«Թեփը ցորենից թանկ է, ու՞մ բողոքում ենք դրանք էլ խուլ ու համր են դարձել»

02/05/2019 16:25
«Թեփը ցորենից թանկ է, ու՞մ բողոքում ենք դրանք էլ խուլ ու համր են դարձել»

ՀՀ մարզերում,  համայնքների միավորման ծրագրի մասին խոսակցությունները  մարզերի բնակչության համար բուռն քննարկումների թեմա են դարձել։ Օրինակ բերելով խորհրդային տարիների ձեւաչափը, Արթիկի տարածաշրջանում մարդիկ կարծիքներ են հայտնում, հիշելով, թե ինչպես Սովետական Հայաստանում Արթիկ քաղաքը սահմանամերձ գյուղերով մեկ միավորի՝ շրջանայինի կարգավիճակում էր ու ոչ ոք դժգոհ չէր։ Արթիկ քաղաքի հետ միասին համաչափ զարգանում էին նաեւ սահմանակից 23 գյուղական բնակավայրերը։

-Արթիկը վարչական շրջան էր, գյուղերում էլ գործում էին գյուղսովետները։ Արթիկում էր կենտրոնացած բոլոր պետական կառույցները, հիմա էլ նույնն է, է թող միավորեն, մեզ չի խանգարում։ Ինչի հարցերի հարցը է՞դ է, թե՞ ժողովրդի թշվառ վիճակը։ Կոլեկտիվ աշխատանք կա՛ր, աշխատատեղեր կայի՛ն, հիմա դառը աղքատության մեջ ենք հայտնվել։ Քյասիբությունից ու նեղությունից մարդիկ խելքները թռցրել են, չարացել իրար դեմ։ Կամ ո՞վ էր հաշվի առնում, թե գյուղերը ով ում հետ է, կարեւորը մարդիկ լավ ապրեն, գործ ունենան, զգան, որ պետությունը իրենց  թիկունքին է։ Հիմա մեկ գլուխ գյուղերի միավորումից են խոսում, փոխանակ ժողովրդի հացի խնդիրը լուծեն, մարդիկ հիվանդ ու անպաշտպան ընկած են, դրա մասին թող մտածեն։ Ստիպված հայրենի ենք  <դավաճանում> ուրիշ երկներ գնալով,-կարծիքներ են հայտնում մարդիկ։ 

Ոմանք էլ հակադարձելով այն հնչեցրած կարծիքներին, որ ապրելը մարզերում շատ դժվարացել է, ասում են։ 

-Համայնքերի միավորմում թող չանեն,  համայնքի ղեկավարը երկու ընտրաշրջանի մասնակցի, ոչ թե ցմահ առաջադրվի ու ընտրվի, օրենսդրական սահմանափակում մտցնեն ՏԻՄ օրենսգրքում։ Շուտով ընտրություններ կլինեն ու շատ երկարամյա գյուղապետեր էլի վերընտրվելու են, մարդիկ լավ են աշխատել, ժողովուրդը ընտրելու է։ Էդ գյուղապետն ի՞նչ պետք է անի, հո անաշխատանք չի մնա, կասի օրենքը թույլ է տալիս, ես էլ կմասնակցեմ ու էլի կնտրվեմ։Քանի կար ասում էին՝ լավ չենք ապրում, Սաշիկը, Սերժը, Ռոբերտը, հիմա էդ բոլորը գնացել են, բայց էլի տարբերություն չենք զգում ոչ խոզի մսի գինի, հացի, ոչ էլ վառելիքի ու պարարտանյութի գներն են իջել։ Թեփը ցորենից թանկ է, ու՞մ բողոքում ենք դրանք էլ խուլ ու համր են դարձել։է խավարը անիծելով ո՞ւր պետք է գնանք հասնենք, ու հետո հո միայն  իշխանություններին մեղադրելով չի։

-Մեր ժողովուրդը էսպես վուլգար կյանքով երբեք չի ապրել, բայց էլի դժգոհ են, մեռելը թաղելուց մինչեւ գերեզմանները վարդեր ու մեխակներ շաղ կտան, կամ յոթ տարի անց ասում են հերս մեռել է գնանք ծնունդ է ու թանկանոց տորթ կառնին։ Բայց իր հոր կենդանության ժամանակ հաստատ տորթ առածի չի եղել,- իրար լրացնելով կարծիքներ են հայտնում արթիկցիները,-Կամ ո՞վ էր լսել, որ նախկինում հայկական հարսանիքներում 600 հոգի հրավիրվեր, վարկ կվերցնեն, որ ճոխ հարսանիք անեն, իմաստը՞։ Գնացեք Ֆրանսիա՝ 10 ֆրանսիացու ձեռքի այֆոնի վերջին վիպուսկի հեռախոս չեք տեսնի, իսկ էստեղ գնա ամեն տուն մի քանի հատ այֆոն ունի։ Որ ասես հողդ վարի, կասի փող չկա, բայց ձեռքի հեռախոսի գնով  մի քանի տարի կարա վարի ու ցանի իր հողերը: 

- Ամեն հայի ընտանիք պետք է ամենաքիչը չորս երեխա ունենա, որպեսզի մեր ազգը շատանա, եթե հարգում ենք եղեռնի զոհերի հիշատակը, ապա պետք է ազգը բազմացնենք, ազգը պետք է շատանա, երիտասարդանա։ Մեր եկեղեցին պետք է հզորանա, էն օրը եկեղեցում, երբ հոգեւոր հայրը խոսում էր, շատերը քամահրանքով էին վերաբերվում հոգեւորականի խոսքերին։ Նույնիսկ Հայ Եկեղեցու պատմություն առարկան են ուզում դպրոցներում արգելել, դա սխալ է, իսկ իմ կարծիքով ոչ թե պետք է հանեն, այլ այդ առարկան, պետք է եկեղեցու սպասավորները դասավանդեն դպրոցներում։ Մենք ուրիշների սխալները նայելով պետք է ուղղենք մեր սխալները, խայտառակություն է, երբ նայում ենք, թե ինչպես են մեր Սուրբ Առաքելական եկեղեցու դեմ ոտնձգություններ կատարում։ Դա խայտառակություն չի, ի՞նչ է,-իր տեսակետն է հայտնում Գուրգեն անունով մեր զրուցակիցը։