«Արսենալ»-ը կորցրե՞լ է լավագույն քառյակում հայտնվելու հնարավորությունը

06/05/2019 16:21
«Արսենալ»-ը կորցրե՞լ է լավագույն քառյակում հայտնվելու հնարավորությունը

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի կարծիքում «զինագործները» կորցրել են հնարավորությունը Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում ընդգրկվելու համար:

 Էմերիի խոսքով Անգլիայի առաջնության 37-րդ տուրի «Բրայթոն»-ի դեմ խաղում «զինագործներն» արժանի էին հաղթանակի: «Մենք ամեն ինչ արեցինք, լավագույն քառյակում հայտնվելու համար, սակայն բաց թողեցինք հնարավորությունը: Այս խաղից հետո մեր նպատակը մեկն է` հաղթել Եվրոպայի լիգայում: Այս կերպ մենք կկարողանանք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել»,-ասել է Էմերին:

 Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը մրցեց «Բրայթոն»-ի հետ: Խաղի մեկնարկից 9 րոպե անց «Բրայթոն»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն «Արսենալ»-ից անվրեպ իրացրեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Երկրորդ կեսի 61-րդ րոպեին տեղի ունեցավ հակառակը, «զինագործները» խախտեցին կանոները տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածը «Բրայթոն»-ից դիպուկ իրացրեց Գլեն Մարեյը:

Հանդիպման հետագա զարգացումների ընթացքում «Արսենալ»-ը և «Բրայթոն»-ը չօգտագործեցին իրենց հնարավորությունները և խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում մնաց նույն 5-րդ տեղում: