Մանուկյանի եւ Գայանե Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը (ԵԱՔԴ/0098/01/16):

Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը, ապացույցներ եւ մեղդրանքի հիմքեր չունենալու պատճառաբանությամբ հրաժարվեց մեղադրանքից: Ինչից հետո դատավոր Ա. Հովհաննիսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ կայացրեց արդարացման դատավճիռ:

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ 2015թ-ի նոյեմբեր ամսից, ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանը դիմել է ոստիկանություն՝ կնոջ եւ ընտանիքի համբավը վերականգնելու համար, ինչից հետո «Հայկական Ժամ» կայքի խմբագրի եւ լրագրողների դեմ սուտ մատնության հատկանիշներով քրգործ հարուցվեց, այնուհետեւ, ինչպես Քննչական կոմիտեի ավագ քննիչ Ա. Կարապետյանն էր ասել՝ «գործին մի հատ էլ շորթման գործ ենք ավելացնելու, որ սուտ մատնության գործը դատարանը չմերժի»: Սեյրան Օհանյանի ականջներով այս երկու շինծու քրեական գործերը հարուցվել էին՝ լռեցնելու լրագրողներին եւ նրանց վարկաբեկելու համար, որի միջոցով Սեյրան Օհանյանը օգտագործելով վարչական ու պետական ողջ ռեսուրսը, փորձ էր անում լռեցնել լրագրողներին եւ իր կնոջ տարածված անբարո համբավի մասին խոսակցությունները:

Դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում, որից հետո մեր ընթերցողներին կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին: